Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԱՅ

Մարտ 11,2006 00:00

«ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐՈՒՄ»՝ ԻՆՉՊԵՍ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ Այսպես որակեցին նախագիծը մասնակիցներից շատերը «Առավոտը» տեղեկացրել էր «Շանթ» հեռուստաընկերության նախաձեռնած «Հայ սուպերսթար» մրցույթի՝ Գյումրիում եւ Վանաձորում կայացած նախընտրական փուլերի մասին, տպագրել մասնագետների խոսքը համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությանը պատկանող նախագծի Հայաստանում անցկացնելու մասին: Մարտի 3-4-ին լսումները կայացան Երեւանում եւ հարակից շրջանների երիտասարդության համար: Մինչ օրս «Առավոտը» ստանում է հեռախոսազանգեր, նաեւ այցելում են երեւանյան փուլի մասնակիցները, որոնք իրենց դժգոհությունն են հայտնում հատկապես մրցույթի կազմակերպչական աշխատանքների առիթով: Ռազմագերիների ճամբարների կյանքին TV-ներով ու գրականությունից ծանոթ երիտասարդները զուգահեռ են անցկացնում «Ա. Բաբաջանյան» համերգասրահում կայացած երեւանյան լսումների հետ: Յուրաքանչյուր դժգոհություն սկսվում էր այսպես. «Մասնակիցներիս բաժանված թերթիկներում, չգիտես ինչու, նշված էր՝ կտրամադրենք տաք, փափուկ աթոռներ»: Ըստ մեր զրուցակիցների, նշվածի փոխարեն սառը աստիճաններին նստելու համար իրենք օգտագործել են սեփական թաշկինակները: Բայց դա չարիքի փոքրագույնն է: Համերգասրահում այդ օրերին փակ են եղել զուգարանները: Ինչպես իրենք են նշում. «Առավոտվա ժամը 10-ից մտանք համերգասրահ եւ դուրս եկանք ուշ երեկոյան: Փակ էր նաեւ համերգասրահի մուտքի դուռը եւ, պատկերացնո՞ւմ եք, այդքան ժամերի ընթացքում մենք անգամ զրկված էինք ջուր խմելու ու զուգարան գնալու մարդկային տարրական հնարավորությունից: Մինչդեռ ժյուրիի անդամներն ու «Սուպերսթարի» կազմակերպիչները երկու անգամ ընդմիջում արեցին: Կազմակերպիչների թվում խղճով մի աղջիկ էլ կար, որը մեզ բերեց մի քանի աթոռ ու ջուր, խնդրելով, որ իր՝ «բարերարի» անունը չհայտնենք ժյուրիին»: Նկատենք, որ մի քանի աթոռին չէին կարող տեղավորվել շուրջ հազար մասնակիցները: Երիտասարդները նեղսրտեցին նաեւ ժյուրիի կողմից թույլ տրված անարդարությունների առիթով: Օրինակ, երբ 245 համարի մասնակցի մոտ հնչել է բջջայինի զանգը, մրցույթի մենեջեր Էրիկ Անթառանյանը նրա ձեռքից խլել է կտրոնը ու դուրս հրավիրել: Կամ՝ վաղօրոք հայտարարված մրցույթի այն պայմանը, թե յուրաքանչյուր մասնակից կարող է հանդես գալ ցանկացած, այդ թվում՝ օտարալեզու երգով, չգիտես ինչու, կես ժամը մեկ փոխվում էր. մեկ պահանջում էին երգել հայերեն, մեկ ռուսերեն եւ այդպես շարունակ: Տեղեկացանք, որ մրցույթին մասնակցել են Երեւանի պետկոնսերվատորիայի, Երգի պետական թատրոնի եւ երեւանյան պրոդյուսերական կենտրոններում ուսանող երիտասարդներ: Մեր զրուցակիցները վրդովված էին հատկապես Երգի պետական թատրոնից մասնակից Գուրգենի առիթով (ազգանունը չհիշեցին): Ըստ նրանց, Գուրգենը հիանալի կիթառահար է եւ լավ էլ երգում է. «Էրիկը (նկատի ունեն մրցույթի մենեջերին- Ս. Դ.) Գուրգենին ասաց՝ եկել ես այստեղ, որ քեզ փչացնե՞ն, լավ ֆլամենկո ես նվագում, գնա գործդ շարունակիր»: Պարզեցինք, որ նույնիսկ եղել են մասնակիցներ, որոնք Գյումրիում, Վանաձորում մասնակցելով ու ժյուրիի հավանությանը չարժանանալով, իրենց «փորձել» են երեւանյան փուլում: Դժգոհություն կար նաեւ ժյուրիի անդամների վերաբերմունքի առումով: Անգամ եղել են մասնակիցներ, ովքեր պարզապես վախեցել են կանգնել ժյուրիի առջեւ: «Մարդու արժանապատվությունը նսեմացնող, էլ չասենք՝ ոչնչացնող արտահայտություններ էին անում ժյուրիի անդամները: Օրինակ, ի՞նչ է նշանակում «ի՞նչ ես ցցվել» կամ՝ «ի՞նչ ես սոված աչքերով նայում»: Հետաքրքիր է՝ նրանք չգիտեի՞ն, որ մենք ժամերով սպասելուց իրոք հոգնել էինք եւ նաեւ սոված էինք»,- նեղսրտեցին խմբագրություն այցելած մի քանի մասնակիցներ: Վերջիններիս հավաստմամբ, TV-ով հեռուստահանդիսատեսին հրամցվող կադրերի համար «դրեսերովկա» էին անում, շարունակ ասելով՝ ժպտացեք, ձեւ արեք, իբր փորձում եք ներս մտնել ժյուրիի սենյակ, ու նման բաներ: Որոշ մասնակիցներ էլ մեզանից չթաքցրին, որ իրենք տեսնելով այս նախագծի «Նարոդնի արտիստ» ռուսաստանյան տարբերակը, գնացել էին պարզապես մասնակցելու ու «գրանցելու», թե մեր հայկականը ինչ նմանակումներ է անելու ռուսաստանյանին: Ոմանց փոխանցմամբ, Է. Անթառանյանը «չանցածներին» հույս է տվել, թե գնացեք ու լավ պատրաստվեք սեպտեմբերին երկրորդ անգամ կայանալիք «Հայ սուպերսթարին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել