Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«ԱՐՎԵՍՏԻ

Մարտ 11,2006 00:00

«ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒԿԱՆ ՍԱՂՄՆԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է» Համոզված է «Արամե» պատկերասրահի հիմնադիր եւ տնօրեն Արամ Սարգսյանը Երեւանում ընդամենը 7 մասնավոր պատկերասրահ կա: Դրանցից միայն «Արամեն» է երկու անգամ մասնակցել Նյու Յորքի Արտ-էքսպոյին: Մեր հանրապետությունում սակավաթիվ պատկերասրահները, Ա. Սարգսյանի կարծիքով, եղանակ չեն ստեղծում: – Մի՞թե 7 մասնավոր պատկերասրահը քիչ է Երեւանի համար: – Մասնավոր պատկերասրահները քիչ են, որովհետեւ չկա համապատասխան վերաբերմունք եւ հետաքրքրություն արվեստի հանդեպ: Կա այդ խնդրի 10-15 պատճառ, գուցե դրանց մեջ նաեւ՝ սոցիալական ու քաղաքական, բայց գլխավորը տվյալ դեպքում արվեստի հանդեպ համապատասխան ուշադրության բացակայությունն է: Մեր հասարակության մեջ քիչ չեն հարուստ մարդիկ, բայց ունենք ոչ թե հարուստ մարդկանց, այլ ճաշակի պակաս: Ցանկացած հասարակության մեջ իրենց հարգող մտավորականներն ու բիզնեսմենները անպայման ունեն արվեստի այնպիսի հավաքածու, որը համապատասխանում է իրենց նյութական եւ սոցիալական վիճակին: Մեզ մոտ մատների վրա կարելի է հաշվել լուրջ կոլեկցիոներներին… Մեր պատկերասրահից նկարներ գնողների հիմնական մասը սփյուռքահայերն են եւ շատ քիչ թվով տեղացիները: Վերջիններիս թվում՝ գործարարներ ու պետական պաշտոնյաներ: Հայաստանում քչերն են եկել այն գիտակցության, որ արվեստը ոչ միայն հոգեւոր, այլեւ մնայուն նյութական արժեք է: – Ովքե՞ր են ցուցադրվում «Արամե» պատկերասրահում: – Եթե մենք կարողացել ենք բավական կարճ ժամանակամիջոցում ճանաչում ունենալ իբրեւ պատկերասրահ, ապա դա նախ եւ առաջ այն բանի շնորհիվ է, որ մեր շուրջն ենք համախմբել տաղանդավոր հայ գեղանկարիչների, որոնց անունները վաղուց դուրս են եկել հանրապետության սահմաններից: Մենք ներկայացնում ենք հայ ժամանակակից գեղանկարիչների՝ էմիլ Գազազ, Ռուբեն Աբովյան, Սարգիս Համալբաշյան, Տարոն Մուրադյան, Արմեն Գեւորգյան, Գեւորգ Եզիազարյան եւ ուրիշներ: Այս հեղինակները պարբերաբար մասնակցում են Նյու Յորքի Արտ-էքսպոյին, ցուցադրվում են աշխարհի պատկերասրահներում եւ թանգարաններում, տեղ գտնում մասնավոր հավաքածուներում: Ընդ որում, «Արամե» պատկերասրահը Էմիլ Գազազի, Ռուբեն Աբովյանի ու այլ հեղինակների բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում: Սրանք այն հեղինակներն են, որ ուրույն տեղ են գրավել միջազգային ասպարեզում եւ իրենք են որոշում տվյալ պատկերասրահի մշակութային դեմքը: «Արամե» պատկերասրահը ներկայացնում է նաեւ հայ դասական հեղինակների, այդ թվում՝ Մինաս Ավետիսյան, Մհեր Աբեղյան: Փորձում ենք աջակցել նաեւ երիտասարդներին: Մեր դռները փակ չեն, սակայն ընտրություն ենք կատարում լավագույնների միջեւ: – Ամենաթանկ նկարիչները՝ «Արամեում»… – Մեզ մոտ ժամանակակից հեղինակներից ամենաթանկը Էմիլ Գազազն է: Նրա քանդակներն ու յուղանկարները արժեն 6-12 մլն դրամ: Իսկ երիտասարդ հեղինակների գները սկսվում են 150-200 հազար դրամից: – Ովքե՞ր են ձեր հիմնական այցելուներն ու գնորդները: – Հիմնականում մեր պատկերասրահից նվերներ են գնում բարձրաստիճան պաշտոնյաներ, երբեմն կոլեկտիվներ՝ իրենց ղեկավարի ծննդյան տոնի կամ պաշտոնի նշանակման առիթով: – Պատկերասրահի գոյության 3 տարիների ընթացքում ձեզ մշակույթի կամ կրթության նախարարներ այցելե՞լ են: – Մենք տարեկան մի քանի ցուցահանդես ենք կազմակերպում, հրավիրատոմսեր ուղարկում անխտիր բոլոր նախարարություններին, այդ թվում եւ մշակույթի: Նախարարներ կան, որ պարբերաբար այցելում են, բայց մշակույթի նախարար մեզ առայժմ չի այցելել: Հաճախ է գալիս տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: Նա լավ ճաշակ ունի եւ խստապահանջ է ընտրության հարցում: Գործի բերումով «Արամե» են այցելում մշակութային արժեքների արտահանման վարչության աշխատակիցներ, էքսպերտներ, արվեստաբաններ: Որպես կանոն արեւմուտքում, եւ Հայաստանում եւս, արվեստի սիրահարներ են բժիշկներն ու իրավաբանները: – Հետաքրքիր է, Հայաստանում գործող մասնավոր պատկերասրահների միջեւ կա՞ մրցակցություն: – Մրցակցություն չկա, որովհետեւ չկա արվեստի շուկա: Մեզ մոտ արվեստի շուկան դեռ սաղմնային փուլում է: Մրցակցություն կլինի այն ժամանակ, երբ մենք կունենանք 30-40 պատկերասրահ: Մրցակցություն չլինելու պատճառներից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր պատկերասրահ որոշակի ուղղվածություն ունի: Բոլորս լավ փոխհարաբերությունների մեջ ենք, երեւի կգա ժամանակ, որ կստեղծենք մասնավոր պատկերասրահների ասոցիացիա, ինչը թույլ կտա կոորդինացնել մեր գործունեությունը, նաեւ համապատասխան գնային քաղաքականություն մշակել: – Հայաստանի ազգային պատկերասրահը իր ներկա վիճակով ձեզ դուր գալի՞ս է: – ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ազգային պատկերասրահը համարվում էր լավագույններից մեկը: Եվրոպական երկրների թանգարաններ ու պատկերասրահներ տեսած մարդը կնկատի, որ մեր պատկերասրահի հավաքածուն հարուստ չէ: Բայց դա էլ հասկանալի է: Շատ հարուստ են երբեմնի խոշոր կայսրությունների թանգարանները, նշանավոր հեղինակների գործերն էլ մեծահարուստների նվիրատվություն է: Լավ կլիներ, որ նման առաքելությամբ հանդես գային Սփյուռքի մեր մեծահարուստ կոլեկցիոներները, որովհետեւ պետությունն ի վիճակի չէ աստղաբաշխական գումարներ արժեցող գործեր ձեռք բերել: – Եղե՞լ է դեպք, որ արվեստից հեռու այցելուներ ունենաք, որոնք, օրինակ, նկար գնեն շրջանակը հավանելով: – Այցելուների եւ արվեստի գնորդների մի քանի կարգ գոյություն ունի: Առաջին կարգի գնորդներն արվեստի գործեր ընտրում են պարզապես հավանելու սկզբունքով: Երկրորդը՝ արվեստը դիտում է իբրեւ ներդրումային դաշտ, այսինքն ներդրումներ է անում արվեստի գործեր ձեռք բերելով: Երրորդի գնորդները կարող են նկար գնել, եթե այն համապատասխանում է իրենց վարագույրի գույնին: Ինքս ականատես եմ եղել, թե ինչպես է մայրը աղջկան խորհուրդ տալիս տվյալ նկարը չգնել, հավատացնելով, որ այն իրենց վարագույրի ու պաստառների գույնի հետ չի սազում: 4-րդ՝ լուրջ կարգում կոլեկցիոներներն են: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031