ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՐՔԵՐ Ուսուցիչներն ու ծնողները բողոքում են օլիմպիադայի տարածքային փուլից Խմբագրություն են դիմել մի խումբ ուսուցիչներ եւ ծնողներ, որոնք իրենց մտահոգությունն են հայտնում առարկայական օլիմպիադաների անցկացման ու կազմակերպման առնչությամբ, բողոքում որոշ անարդարությունների դեմ, նաեւ՝ ներկայացնում որոշակի դիտողություններ ու առաջարկներ, որոնք կարող են ի գիտություն ընդունվել ներկայումս ընթացող օլիմպիադայի քաղաքային փուլում կամ գոնե հաջորդ տարիներին՝ աշակերտների միջեւ արդար մրցակցություն ապահովելու համար: «Հանրակրթական դպրոցների պարապմունքները վերսկսվելուց անմիջապես հետո սկսվեցին նաեւ առարկայական օլիմպիադաների ներդպրոցական եւ տարածքային փուլերը, որոնք այս անգամ էլ, ցավոք, ավարտվեցին ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների շրջանում մթնոլորտի շիկացումով: Զայրույթի պատճառը ե՛ւ օլիմպիադայի անցկացման կազմակերպչական, ե՛ւ գիտելիքների ստուգման ձեւերի ընտրության, ե՛ւ գնահատման մոտեցումներն են: Նախ՝ միավորների մասին. տարօրինակ զուգադիպությամբ, գրեթե մշտապես շահում են հենց այն դպրոցների աշակերտները, որտեղ անցկացվում է օլիմպիադան: Կամ մի դպրոցում օլիմպիադայի ստուգման արդյունքները մի առարկայից հրապարակվում են առանց ուշացման, մյուսում՝ անհիմն կերպով ուշացվում են: Այս անգամ էլ եղել է դպրոց, որտեղ հայոց լեզվի օլիմպիադայի միավորները հայտարարվել են միայն 3 օր անց, այն դեպքում, երբ աշխատանքներին ստուգումն ավարտվել է հենց նույն օրը՝ ուշ երեկոյան: Ուշացման պատճառով բացառվեց նաեւ ուսուցիչների կողմից իրենց աշակերտների աշխատանքներին ծանոթանալու հնարավորությունը: Բոլոր ուսուցիչներին էլ հետաքրքիր է իրենց սաների աշխատանքները տեսնել, ինչի հնարավորությունը նրանք հիմնականում չունեցան, իսկ դա այնքան էլ դժվար չէր ճիշտ կազմակերպել: Սակայն եղել է դեպք, որ ծնողի եւ ուսուցչի համառ ջանքերը արդյունք են տվել՝ կենսաբանության միավորը բարձրացել է միանգամից 6-ով։ Պատճառաբանվել է, որ հանձնաժողովի անդամները հոգնած են եղել եւ սխալվել են: Հայոց լեզվի հարցերը հիմնականում եղել են դարձվածքներ, շրջասույթներ, թեւավոր խոսքեր, շարադրություն… Նման լեզվական երեւույթներն անհրաժեշտ է իմանալ, սակայն դրանք գնահատելիս սուբյեկտիվ կամ ոչ ճշգրիտ վերաբերմունք դրսեւորելու հնարավորությունները մեծ են: Այսպես՝ 8-րդ դասարանի հայոց լեզվի հարցերում առաջադրվել է տալ «հայ Աքիլլես» դիպվածային շրջասույթի պատասխանը, որը, ըստ ստուգողների, Տորք Անգեղն է: Այնինչ, ըստ մեզ հայտնի միակ աղբյուրի՝ Պետրոս Բեդիրյանի «Հայերեն շրջասույթների բառարանի», որը ԿԳՆ-ի կողմից երաշխավորված է որպես ուսումնական գրականություն, դա ամենեւին էլ Տորք Անգեղը չէ, այլ Սասունցի Դավիթը: Այսպիսի հարցերո՞վ պետք է ստուգել եւ գնահատել դպրոցականների լեզվական գիտելիքները: Չէ՞ որ օլիմպիադա ուղարկված աշակերտը փորձաքար չէ: Կամ որքանով է արդյունավետ թեստի գնահատման ժամանակ 10 միավորից ամբողջ 5-ը տրամադրել միայն շարադրությանը: Ընդ որում, մրցասենյակում աշակերտներն էլ գոնե ստույգ չեն տեղեկացվել շարադրության ծավալի եւ գնահատման մոտեցումների մասին: «Որքա՞ն լինի շարադրանքի ծավալը» հարցին պատասխանել էին. «Ինչքան կարող ես, ինչքան ուզում ես…»: Արդյունքում, շարադրությունների մեծ մասը ոչ մի միավորով չէր գնահատվել՝ անգամ թերի շարադրանքի դեպքում, ինչով էլ բացատրվում է հայոց լեզվի օլիմպիադայի տարածքային փուլի արդյունքների ցածր լինելը: Մյուս հարցը. ռուսաց լեզվի մրցույթն անցկացվել է հավասար մակարդակներով ե՛ւ հայկական դպրոցների, ե՛ւ ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարանների աշակերտների համար: Երբ ուսուցչուհին փորձել է բողոքարկել ստացված ցածր արդյունքը, պատասխանել են, որ 12 միավորը վատ նիշ չէ հայկական դպրոցի սանի համար: Օլիմպիադայի անցկացման առկա ձեւը իրոք իրեն սպառել է, պետք է մտածել: Գուցե լինեն հենց հատուկ օլիմպիադաներ անցկացնելու համար դպրոցականին ուղղված գրքեր: Կամ եթե պետք է հայտնաբերվեն գերբացառիկ տաղանդներ, թող վերանան օլիմպիադայի անցկացման փուլային տարբերակները, միանգամից հայտարարվի մրցույթ՝ ուժեղագույնների միջեւ: Եկեք բացառենք բացառիկ դպրոցների բացառիկ հնարավորությունները, մրցույթի մասնակիցներին նայենք պարզ պրիզմայի միջով, հստակեցնենք առաջադրվելիք թեմաների, հարցերի սահմանները, չփշրենք քիչ թե շատ լավ սովորող աշակերտներին: Եկեք չհիասթափեցնենք, այլ խրախուսենք գոնե այն քչաքանակ սաներին, ովքեր այսօրվա մեր դժվարին կյանքի պայմաններում դեռեւս պահպանել են սովորելու ցանկությունը: Մեր ցածր միավորներով, պատահական ու դիպվածային հարցերով չփշրենք նրանց անաղարտ հոգիները, նման մրցույթներում թափանցիկություն ապահովենք»: Իսկ ի՞նչն է ստիպում ուսուցիչներին ու դպրոցների տնօրեններին՝ կեղծել օլիմպիադաների արդյունքները։ Խնդիրն այն է, որ դպրոցների համար «մինուս» է օլիմպիադաներում հաղթող չունենալը. օրինակելի դպրոցի համար կան որոշակի ստանդարտներ, որոնք ամեն գնով փորձում են ապահովել մեր տնօրենները: Այս մրցապայքարում տրվելով գայթակղությունների՝ մոռացվում է այն հանգամանքը, որ օլիմպիադան աշակերտների համար այն մրցադաշտն է, որտեղ տիրող բարքերն ուղենշային են լինելու նրանց համար ամբողջ կյանքում: Պատրաստեց Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆԸ