Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ՆՎԵՐԸ

Մարտ 11,2006 00:00

ՆՎԵՐԸ ՔԹՆԵՐԻՑ ԵԿԱՎ Մեկ րոպեի դիմաց 2 դրամ սակագնով իր բաժանորդներին բոնուսային նվեր տալու համար «ԱրմենՏելին» տուգանեցին «ԱրմենՏելի» «սիմ» քարտի այն բաժանորդները, որոնք չեն հասցրել մարել այս Ամանորին ընկերության նվերը՝ 2 դրամ սակագնով րոպեներ, «թքին փայտիկին»՝ երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ նվեր-ակցիան դադարեցվեց: Իսկ բաժանորդներին ասված էր, որ կարող են իրենց րոպեները մարել մինչեւ ապրիլ: Այս մասին իր վերջնական որոշումը «ԱրմենՏելը» կհայտարարի առաջիկայում: Հանձնաժողովի նիստում քննարկվում էր այդ հարցը՝ այն դիտարկելով մրցակցային դաշտում հավասար պայմաններ ապահովելու տեսանկյունից: Ըստ «Ղ-Տելեկոմի»՝ «ԱրմենՏելը» ակցիան կազմակերպել է՝ դրա համար օգտագործելով մենաշնորհային այլ ծառայություններից ստացված հասույթը, ինչից, բնականաբար, իրենք զրկված են: «Ղ-Տելեկոմը» պնդում էր, որ 2 դրամ սակագինը խախտում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ ամրագրված սակագինը: Իրենք չէին կարող 2 դրամանոց նվեր անել եւ դրանով իսկ իրենց բաժանորդների «խաթրն առնել», քանի որ «ԱրմենՏելի» հետ փոխկապակցման պայմանագրով մեկ րոպեի դիմաց «ԱրմենՏելին» վճարում են միջինը 10 դրամ: Հանձնաժողովն ինքն էլ գտնում էր, որ փոխկապակցման համար տրվող այդ գումարը կարող էր խանգարել «Ղ-Տելեկոմին»՝ թույլ տալ «ԱրմենՏելի» շռայլությունը, ինչի հետեւանքով էլ ստեղծվել են մրցակցային անհավասար պայմաններ: «Բայց մենք կիրառել ենք ընդամենը մեկ տարվա ընթացքում 20 տոկոս զեղչ, ինչը դուք էլ հնարավորություն ունեիք կիրառելու, եթե ուզենայիք»,- հակադրվում էր «ԱրմենՏելի» ներկայացուցիչ Հ. Արամազյանը. «Ավելին, հենց «Ղ-Տելեկոմի» ներկայացրած տեղեկանքի համաձայն, վիճարկելի ժամանակահատվածում՝ հունվարից սկսած, «ՎիվաՍելլ» քարտ գնողների թիվը շոշափելի ավելացել է, այնպես որ, մեր ակցիան ձեզ շուկայից դուրս մղելու ոչ մի դերակատարում չի ունեցել, նաեւ՝ նպատակ չունեինք»: «Բայց այս 4 ամիսներին մարդիկ, որոնք երկու ընկերությունների քարտերից էլ օգտվում էին՝ միայն «ԱրմենՏելից» են օգտվում, որ մարեն էժան սակագնով րոպեները: Իսկ այդ ընթացքում «Ղ-Տելեկոմը» զրկվում է նման բաժանորդների զանգերից»,- հենց իր անձնական օրինակի վրա դիտողություն արեց հանձնաժողովի անդամ Պավել Ղալթաղչյանը: Հ. Արամազյանի դիտարկմամբ՝ «օրենսդրությամբ չի նախատեսված կետ, թե մինչեւ որն է սակագնի այն նվազագույն սահմանագիծը, որից ցածր չի կարելի իջնել ակցիաների ժամանակ, բացի այդ, ողջ աշխարհում նման ակցիաներն ընդունված են»: «Օրենսդրությամբ սահմանված կետ կա՝ ինքնարժեքից ցածր, այսինքն՝ դեմպինգային գնի կիրառումն արգելված է: Դուք պետք է ակցիայի մասին տեղյակ պահեիք եւ այն համաձայնեցնեիք կարգավորող մարմնի հետ: Բացի այդ, աշխարհի ո՞ր երկրում է ընդունված 300 դոլարով քարտ վաճառել, մոռացա՞ք, էն ժամանակ ակցիաներ անեիք, էսօր մարդասե՞ր եք դարձել»,- սա էլ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի պատասխանն էր: Նա նաեւ հետաքրքրվեց՝ «ինչո՞ւ ուղղակի նվերի չափով գումար չեք փոխանցել բաժանորդների հաշվեհամարին, այլ 4-ամսյա սակագին եք կիրառել»: Նկատենք, որ էժան րոպեները բաժանորդները կարող են մեկ օրում էլ մարել, եւ դա նույնն է, ինչ՝ գումարը: Հանձնաժողովը որոշեց «ԱրմենՏելի» գործողությունները դիտարկել որպես գերիշխող դիրքի չարաշահում եւ ընկերությանը տուգանել բջջային կապի շուկայում նախորդ մեկ տարվա ընթացքում ստացված հասույթի մեկ տոկոսի չափով: Նաեւ պարտավորեցրեց ընկերությանը՝ սահմանել այնպիսի պայմաններ, որ նպատակահարմարության դեպքում մյուս մրցակիցն էլ հնարավորություն ունենա համանման զեղչեր կիրառել: «ԱրմենՏելի» պատասխանը հանձնաժողովին այսպիսին էր՝ «որոշումն այս տեսքով ընդունվելու դեպքում ամբողջովին կհակասի ազատ մրցակցության սկզբունքներին, իսկ մենք այն կդիտարկենք որպես մեր ընկերության նկատմամբ խտրականության դրսեւորում»: Իսկ «Առավոտի» հարցին, թե կվիճարկե՞ն որոշումը, Ֆ. Արամազյանն ասաց. «Դեռ կմտածենք, երեւի սակագները բարձրացնենք»: «Ղ-Տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը սահմանափակվեց «No comment»-ով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031