Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ

Մարտ 11,2006 00:00

ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՍՏՎԵՐՈՏ ԿՈՂՄԵՐԸ Շվեդիայի լյութերական եկեղեցում կան ինչպես լեսբուհի, այնպես էլ արվամոլ քահանաներ, իսկ Հոլանդիայում մահացողների 11,5%-ը մահանում է «ոչ ինքնակամ»՝ առանց հիվանդի համաձայնության նրան էֆտանազիայի («ինքնակամ մահ») ենթարկելուց: «Հաղորդակցության եւ մշակույթի Եվրոպական կենտրոնը» (ECCC) քրիստոնեական ԶԼՄ-ների համար կազմակերպել էր դասընթաց՝ «Ժամանակակից աշխարհի պրոբլեմների լուսաբանումը քրիստոնեական լրատվամիջոցների կողմից»: Դասընթացի եւ Վարշավայի մասին ռեպորտաժները կլինեն «Առավոտի» առաջիկա համարներում, իսկ առայժմ ներկայացնեմ լեհական «Ֆրոնդա» եւ «Օզոն» ամսագրերի խմբագիր, նաեւ՝ բազմաթիվ հեռուստահաղորդումների հեղինակ Գրժեգորժ Գորնիի նկարահանած ֆիլմերից երկուսի համառոտ բովանդակությունը, որը կարծում եմ կհետաքրքրի մեր ընթերցողներին: Ֆիլմերից մեկը, որ կոչվում էր «Շվեդական առաջընթաց», ներկայացնում էր աշխարհի ամենաբարգավաճ երկրներից մեկի ոչ այնքան լուսավոր կողմերը: Անշուշտ, որպես կաթոլիկ եկեղեցու նվիրյալ, Գրժեգորժ Գորնին մի քիչ խտացրել էր գույները, սակայն ընդհանուր առմամբ, ֆիլմում պահպանված էին օբյեկտիվ լրագրության կանոնները: Նա զրուցել էր տարբեր հայացքների եւ տեսակետների մարդկանց հետ ու առանց մեկնաբանությունների ներկայացնում էր այդ զրույցներն ու թվերը: Սակայն զրույցների թեման իսկ հուշում էր կողմնակալության առկայությունը: Այնուամենայնիվ, այժմ բերենք մի քանի հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր՝ այդ ֆիլմից: Շվեդիայում մահացողների 90%-ի դիակներն այրում են, իսկ դրանցից 45%-ի աճյունները ընտանիքները չեն վերցնում, եւ պետությունը մտածում է՝ ինչպե՞ս շահավետ ձեւով օգտագործել դիակների այրման էներգիան՝ գուցե քաղաքի ջեռուցմա՞ն համար, գուցե՝ որոշ առանձնատների տաք ջրամատակարարման հա՞րցը լուծել դրանով: Ստոկհոլմի տնտեսությունների 70%-ը բաղկացած է ընդամենը մեկ մարդուց, այսինքն՝ Շվեդիայի մայրաքաղաքը միայնակների քաղաք է դարձել: Ավանդական ընտանիքները Շվեդիայում վաղուց ի վեր դարձել են հիշողություն. այստեղ ամեն տարի կնքվող 38 հազար ամուսնության դիմաց գրանցվում է 131 հազար ամուսնալուծություն: 1979 թ.-ից սկսած, այս երկրում խստիվ արգելված է երեխաներին ֆիզիկական պատժի ենթարկելը: Նրանց դեռ մանկապարտեզից սովորեցնում են իրենց իրավունքները, եւ մի թեթեւ «հայրական ապտակը» ծնողին կարող է արժենալ 10 տարվա ազատազրկում: Պետությունը միշտ երեխայի կողմն է բռնում եւ վստահ է, որ երեխայով շատ ավելի հաջող կարող է զբաղվել ոչ թե ընտանիքը, այլ՝ հասարակությունը: Բազմաթիվ են օրինակները, երբ երեխան իր ինչ-որ քմահաճույքը չկատարելու համար վրեժխնդիր է լինում ծնողից՝ նրան ոստիկանությանը հանձնելով: Իսկ հետո, երբ զղջում է իր հիմարության համար, այլեւս ուշ է լինում: Յուրաքանչյուր տարի Շվեդիայում ծնողական իրավունքից զրկվում է 10-15 հազար մարդ: Ընդ որում, պատճառները կարող են լինել ամենաանհեթեթը: Օրինակ, մի կին պատմում էր, որ իրեն ծնողական իրավունքից զրկել են նրա համար, որ երեխան դպրոցում լավ չի սովորել՝ «նրան հարցրել են, թե ո՞վ է Չինաստանի նախագահը, եւ նա չի կարողացել պատասխանել»: Սակայն մեկ այլ կնոջ՝ տիկին Մարիանա Սիգստրոեմի պատմությունն ուղղակի զարհուրելի էր: Նրանից պետությունը որդուն խլել եւ ուրիշ ընտանիքի է հանձնել այն պատճառաբանությամբ, թե տիկին Սիգստրոեմը «չափից ավելի է հոգ տանում էպիլեպսիայով հիվանդ իր որդու մասին»: Երեխային հանձնում են թմրամոլությունից բուժվող մի ընտանիքի: Այստեղ կարճ ժամանակ անցկացնելուց հետո, երբ մոր ահազանգերից հետո պարզ է դառնում, որ այդ ընտանիքը երեխայով ընդհանրապես չի զբաղվում, տղային հանձնում են մի միայնակ ալկոհոլիկի, որը նաեւ համասեռամոլ էր: «Որդիս անընդհատ գրում էր ինձ՝ փրկիր, մայրիկ, օգնիր ինձ, այստեղ գանգստերներ կան: Ես թակում էի բոլոր հնարավոր դռները, խնդրում, որ տղայիս վերադարձնեն, որովհետեւ ոչ ոք չէր զբաղվում նրա առողջությամբ, նրա խնամքով: Ինձ մերժում էին: Ի վերջո, որդիս մահացավ»,- արտասուքն աչքերին պատմում էր Մարիանա Սիգստրոեմը: Նրա բազմաթիվ փորձերը՝ դատական գործ հարուցել սոցիալական մարմինների դեմ, ապարդյուն են եղել: Հայտնի են դեպքեր, երբ երեխաներից զրկված մայրերը ինքնասպանություն են գործել՝ գնացքի տակ են նետվել, կամուրջից՝ ցած, երակներն են կտրել: Շվեդիայում հիմնականում միջազգային որդեգրում է իրականացվում, սակայն, ինչպես ասում էր ֆիլմի հերոսներից մեկը՝ «դժվար թե մարդիկ համաձայնվեն, որ իրենց երեխային որդեգրի բարգավաճ Շվեդիայի քաղաքացին, եթե իմանան, որ նա հոմոսեքսուալ է»: Փոխարենը, արդեն 11 տարի է՝ 1995թ.-ից սկսած, ինչ Շվեդիայում ընդունված օրենքի համաձայն, եկեղեցին պարտավոր է օրհնել հոմոսեքսուալ զույգերին: Ինչպես ֆիլմում պատմում էր լյութերական եկեղեցու սպասավոր Լարս Գարդֆիլդը, Շվեդիայում ներկայումս ապրում է 40 հազար մարդ, ում ծնողներից գոնե մեկը հոմոսեքսուալիստ է: Ֆիլմում կադրեր կային եկեղեցում օրհնվող լեսբիական եւ արվամոլական ամուսնությունների մասին: Ավելին, Շվեդիայում ներկայումս բազմաթիվ են երկու սեռերի պատկանող համասեռամոլ եկեղեցականները (իհարկե՝ լյութերական եկեղեցու ներկայացուցիչ): Լարս Գարդֆիլդն ասում էր, որ ինքն անձամբ ընկերություն է անում հիսուն համասեռամոլ քահանաների հետ: Նրանցից մեկը՝ քահանայուհի Գունիլլա Լինդենը պատմում էր, որ արդեն երեք տարի է՝ ամուսնացած է մի կնոջ հետ: Իսկ Գարդֆիլդը հիացմունքով պատմում էր Ստոկհոլմի եկեղեցիներից մեկում 1998թ. կայացած մի ցուցահանդեսի մասին, որտեղ ցուցադրված նկարներում Հիսուս Քրիստոսը (մեղա, մեղա) արվամոլ էր եւ սիրով էր զբաղվում առաքյալների հետ: Իսկ մի քահանայի՝ Ակե Գրինին, որը համարձակվել էր իր քարոզներից մեկում հիշել, որ Աստվածաշնչում համասեռամոլությունը մեղք է համարվում, մեկամսյա ազատազրկման են ենթարկել: Սակայն հիմա գործը կրկին բացվել է, որովհետեւ, ըստ «հանդուրժողականների», դա շատ թույլ պատիժ էր: Գարդֆիլդը վրդովված գոչում էր՝ «նման անհանդուրժողական քահանային պետք է ընդհանրապես արտաքսել»: Իսկ Ակե Գրինը խոստովանեց, որ կես տարվա ընթացքում իրեն սպանելու 6 սպառնալիք է հնչել: Մեկ այլ ֆիլմ պատմում էր Հոլանդիայում էֆտանազիայի (հունարենից թարգմանած այս բառը նշանակում է «լավ, բարի մահ») աճի մասին: Ներկայումս այս երկրում, որն առաջինն է աշխարհում 1994թ. լեգալացրել էֆտանազիան, յուրաքանչյուր հինգերորդ մահը էֆտանազիայի արդյունք է: Հոլանդացի բժիշկների 81%-ը երբեւէ էֆտանազիա է իրականացրել, քանի որ մինչեւ լեգալացումն էլ՝ ավելի քան տասը տարի նրանք անում էին դա: Իսկ բոլոր մահերի 11,5%-ը Հոլանդիայում «ոչ կամավոր» էֆտանազիայի (հիվանդի «մահացում»՝ առանց վերջինիս գիտակցության եւ համաձայնության, արդյունք է: Պետեր Ադմիրալը՝ բժիշկ, որը սկսած 1966թ.-ից, 100-ից ավելի մարդու է էֆտանազիայի ենթարկել, հպարտանում էր, թե իրեն կոչում են «էֆտանազիայի կնքահայր»: Էֆտանազիան ենթադրում է երկու տարբերակ. առաջին դեպքում դա «ինքնասպանություն է՝ բժշկի օգնությամբ», այսինքն՝ բժիշկը հիվանդին տալիս է դեղահաբ, որը հիվանդն իր ձեռքով խմում է եւ 40-50 րոպեից մահանում, երկրորդ տարբերակում բժիշկն ինքն է սրսկում հիվանդին, եւ այս դեպքում մահն ավելի արագ է վրա հասնում: Կա նաեւ պասիվ էֆտանազիան, երբ ուղղակի դադարում է հիվանդի խնամքը, անջատում են սնուցող խողովակները, եւ հիվանդը մահանում է: Հոլանդիայում ներկայումս բացվել են տասնյակ «հոսպիսներ»՝ վայր, որտեղ գալիս են մահամերձ մարդիկ եւ ստանում անհրաժեշտ խնամք: Դա կյանքից «պալիատիվ հեռանալու» տարբերակներից մեկն է: Այսինքն՝ դեղերի օգնությամբ մարդուն ազատում են ցավից, սակայն ոչ՝ հիվանդությունից: Եվ հիվանդը ստիպված չի լինում տառապել անմարդկային ցավերից՝ մինչեւ մահ: Հոլանդիայում առաջին հոսպիսը բացած բժիշկ Զբիգնեւ Զիսպիցը վստահ էր, որ մարդիկ էֆտանազիայի են համաձայնվում՝ ցավի նկատմամբ վախից կամ սեփական ընտանիքի համար բեռ դառնալու մտածմունքից: Իսկ հոսպիսներում նրանց խնամում են եւ օգնում դիմակայել ցավին: Բժիշկների եւս 41%-ը երբեւէ «ոչ կամավոր» էֆտանազիա է իրականացրել: Նման մի բժիշկ պատմում էր, որ տեսնելով թոքերի քաղցկեղով հիվանդ մարդու տանջանքները եւ նրա ընտանիքի տառապանքները՝ ինքը որոշել է բարիք կատարել եւ առանց հիվանդի կարծիքը հարցնելու, նրան «օգնել է մահանալ»: Իսկ դոկտոր Ռիչարդ Ֆենինգսենը նկատեց, որ ներկայումս հոլանդացիներից շատերը վախենում են հիվանդանոց ընկնելուց, քանի որ վստահ չեն, որ իրենց չեն «մահացնի»՝ առանց համաձայնություն ստանալու: Սրան հակառակ, ըստ սոցիոլոգիական տվյալների՝ հոլանդացիների 77%-ը կողմ է, որ առանց հիվանդի կամքի եւ գիտակցության նրան էֆտանազիայի ենթարկեն: «Համբերությունը նվաստացնում է մարդու արժանապատվությունը»՝ հայտարարում էր «էֆտանազիայի կնքահայրը», ով առանց աչքը թարթելու մահվան էր դատապարտում ոչ միայն ծերերին, այլեւ արատով ծնված երեխաներին: «Նրանց կյանքն արժեք չունի, անիմաստ է»՝ հայտարարում են բժիշկներն ու «մահացնում» նորածնին: Իսկ այն մորը, ով մեծացնում է հիվանդ երեխային, կողքից բոլորը հիշեցնում են՝ «բայց չէ՞ որ կա էֆտանազիա»: «Մեզ մոտ բժիշկները շփոթվում են, երբ հայտարարում ես, որ համաձայն չես էֆտանազիայի, եւ ասում են՝ բայց ես չգիտեմ քեզ բուժելու ձեւը,- պատմում էր մի երիտասարդ, ում քրոջ տասնչորսամյա աղջիկը երկար ժամանակ հիվանդ էր,- բժիշկը մոտեցավ քրոջս ու հարցրեց՝ ժամանակը չէ՞ վերջացնելու այս տանջանքը, իսկ քույրս պատասխանեց՝ դա ոչ իմ եւ ոչ էլ ձեր որոշելիքն է, այլ՝ Աստծու»: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Վարշավա-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031