Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՉՊԵ՞Ս

Մարտ 11,2006 00:00

«ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐԵԼԻ ԷՐ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ՂՈՒՄԱՐ» «Ազգային միաբանության» կոնֆերանսում երեկ այս հռետորական հարցը տվեց կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Կոնֆերանսում Արտաշես Գեղամյանի շուրջ 45 րոպեանոց ելույթի զգալի մասը նվիրված էր Ղարաբաղի խնդրի լուծման առաջարկվող լուծումներին, որոնք «Ազգային միաբանության» ղեկավարի գնահատմամբ՝ իշխանությունների «պարտվողական քաղաքականության» հետեւանք են: Մասնավորապես անդրադառնալով Ռամբույեի հանդիպմանը եւ դրանից հետո ստեղծված իրավիճակին՝ պրն Գեղամյանը նշեց, թե Ռոբերտ Քոչարյանը «վոյինին հատուկ կեցվածքով դուռը խփեց, պատի ծեփերը թափեց՝ հերոսական կեցվածքով եկավ Հայաստան, տվեց իր հանրահայտ ասուլիսը՝ կարծելով, թե ժողովուրդը պետք է հիանա»: Անդրադարձավ փետրվարի 28-ի հանրահավաքին՝ այն բնորոշելով իբրեւ «շատ վտանգավոր»: Արտաշես Գեղամյանի համոզմամբ՝ այդ հանրահավաքն իշխանությունների կողմից «անտաղանդ ու անշնորհք» էր կազմակերպված՝ դպրոցականներին եւ ուսանողներին դեռ 1 շաբաթ առաջ էին ասել, որ դասեր չեն լինելու. «Եվ իշխանություններն ինչքան էլ այժմ ձեւ անեն, թե ոչ մի բան չի պատահել՝ հասկացան, որ հիասթափված հայ մարդն իրենց կանչով ու խոսքով արդեն իսկ (ցավով եմ ասում) երբեք ու երբեք չի գա հրապարակ ու անգամ տեր չի կանգնի այնպիսի մի սուրբ օրվա հիշատակին (քանի որ դա կազմակերպել են իշխանությունները), ինչպիսին է սումգայիթյան զոհերի հիշատակը վառ պահելու օրը»: «Ազգային միաբանության» նախագահը կանխատեսեց, թե միջազգային հանրությունը չի ներելու ակնհայտ խաբեությունը՝ 2004-ի ապրիլին Պրահայում եկել էին մի համաձայնության, որը Ռամբույեում չունեցավ իր տրամաբանական շարունակությունը: Ըստ նրա՝ կողմերը չհասան համաձայնության, քանի որ «Հայաստանը ամերիկացիներին մի բան է խոստացել, Ռուսաստանին՝ մեկ այլ բան, Եվրամիությանը՝ մեկ ուրիշ բան, խոստումներ են տվել նաեւ մեր հարեւան Իրանին»: Եվ այս համատեքստում տվեց այն հարցը, որը դարձել է այս հրապարակման վերնագիրը: Արտաշես Գեղամյանը մտահոգիչ անվանեց, որ անգամ այնպիսի լրջագույն հարցերի կապակցությամբ, ինչպիսին պատերազմն ու խաղաղությունն են, չկա միասնական տեսակետ. «Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո կոալիցիայի անդամ կուսակցություններից մեկի ներկայացուցիչն ասում է՝ այո՛, դա համարժեք պատասխան էր, մյուսն ասում է՝ դա պատերազմի մարտահրավեր է: Սա նշանակում է, որ անգամ իսկ փորձությունների այս վտանգավոր ժամանակ իշխանությունները չունեն մշակված ո՛չ ռազմավարություն, ո՛չ մարտավարություն: Իսկ նման իրավիճակում դու դատապարտված ես պարտության»: Եվ այս պայմաններում, ըստ նրա, իշխանությունները փոխանակ մտածեն ազգը միաբանելու մասին՝ հալածանքների են ենթարկում ընդդիմությանը: Մասնավորապես հիշատակեց «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի փակումը, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նրա կնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի դեմ տարածվող կեղծ լուրերը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի խուզարկությունը «Զվարթնոց» օդանավակայանում. «Հա լավ, ի՞նչ եք ման գալիս: Կարո՞ղ է, Փարաքարը փակելու բանալին եք ման գալիս: Նա հո դա՞ ի նկատի չուներ: Նկատի ուներ, որ ժողովրդին հասցրել եք այն վիճակի, որ չեն թողնելու անգամ փախնեք»: Անդրադարձավ նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի նախագծին. «Գրել են, թե պետք է պաշտպանվեն մարդու իրավունքներն ու ազատությունները: Յա՜: Է, պաշտպանեի՛ք: Հայեցակա՞րգ էր պետք դրա համար»: Այդ փաստաթղթի մեկ այլ դրույթ էլ մեջբերեց. «Ուժեղացվելու է կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ դրա առկայությունը մեծապես թուլացնում է մեր երկրի ազգային անվտանգությունը: Մալադե՛ց ձեզ»: Եվ հիշատակեց հենց «Ազգային միաբանության» պատգամավորների հայտարարությունները կոռուպցիայի փաստերի մասին, որոնք մնացել են անարձագանք: Այս առնչությամբ պատմեց Եզոպոսի առակը, որտեղ առյուծն էշին ասում է. «Ես էլ կվախենայի քո զռռոցից, եթե չիմանայի, որ զռռացողն էշ է»: Եվ զուգահեռ տարավ այս առակի եւ ազգային անվտանգության հայեցակարգի նախագծի միջեւ. «Ինչ ուզում եք՝ գրեք: Դո՛ւք եք գրել: Սո՛ւտ է»: «Ազգային միաբանության» առաջնորդն անդրադարձավ նաեւ այն փաստին, որ Եվրոպական հեռարձակողների միությունը գտնում է, որ սահմանափակվում է Հանրային հեռուստառադիոընկերության խոսքի ազատությունը՝ ԱԺ հաղորդումների պատճառով. «Այդ Ազգային ժողով ասածը, անգամ ընտրակեղծիքների պարագայում՝ չէ՞ որ հայ ժողովրդի հավաքական ընտրանին է՝ ոչ բարով-խերով: Ուրեմն, անգամ 6 րոպե հեռուստաեթերից են սարսափում»: Նկատի ուներ «Ազգային միաբանությանն» ու «Արդարությանը» տրամադրվող 3-ական րոպեները: Դիմեց ԵԽ գլխավոր քարտուղարի Հայաստանում հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրոմովային եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինին. «Խնդրում եմ, որ Եվրոպական հեռարձակողների միությանն ասեք, թե իրենց այս գրությունով արդեն իսկ հեղինակազրկում են այս կառույցը՝ այն պարզ պատճառով, որ այդ միության մասին երբեք ու երբեք ոչ մի տեղեկություն չունեինք այն ժամանակ, երբ ընդդիմությանն ընդհանրապես էին զրկել ձայնի իրավունքից»: Արտաշես Գեղամյանը ելույթի ամփոփում որպես նշեց, թե այն, որ հայն այսօր չի բռնկվում եւ չի դիմում հեղափոխության՝ «ոչ թե նրա համար է, որ ժողովուրդը համակերպվել է, եւ ոչ նրա համար, որ քաղաքական կամքն է պակասում: Այլ նա պարզապես գիտակցում է, որ դրսից էլ վտանգ կա: Եվ սրա վրա մի ամբողջ ազգի շանտաժ են անում արդեն 8 տարի շարունակ»: Այս առիթով դիմեց միջազգային հանրությանը. «Այս իշխանությունների օրոք Ղարաբաղի խնդրի արդարացի, խաղաղ լուծում մի՛ ակնկալեք»: Եվ հարցերից մեկին ի պատասխան նշեց, թե այդ խնդիրը կարող են լուծել միայն քաղաքական այն ուժերը, որոնք իշխանության կգան ազատ ու արդար ընտրությունների շնորհիվ. «Գալիք ընտրությունները, որ կարող են արտահերթ լինել, անտարակույս լինելու են այդպիսին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել