Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵԶ

Մարտ 11,2006 00:00

«ՄԵԶ ՀԱՄԱՐ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է» Ալբերտ Բազեյանը գրեթե բացառում է պատերազմի վերսկսման հնարավորությունը Արցախյան պատերազմի բովով անցած կամավորականները եւ զինվորականները կարծես առանձնապես լուրջ չեն ընդունում ադրբեջանական կողմի հոխորտանքները, քանզի վստահ են, որ այդ ամենը արվում է քարոզչական նպատակներով: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, երկրապահ-կամավորական Ալբերտ Բազեյանը եւս այդ կարծիքին է եւ մեզ հետ զրույցում երեկ նա շեշտեց. «Հրադադարի այս բոլոր տարիների ընթացքում երբեմն-երբեմն եղել են կրակոցներ, անգամ եղել է դեպք, երբ փորձ է արվել հակառակ կողմից առանձին դիվերսիոն խմբերի ներթափանցում մեր թիկունք, եւ այդ ամենը կանխարգելվել է մեր կողմից: Սովորաբար՝ հրադադարի խախտման դեպքեր ավելի շատ լինում են գարնանը, երբ սկսվում է հալոցքը եւ դիրքերի որոշակի տեղաշարժեր են լինում: Սրանից չպետք է խուճապի մեջ ընկնել: Գուցե սա պայմանավորված է նաեւ բանակցային գործընթացի ժամանակ հոգեբանական ճնշում գործադրելով հայկական կողմի վրա, որպեսզի կարողանան ինչ-ինչ զիջումների խոստումներ կորզել մեզանից: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ այդ կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում, ապա գաղտնիք չէ, որ միշտ էլ հայկական կողմը ավելի զուսպ է եղել, եւ մենք ավելի շահագրգիռ ենք եղել կայուն հրադադարի պահպանմամբ: Սա նորմալ է մեր զինվորականների կողմից, որովհետեւ կա հրադադարի ռեժիմ, ընթանում են բանակցություններ»: Ադրբեջանական կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները եւս Ալբերտ Բազեյանին չեն զարմացնում: Նման բաներ եւս միշտ եղել են եւ. «այդ հոխորտանքները ոչինչ էլ չեն նշանակում, մեր հարեւան երկրի ղեկավարությունը պետք է չկորցնի հիշողությունը եւ գիտակցի, որ պատերազմից առաջ էլ իրենք նույն բաներն էին հայտարարում, որ իրենք 7-8 միլիոն են եւ այլն, ավելի ագրեսիվ հայտարարություններ են եղել, ինչ-որ նախագահների խոստումներ՝ Սեւանում լողալու մասին: Սրանք, ինչպես ցույց տվեց մեր հաղթանակած պատերազմը, զուտ հոգեբանական հնարքներ են, որոնք ոչինչ չեն տալիս, եւ կարծում եմ, ուղղված են ադրբեջանական հանրությանը: Սա ես այդպես եմ գնահատում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, կարծում եմ՝ ներկա պայմաններում պատերազմի վերսկսման համար անհրաժեշտ պայմաններ չկան: Միջազգային հանրությունը կարծես փորձում է ամեն ինչ անել, որ արցախյան հարցը տրամաբանական ավարտին հասնի խաղաղ բանակցությունների միջոցով: Մենք պատերազմելու որեւէ անհրաժեշտություն չունենք, անցած պատերազմի ընթացքում մենք արել ենք ավելին, քան մինչ պատերազմը կարող էինք ենթադրել: Իսկ ադրբեջանական հանրությունը եւ իշխանությունները պետք է ընդունեն, որ այդ պատերազմը սանձազերծելով, արդյունքում ստացան լրիվ հակառակ պատկերը»: Մեր հարցին՝ հնարավո՞ր համարում է իրավիճակի այնպիսի զարգացում, հարցի այնպիսի պարտադրանք, որի արդյունքում ա՛յս անգամ էլ հրաժարական տա Ռոբերտ Քոչարյանը, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Ոչինչ բացառել հնարավոր չէ, բայց այդ սցենարը գրեթե անհնարին եմ համարում: Ռոբերտ Քոչարյանի համար իր իշխանությունից բարձր ոչինչ չկա, եւ նա ամեն ինչ արել է, անում է եւ անելու է այդ իշխանությունն ամեն գնով պահելու համար: Հետեւաբար նա այս հարցում չի գնա այնպիսի լուծման, որը առիթ տա երկրապահներին, ազատամարտիկներին, զինվորականության որոշակի շրջանակների, ընդդիմությանը եւ այլնին, որ դուրս գան հրապարակ: Եվ սա այն հարցը չէ, որը լուծվելու է որեւէ նախագահի համաձայնությամբ: Այս հարցը լուծվելու է միայն ժողովրդի համաձայնությամբ եւ կամքով, այլ ճանապարհ չկա եւ չի կարող լինել»: Մեր թերթին տված հարցազրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծիք էր հայտնել, որ ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանում առաջին գծում հենց այն մարդիկ էին, ովքեր հասարակության մեջ, թվում էր, թե վարկաբեկված էին, եւ նրանք որպես առաջին ջոկատներ գնացին կռվի: Ալբերտ Բազեյանն այս գնահատականի հետ համաձայն չէր եւ նկատեց, որ կամավորականներ դարձան եւ ռազմաճակատ գնացին, այո, տարբեր մարդիկ. «Բայց նրանց բոլորին միավորում էր մեկ նպատակ, այն է՝ պահպանել մեր հայրենիքը եւ ազգային արժանապատվությունը, եւ վարկաբեկված մարդիկ քիչ են եղել, որոնք որպես կամավորական գնացել են ճակատ: Սա պետք է տարանջատել: Այն ժամանակ էլ կային առանձին մարդիկ, ում համար այդ ծանր իրավիճակում անգամ միակ նպատակը խառնաշփոթի մեջ փող աշխատելն էր»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031