ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
Գլուխ քսաներեքերորդ
ՄԵՐ ԼԵԶՈՒՆ, ՄԵՐ ԽՈՍՔԸ
Երբ Կարոյի ու տղերքի զարմանքը համեմատաբար մեղմվեց, իմ ընկեր Կարոն թարս-թարս նայեց ինձ ու քմծիծաղով ասաց.
– Ախպե՞ր, էս արդեն Ֆրունզիկի հետ ե՞ս ընկերություն անում:
– Համ էլ՝ Շերենցի,- ասաց Երոն:- Էդ շրջապատն ունեցողը մեր հետ ո՞նց ընկերություն կանի:
– Ինչ բանաստեղծ ա դառել՝ մեր հետ ընկերություն չի անում,- ասաց Կարոն:
– Բանաստեղծն ի՞նչ կապ ունի. ես արդեն տասնհինգ տարուց ավել ա՝ Ֆրունզիկին ճանաչում եմ,- արդարացա ես:
– Այսինքն, ութ տարեկանից իրա հետ ընկերություն ե՞ս անում,- արագ հաշվեց ու ասաց Կարոն:
– Էն վախտերն ինքը համարյա ամեն օր հորս արհեստանոց էր գալիս,- ասացի ես:
– Այսինքն՝ շուտվա ընկերներ եք,- ասաց Կարոն:
– Շուտվա ընկերներ չենք, բայց իրար շուտվանից ենք ճանաչում,- ասացի ես:
– Ընկերը պոզով-պոչով ա՞ ըլնում,- ասաց Կարոն.- ինքը քեզ, փաստորեն, մինչեւ տուն բերեց:
– Ես չէի ուզում. ինքը զոռո՛վ մինչեւ տուն քշեց,- ասացի ես:
– Էս որտեղի՞ց էիք գալի,- հարցրեց Երոն:
– Նկարիչների կաֆեում խմում էինք,- ասացի ես:
– Էլ մեր հետ լայաղ չի անում խմի,- ասաց Կարոն:
– Էլի նկարում ե՞ս, Արմե՛ն,- հարցրեց Աշոտը, որ մինչ այդ լուռ էր:
– Չէ,- ասացի ես.- չեմ նկարում:
– Բա նկարիչների կաֆե խի՞ ես գնում,- հարցրեց Աշոտը:
– Ա՛յ խելոք, էդ նկարիչների կաֆեում հո նկարելը պարտադիր չի՞,- ծիծաղեց Կարոն:
– Բա ի՞նչն ա պարտադիր,- հարցրեց Աշոտը:
– Խմե՛լը,- ասաց Կարոն.- էդ կաֆեում ո՛չ թե նկարում են, այլ խմում են:
– Հասկացանք,- ասաց Աշոտը.- բայց նկարիչներն են, չէ՞, խմում:
– Սաղն էլ խմում են,- ասաց Կարոն.- ով խմիչքի փող ունի՝ էնտեղ ազատ կարա խմի:
– Բա խի՞ են նկարիչների կաֆե ասում,- զարմացավ Աշոտը:
– Որովհետեւ խմողների մեծ մասը նկարիչ են, համ էլ՝ էդ կաֆեն Նկարիչների տանը կպած ա,- բացատրեց Կարոն:
– Հիմա լրիվ հասկացա,- ասաց Աշոտը:
– Մի անգամ Արմենն ու ես էդ կաֆեում մի քանի շիշ շամպայն ենք տրաքացրել,- ասաց Կարոն ու ինձ հարցրեց.- հիշո՞ւմ ես, Արմեն:
– Հա,- ասացի ես:
– Դե լավ ա, որ հիշում ես,- ասաց Կարոն.- ինձ թվում էր՝ մոռացած կըլնես:
– Խի՞ պիտի չհիշեի,- զարմացա ես:
– Եսիմ,- ասաց Կարոն.- հիմի մենակ հայտնի մարդկանց հետ ես շփվում:
– Ձեռ ե՞ս առնում,- հարցրի ես:
– Ձեռ չեմ առնում,- ասաց Կարոն.- ինչ որ կա՝ է՛դ եմ ասում:
– Բան չես ասում,- ասացի ես.- պարզ խոսա՝ բան հասկանամ:
– Պարզ եմ խոսում,- ասաց Կարոն.- ուզում եմ ասեմ՝ հիմի Ֆրունզիկից պակաս մարդկանց հետ չես շփվում:
– Բա Շերե՞նցը,- ասաց Երոն:
– Հալեպը՞,- ծիծաղեց Կարոն:
– Էն Քենեդո՞ւն խի սպանեցին,- հռհռաց Երոն:
– Կարեւորը մենք ենք ու Ավստրիան,- ասաց Կարոն ու զառերը գլորեց:
– Արմե՛ն,- ասաց Աշոտը,- էս ձմեռ մի օր որ խաշ դնեմ, Ֆրունզիկին կբերե՞ս:
– Դու էլ ե՞ս ձեռ առնում,- ասացի ես:
– Ի՞նչ ձեռ առնել,- զարմացավ Աշոտը.- լրիվ լուրջ եմ ասում: Ասում եմ՝ խաշ դնենք, իրան կանչենք: Հնարավոր չի՞:
– Հնարավոր ա,- ասացի ես:
– Ձեռ ե՞ս առնում,- ասաց Աշոտը:
– Լրիվ լուրջ եմ ասում,- ասացի ես ու Կարոյի ձեռքի ժամացույցին նայելով՝ տեսա, որ մեկից ընդամենը մի քանի րոպե է պակաս:
Ես նայեցի մեր պատշգամբի կողմն ու մթի մեջ նշմարեցի մորս պրոֆիլը, եւ եթե էդ պահին մորս պրոֆիլը նշմարած չլինեի էլ, միեւնույն է, տուն էի շտապելու ու տղերքի հետ գլուխ չէի դնելու, որովհետեւ գիտեի, որ մինչեւ տուն չմտնեմ՝ մայրս չի քնելու:
Իմ ուշ տուն գալու առթիվ մայրս մշտապես էդպես լռելյայն ու էդպես արթո՛ւն էր իր բողոքն արտահայտում, ու էդպես էր նաեւ յոթանասունվեց թվականի օգոստոսի լույս յոթի գիշերը, ու ես մթության միջով մորս պրոֆիլը նշմարելով՝ հասկացա, որ տղերքի հետ այլեւս խոսելու բան չունեմ, մանավանդ որ՝ իրենք շարունակելու էին խայթել, ու ես համարժեք պատասխան չէի գտնելու, մանավանդ որ՝ էդ պահին համարժեք պատասխան ո՛չ էլ փնտրում էի, որովհետեւ հոգուս խորքում ինքս է՛լ էի ինձ մեղավոր համարում, ու չնայած չեմ հիշում, թե ինչու էի ինձ մեղավոր համարում, բայց հիշում եմ, որ էդ պահին տրամադրված չէի իրենց խայթոցներին խայթոցներով պատասխանել, որովհետեւ զգում էի, որ իրենք իրավա՛մբ ինձ նախանձելու հիմքեր ունեն, քանզի ճակատագիրն ու բախտն իմ հանդեպ առավե՛լ բարեհաճ էին գտնվել, քան, ուրեմն, իրե՛նց հանդեպ, ու չնայած կոնկրետ չգիտեի, թե կոնկրետ ինչո՞վ են ճակատագիրն ու բախտն իմ հանդեպ առավել բարեհաճ գտնվել, այդուհանդերձ, զգում էի, որ հատկապես ինձ համար տհաճ ու անցանկալի էդ խոսակցության ավարտի՛ն էլ իրենք ինձանից ավելի՛ են նեղացած, քան ես՝ իրենցից, ու եթե էդպես էր, ուրեմն՝ իրենք ինձանից նեղանալու որոշակի հիմքեր ունեին, ու իրենց էդ հիմքերի հիմքն է՛ն էր, որ ես վաղուց արդեն Կրիվոյի ու իրենց սեփականությունը չէի ու արդեն հիմնովին ու ամբողջովին մայրաքաղաքինն էի, ու չնայած կարգին չէի էլ խմում, արդեն հիմնովին ու ամբողջովին բոհեմինն էի, ու չնայած դեռեւս ո՛չ աշխատանք ունեի եւ ո՛չ էլ աշխատանքի հեռանկար ու ախալքալաքցի Աշոտին էլ դեռեւս չէի ճանաչում, այդուհանդերձ, նարդի խաղացողների հայացքներից ու ասածներից կռահում էի՝ իրենց համեմատ իմ հաջողակ լինելը, ավելի ճիշտ՝ կռահում էի իրենց էդ կարծիքն իմ մասին ու նաեւ այն, որ եթե իրենք էդ կարծիքին են, ուրեմն՝ մի բան կա՛:
– Բարի գիշեր,- ասացի ես ու իրենց պատասխանին չսպասելով՝ շրջվեցի ու գնացի:
Ես իրենց պատասխանին չսպասեցի, որովհետեւ զգում էի, որ եթե իրենց կողմից էլի մի թարս բան ասվի՝ արդեն չեմ դիմանա ու կպայթեմ:
Այդուհանդերձ, տղերքի վերաբերմունքի մեջ նշմարելին ո՛չ էնքան չարությունն ու չարացածությունն էին, ինչքան՝ վիրավորվածությունը, եւ եթե Կարոն ու իրենք նախահարձակ էին, էդ էլ ի՛ր օբյեկտիվ պատճառն ուներ, որովհետեւ մի տարի էլ չկար՝ ինչ բանակից վերադարձել էի, բայց, իրենց ասելով, անճանաչելիորե՛ն էի փոխվել, ու երեւի դրսից երեւացող իմ էդ փոփոխությունն էր պատճառը, որ Կարոն ու տղերքն էդ օրն ու էդ պահին էդ աննախադեպ տոնով ու արհամարհանքով էին հետս խոսում, ու չնայած իրենց ասելով՝ իմ էդ փոխվելու պրոցեսն իրենք վաղուց էին նկատել, բայց էդ գիշեր առաջին անգամն էին հետս էդքան համարձակ ու էդքան արհամարհական խոսում, եւ դա, հնարավոր է, իրենց կողմից փորձարկման պես մի բան էր՝ թե ես ինչքա՞ն եմ փոխվել եւ ինչքա՞ն կարող եմ իրենց էդ վերաբերմունքը հանդուրժել, ու ես, փաստորեն, հանդուրժում էի, եւ իրենք էլ, ըստ երեւույթին, ապշում էին էդ հանդուրժողականությանս վրա, եւ, ըստ երեւույթին, իմ էդ հանդուրժելն իրենց համար առավել տհաճ ու զզվելի էր, քան՝ եթե չհանդուրժեի ու մի երկու լավ բառ ասեի կամ, ասենք, իրենցից մեկնումեկի մռթին իջնեի, ու եթե էդ բանն էդ գիշեր իմ կողմից արվեր, երեւի պատասխանի՛ էլ չարժանացնեին ու էդ կերպ կարոտներն ինձանից առնելով՝ վերագտնեին ինձ ու ներքուստ ցնծային էլ. ասել է թե՝ բարո՛վ տեսանք, մեր կորա՛ծ ախպեր:
Այսինքն, Կարոն ու տղերքը մեղավոր էլ չէին, որ փոխվելս ամեն Աստծո օր տեսնում ու զգում էին, ոչ էլ ե՛ս էի մեղավոր, որ փոխվելս ո՛չ զգում էի եւ ոչ էլ էդ մասին որեւէ տեղեկություն ունեի ու ընդամենը մի բան էի որոշակիորեն տեսնում ու զգում՝ իմ հանդեպ իրենց վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը, ու էդ օրերին մտքովս չէր անցնի, որ տարիներն էսքան արագ կթռչեն, եւ իմ ու իրենց էդ գիշերվա խոսակցությունն էլ բառ առ բառ գրի կառնեմ, ու Կարոն էլ հիմնական ընթերցողներիցս մեկն է լինելու:
«Էդ դիալոգներդ շատ չե՞ս երկարացնում»,- մեր վերջին հանդիպման ժամանակ ասաց Կարոն: «Առաջ էլ քննադատում էիր, որ դիալոգ քիչ եմ գրում»,- ասացի ես: «Ճիշտ եմ ասել,- ասաց Կարոն.- առաջ շատ քիչ էիր դիալոգ գրում, հիմի էլ շատ ես չարաշահում. ամեն ինչ չափի մեջ ա լավ»:
Կարոն ասաց՝ «ամեն ինչ չափի մեջ ա լավ», բայց ես արդեն վերջնականապես եմ համոզվել, որ իմ դեպքում դա պարզապես անհնարին է, եւ եթե ես կյանքում շատ էլ համեստ ու չափավոր եմ, գրավոր խոսքում լավ էլ շատախոս ու սանձարձակ եմ, ու երեւի հեչ էլ պատահական չի, որ ես բանաստեղծությունը թարգելով՝ վերջնականապես արձակի անցա, որովհետեւ «արձակ» ու «սանձարձակ» բառերն իմաստով ահագին մոտ են ու իմ դեպքում դրանք գրեթե հոմանիշներ են, մանավանդ որ՝ ես պոեզիայի տարածքներում չէի բաշարում առանց հանգուվանկերի յոլա գնալ, ավելի՛ն՝ հենց էդ հանգուվանկերի ու բառախաղերի մեջ էի տեսնում պոեզիայի ողջ իմաստը, այսինքն՝ փոխանակ պոեզիա կոչվածի կապանքները քանդեի ու սահմաններն ընդլայնեի, մի բան էլ ի՛նքս էի պոեզիայի՝ առանց էդ էլ սահմանափակ տարածքներն ավելի՛ սահմանափակում՝ շարունակ ոտնձգություններ կատարելով պոեզիայի տարածքային ամբողջականության դեմ, այսինքն, բանաստեղծությունը թարգելով, ես ո՛չ միայն իմ տարածքներն ընդարձակեցի, այլեւ հենց պոեզիայի՛նը, եւ ամենատարօրինակն է՛ն է, որ ես բանաստեղծությունը թարգելուց հետո՛ սկսեցի բանաստեղծություն սիրել եւ երբեմն նույնիսկ կարդալ, եւ դա ինչքան որ տարօրինակ է, նույնքան էլ, երեւի, մարդկային է ու բնական, որովհետեւ որեւէ բանից վերջնականապես զրկվելուց հետո՛ է մարդ արարածը խորապես ըմբռնում իր կորցրածի բուն էությունն ու արժեքը, եւ իմ դեպքում բնավ կարեւոր չէ է՛ն հանգամանքը, որ ի՛նքս եմ ինձ զրկել, որովհետեւ, ի վերջո ու մեծ հաշվով, բոլոր զրկվածներս էլ կամավոր ու ինքնակամ ենք զրկված, եւ եթե մենք շարունակաբար ու մոլեռանդորեն չձգտենք ինքներս մեզ որեւէ բանից զրկել, ուրիշները դժվար թե հաջողացնեն մեզանից խլել էդ որեւէ բանը:
Ես, օրինակ, հաջողությամբ սկսել ու շարունակում էի էջ առ էջ խորանալ իմ ու նվագախմբի մեր տղերքի բանակային ժամանակի մեջ, եւ եթե լուրջ արգելքներ չլինեին՝ ես երեւի մինչեւ էսօր էլ ոգեշնչված շարունակեի խորանալ ու է՛լ ավելի տարածվել, բայց, ցավոք սրտի, էդ առումով չուզողներ ունեի եւ, փաստորեն, անկարող էի ընդառաջ չգնալ էդ առումով չուզողներիս թախանձագին խնդրանքներին ու տեղ-տեղ նույնիսկ պահանջներին եւ, ուրեմն, չդադարեցնել բանակային իմ էական ընթացքն ու ողջ պատմությունը, որովհետեւ էս չուզողներս սովորական չուզողներիցս տարբերվում են նրանով, որ իմ հիմնական ու մշտական ընթերցողներն են, ու քանի որ հիմնականում հենց իրե՛նց համար եմ հիշելով գրի առնում էս ամենը, չէի կարող ու իրավունք էլ չունեի հաշվի չառնել նրանց խնդրանքը, պահանջն ու երբեմն նաեւ նվնվոցը, ու չնայած Պարգեւի, Վալերի ու Ազատանցու պահանջն ուղղակիորեն հակասում էր էս չուզողներիս պահանջին, բայց էս չուզողներս ակնհայտ մեծամասնություն էին, ու ես, հնարավորինս խաբսեր տալով ու դիմադրելով, ի վերջո տեղի տվի մեծամասնությանը, բայց, միեւնույն ժամանակ, տեւական խաբսեր ու խաղեր տալով, իմ ու տղերքի բանակային կյանքից, փաստորեն, մի ամբողջ հատոր ստեղծեցի, այսինքն, կարելի է ասել ու կարող եմ ասել, որ իմ էդ հատորն, առանձին վերցրած, ամբողջական ու հաստափոր մի վեպ է իմ ու նվագախմբի մեր տղերքի բանակային կյանքից, ու չնայած իմ էդ պատմությունն ակնհայտորեն է զիջում քաջարի Շվեյկի պատմությանը, բայցեւ մեր հայոց գրականության մեջ ակնհայտ նորություն է, որովհետեւ, ինչքան հիշում եմ, մեր ոսկեղենիկ հայերենով պատերազմի ու զանազան կռիվների մասին վեպեր ինչքան ասես գրվել են, եւ ով ասես գրել է, բայց բանակային միանգամայն խաղաղ ու անշառ ծառայության մասին, ինչքան հիշում եմ, ոչ մի վեպ չկա գրված, ու վատ ընթերցող լինելս էս դեպքում միանգամայն օգուտ է գործիս, որովհետեւ, եթե խաղաղ ժամանակների բանակային կյանքից մեր լեզվով որեւէ վեպ գրվել է՛լ է, ես այն չեմ կարդացել ու որեւէ տեղեկություն չունեմ, ու տեղեկացված չլինելս, փաստորեն, ինձ համար լրացուցիչ խթան ու արդարացում է, որ ես, մերոնց մեջ առաջինը լինելով, չէի էլ կարող վերցնել ու միանգամից «Շվեյկին» հավասար մի գործ ստեղծել, բայց իմ էս փորձից հետո շատ էլ հնարավոր է, որ մեր ջահելներից մեկը վերցնի ու հենց «Շվեյկին» հավասար մի գործ գրի, մանավանդ որ՝ արտառոց գեղարվեստականի առումով մեր ազգային բանակի առօրյան ո՛չ ավստրիական, ո՛չ խորհրդային եւ ոչ էլ մյուս բանակների առօրյային է զիջում, միայն թե՝ էդ նոր գրողը խորքա՛նց պիտի իմանա բանակային կյանքը, այսինքն, ուզում եմ ասել, որ բանակի կյանքից գրողը պիտի լինի ո՛չ նրանցից, ովքեր մեր Գրողների միության նախաձեռնությամբ եռամսյակը մեկ մեր ազգային բանակի զորամասեր են այցելում ու երբեմն անձամբ պաշտպանության նախարարի հետ է՛լ են հաջողացնում հանդիպել, այլ էդ թեմայով գրողն անձա՛մբ պիտի բանակում ծառայած լինի եւ խորքանց ու հնարավորինս երկար պիտի տեսած լինի էդ, ուրեմն, բանակային կյանքը, եւ եթե ես ընդամենը մի տարի մեր էդ հրթիռային N զորամասում ուրախ ու զվարթ ծառայելով՝ մի ամբողջ հատոր գրեցի, պատկերացրեք՝ ինչե՜ր կգրեի, եթե նոյեմբերյանցի ջեւիկներից Գրիշի՛ չափ ծառայած լինեի ու սեփական մաշկիս վրա էլ Գրիշի պես կրած լինեի բանակային կյանքի ողջ դրաման ու, ինչու չէ, նաեւ ողբերգությունը, այսինքն՝ չէի սահմանափակվի ու չէի բավարարվի ուրիշի ողբերգության մակերեսային ու միանգամայն սառնասիրտ նկարագրություններով, բայց հայ ընթերցողն ընդհա՛նրապես եւ իմ հայ ընթերցողը հատկապես չափազանց չմահավան, անհանդուրժող ու նաեւ անհարկի բծախնդիր է եւ բոլոր դեպքերում պահանջելու էր, որ շուտափույթ ավարտեի բանակային թեկուզեւ իսկական ողբերգությունը, ճիշտ այնպես, ինչպես հիմա՛ է փափագում էս անվերջանալի երկխոսություններիս վերջն ու ավարտը տեսնել, եւ հայ ընթերցողի հենց մշտական անհանդուրժողականությունն է ինձ ու մեր մյուս գրողներին մշտապես տհաճ լարվածության մեջ պահում՝ չթողնելով գոնե էս մի պատառ թղթի առաջ ազատ ու անկաշկանդ լինել, եւ, փաստորեն, ես ու մեր մյուս գրողները արձանագրում ենք ո՛չ թե մեր մտքինն ու սրտինը, այլ ընդամենն ա՛յն, ինչը մեր տարաբախտ ու պահանջատեր ընթերցողն է փափագում արձանագրված տեսնել:
Ես, ճիշտ է, միշտ հակառակն եմ արել ու անում, բայց, պարզվում է, հակառակն անելն է՛լ ճանապարհ ու ելք չէ, եւ շատ դեպքերում ենթարկվելն ու հակառակվելը հավասարապես են քեզ շեղում բուն ճշմարտությունից, ու քանի որ ընթերցողն ու գրողը հավասարապե՛ս են անտեղյակ բուն ճշմարտությունից, հիմնականում զբաղվում են իրար ենթարկվելով ու իրար հակառակվելով, եւ եթե գրողն ընդհա՛նրապես եւ հայ գրողը մասնավորապես գրում է, որպեսզի ինչ-որ մեկը հավանի կամ չհավանի իր գրածը, ապա ընթերցողն ընդհա՛նրապես եւ հայ ընթերցողը մասնավորապես եթե որեւէ բան կարդում է՛լ է, ապա կարդում է, որպեսզի հավանի կամ չհավանի իր էդ կարդացածը: Այսինքն, երկուսի դեպքում էլ բացակայում է հաճույքի ու արվեստի պահը, եւ այդ է պատճառը, որ հայ ընթերցողը գրականությունն ու արվեստը մշտապես ու կտրականապե՛ս է սահմանազատում իրարից, եւ այն, ինչ մեզանում թույլատրվում է գեղանկարչին, գրողին ոչ մի դեպքում չի թույլատրվում, եւ եթե գեղանկարիչը մի տկլոր կին է նկարում, էդ նկարն առանձնակի հաճույքով կախ ենք տալիս մեր ճաշասենյակի պատից, իսկ եթե նկարիչն իր էդ նկարը մեզ ձրի է նվիրած լինում, կրկնակի՛ հաճույքով ենք այդ անում, եւ երի՛ցս գորովանքով ենք վերաբերվում էդ, ուրեմն, տկլոր կնոջը, եթե նկարչի էդ նկարի դիմաց մի կլորիկ գումար ենք նկարչին տված լինում:
Գրողի պարագան հատկապես մեզանում միանգամայն այլ է, եւ եթե գրողն իր որեւիցե գրվածքում որեւիցե կիսատկլոր կին է նկարագրում, իսկույն հարայհրոց ենք բարձրացնում՝ աղաղակելով, թե սույն գրողն այլասերում եւ փչացնում է մեր սերունդներին ու մեր ոսկեղենիկ լեզվի էլ հե՛րն է անիծում, իսկ նկարիչների պարագայում ոչ ոք հակադաստիարակչական մեղադրանքներ չի ներկայացնում, ու դեռ չի գտնվել մի բարոյախոս, որ տկլոր կնանիք նկարող որեւէ նկարչի մեղադրի, թե վերջինս ներկերի ու մասնավորապես մեր որդան կարմիրի հերն է անիծում:
Ինչեւէ. մեզանում բոլորի ազատության չափաբաժինն ավելին է, քան՝ գրողինը, եւ եթե որեւէ գրքում կամ ամսագրում որեւէ գռեհիկ կամ անթույլատրելի արտահայտության ենք հանդիպում, էդ գիրքն ու էդ ամսագիրը թաքցնում ենք մեր գրապահարանների ամենավերեւների ամենախորքերում, որպեսզի երեխեքի ձեռքը չհասնի, բայց ոչ ոքի մտքով չի անցնում հեռուստացույցը տան մեջ որեւէ թաքուն տեղ պահել, որպեսզի երեխեքը չտեսնեն մեր ազատ ու պատասխանատու եթերից հորդացող պոռնոֆիլմերը՝ լեփլեցուն տկլոր կանանցով ու կիսատկլոր տղամարդկանցով:
Այսինքն, մեր հանդիսատեսն ու ընթերցողը, որ հիմնականում նույն ավանդապաշտ հայն է, միանգամայն հանդուրժող է նկարների ու ֆիլմերի հարցերում եւ չափազանց քթի մազ է, երբ խոսքը վերաբերում է հայրենի գեղարվեստական գրականությանը, եւ ասածս վերաբերում է ո՛չ միայն էսօրվա ընթացիկ գրականության մեջ հանդիպող որոշ անթույլատրելի թեմաներին ու արտահայտություններին, այլ՝ ամենատարրական թեմաներին ու է՛ն արտահայտություններին, որ ամեն քայլափոխի հորդում են ոսկեղենիկ լեզվի մեր էդ պաշտպանների բերաններից, եւ եթե նախորդ հատորիս ընթացքում ընթերցողներիցս շատերն ինձ ուղղակի ստիպում էին կարճ կապել եւ շուտափույթ ավարտել բանակային պատմություններս, հիմա էլ իմ էս երկարատեւ դիալոգների վերջն ու ավարտն են տենչում, բայց, ինչպես բանակիս դեպքում, հիմա է՛լ եմ հնարավորինս դիմադրում ու հեչ էլ չեմ շտապում ընթերցողիս կամակատարը դառնալ, եւ եթե բանակային շարադրանքներիս դեպքում ինձ ոգեշնչողն ու դիմադրության մղողն իմ է՛ն համոզմունքն էր, որ ես հայրենի գրականության միակ վեպն եմ գրում բանակային միանգամայն խաղաղ կյանքից, ապա հիմա էլ է՛ն հստակ համոզմունքն ունեմ, որ իմ էս տեւական դիալոգներն ամենաերկարն են մեր գրականության ողջ քրեստոմատիայում:
Այսինքն, գրականության հանդեպ ընդհա՛նրապես եւ իմ գրականության հանդեպ մասնավորապես՝ մոտեցումներս միանգամայն սպորտային են, ու ամենեւին պատահական չէ, որ հովանավորս էլ մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է, եւ եթե էս վերջերում ոճիս ու ինտոնացիայիս մեջ որոշակի ինքնավստահության շեշտեր զգացիք ու հայտնաբերեցիք, կարող եմ հավաստիացնել, որ միանգամայն ճիշտ եք զգացել ու հայտնաբերել, եւ էս պահի ինքնավստահությանս հիմքն ու պատճառը բնավ էլ բանակային խաղաղ կյանքից առաջին վեպը գրելուս հանգամանքը չէ, եւ ո՛չ էլ՝ ամենաերկար դիալոգները գրած լինելուս հանգամանքը, այլ ընդամենն այն, որ այսօր առավոտ հովանավորիցս արդեն ստացել եմ էս վեպիս առաջին հատորի հրատարակչական ծախսերը մարմնավորող գումարը, ու հիմա առանձնապե՛ս եմ վստահ, որովհետեւ ականջիս լուրեր էին հասել, որ հովանավորիս մոտ մեր ընդհանուր ծանոթներից մեկը հնարավորինս չարախոսել է ինձ ու ջրեր է պղտորել իմ էս վեպի ու մեր ոսկեղենիկ լեզվի անհամերաշխության ու աններդաշնակության թեմայով, ու հիմա ես, որպես ազնիվ ու անաչառ գրող, էդ ջուր պղտորողին պարտավոր եմ հորդորել, որ իր առաջիկա ջանքերը խնայողաբար գործադրի, ավելի ճիշտ՝ իր էդ առաքելությունը հետաձգի ընդհուպ տարեվերջ, որովհետեւ էսօր առավոտ հովանավորիցս նաեւ էս ընթացիկ հատորիս գումարն եմ ստացել, եւ հետայսու ու առ տարեվերջ պղտորվելիք ջրերն ընդամենը վիրտուալ են պղտորվելու, ու էս վեպիս հետ կապված՝ բախտս նաեւ է՛ն առումով է բերել, որ թե՛ հովանավորս եւ թե՛ «Առավոտի» խմբագիրը բամբասանքներին ընդհանրապես ու գրական-գեղարվեստական բամբասանքներին հատկապես ականջալուր չեն:
Ջրերի պղտորման էս ամբողջ պատմության հետ կապված ամենահետաքրքիրն այն է, որ էդ կարկառուն պղտորողը լավ էլ տեղյակ է, որ ես լավ էլ տիրապետում եմ ոսկեղենիկին ու ամեն առավոտ նաեւ ոսկեղենիկով եմ մի քանի հոդված ու խմբագրական գրում մեր էլեկտրոնային ու սովորական մի քանի թերթերի համար, ու չնայած փոքրուց էլեկտրականությունից վախեցող եմ եղել, բայց հատկապես էլեկտրոնային թերթերի համար գրածս խմբագրականներն ու հոդվածներն են հաջող ստացվում, եւ եթե էդ հոդվածներս անստորագիր կամ կեղծանուններով են ընթերցողին հասնում, դրա պատճառը ո՛չ թե մեր ոսկեղենիկից հուշտ լինելս է, այլ ընդամենն այն, որ իմ էդ հոդվածների ու խմբագրականների քաղաքական բովանդակությունը հե՛չ չի համապատասխանում քաղաքական հայացքներիս է՛ն պարզ պատճառով, որ ես ընդհա՛նրապես քաղաքական հայացքներ չունեմ եւ «Մահ կամ ազատությունից» նույնքան եմ հեռու, ինչքան՝ «Մահ կամ ազատականությունից», եւ քաղաքական հայացքներ չունենալս երբեմն նպաստել է, որ էս դժվարին տարիներին աշխատանք ունենամ, ընդ որում՝ միանգամայն լրագրողական աշխատանք, ու էս առումով ինձ համար ամենահետաքրքիրն ու արժանահիշատակը երկու հազար թվականն էր, երբ ես Հանրապետական կուսակցության «Ժամանակ» թերթի համար ամեն օր միանգամայն իշխանամետ խմբագրականներ էի գրում եւ, միեւնույն ժամանակ, այսինքն՝ էլի ամեն օր չափազանց բողոքական ու ընդդիմադիր խմբագրականներ էի գրում մեր էլեկտրոնային թերթերից մեկի համար, եւ, հիշում եմ, առավոտները զարթնում՝ նախ էլեկտրոնայինինն էի գրում եւ հետո նոր միայն «Ժամանակի» համար էլեկտրոնայինի ճիշտ հակառակն էի գրում, այսինքն՝ «Ժամանակի» համար գրածս խմբագրականով տող առ տող ու գաղափարապես ջարդուփշուր էի անում էլեկտրոնայինինը, եւ ամենահետաքրքիրն ու ամենաէականն էն է, որ էդ ամբողջ ընթացքում ինձ ո՛չ ստորացած էի զգում եւ ո՛չ էլ բարոյալքված, չնայած էդ ընթացքում շարունակաբար ավելի ու ավելի էի օտարվում քաղաքական գաղափարներից ու մեր համընդհանուր ոսկեղենիկից, ու էդ ընթացքում ծնվեց իմ բնական լեզվով իմ իրական կյանքի ու հավակնությունների մասին էս վեպս գրելու ու էս գրածիս վերեւում իրական անունս ու ազգանունս գրելու գաղափարը:
Ինչպես տեսնում եք՝ գրում եմ, ավելի ճիշտ՝ գրվում է, ու էս դիալոգներիս տեւականությունն էլ նրանից է, որ ես ո՛չ թե ենթարկվում եմ ընթերցողներիս, այլ միանգամայն հաշվի եմ առնում նրանց ու գիտեմ, որ երկար ու ձիգ դիալոգները ոչ միայն գրողի՛ գործն են հեշտացնում ու թեթեւացնում, այլեւ՝ ընթերցողինը, ու եթե մինչ էս պահն իմ պատանեկության ընկեր Կարոն շարունակ տրտնջում ու դժգոհում էր դիալոգներիս երկարությունից, դրա պատճառն ընդամենն է՛ն էր, որ իմ էս անվերջանալի դիալոգներում ինքը դեռեւս չէր հայտնվել: