Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիրավոր «Բազեն»

Մարտ 11,2006 00:00

«Բազե Ձմեռ- 2006»-ի ավարտին բազեականների հնչեցրած
դժգոհությունն առ այն, թե համապատասխան ուշադրության չեն արժանացել ո՛չ պետական-քաղաքական
գործիչների եւ ո՛չ էլ նրանց սպասարկող իշխանական լրատվամիջոցների կողմից, լուրջ մտորումների
տեղիք է տալիս: Վերջին տարիներին, երբ մեր պետական բարձրաստիճան այրերին առիթ
էր ընձեռվում խոսելու երիտասարդության զարգացման պետական քաղաքականության մասին,
բոլորը միաբերան խանդավառությամբ վկայակոչում էին «Բազեի» շրջանակներում եւ նրա կողմից
տարվող «լուրջ» աշխատանքների մասին: Իսկ ինչ վերաբերում է «Բազեին», իրականում այն
իրենից ներկայացնում էր յուրօրինակ «կոմերիտմիություն», որը արժանավոր եւ տաղանդավոր
երիտասարդության անվան տակ հավաքագրում էր ամենաամբիցիոզ եւ կարիերիստ երիտասարդներին,
որոնք հետապնդում էին քաղաքական նպատակներ եւ պատրաստ էին դրա դիմաց գնալ ցանկացած
զոհողության: Հիշենք, թերեւս, «Բազեի» ձեւավորման անհրաժեշտությունը, որն ուներ գերազանցապես
քաղաքական նպատակ: 2003թ. նախագահական ընտրությունների նախաշեմին, երբ նախընտրական
կրքերը հատել էին կուլմինացիոն սահմանը, պետական որոշ այրերի մեջ հանկարծ երիտասարդների
հանդեպ «հոգատարության» զգացում առաջացավ: Առավել քան համոզված լինելով, որ նորմալ
ընտրությունները վերընտրվելու ոչ մի երաշխիք չեն խոստանում, իշխանական վերնախավը՝
նախագահի հրահանգով, ստեղծեց «Բազեն», որը, բաժանվելով երեք ուղղությունների, թեւածեց
Հայաստանով մեկ՝ փորձելով գտնել նախագահի «կորսված լեգիտիմությունը»: Բազեականներից
ոմանք փորձեցին այդ լեգիտիմությունը «վերականգնել» սեփական ջանասիրությամբ՝ զանազան
տիպի «արջի ծառայություններ» մատուցելով իշխանություններին: Բազեականների մեջ նույնիսկ
գտնվեցին մարդիկ, ովքեր քվեարկության օրը տարբեր ոճի ընտրախախտումներում յուրօրինակ
ռեկորդներ սահմանեցին՝ գերազանցելով իրենց հովանավորյալների սպասելիքները: Ահա այսպիսի
հանցավոր մթնոլորտում կայացավ «տարօրինակ» այդ թռչնի եւ իշխանական վերնախավի դաշինքը,
որը, ինչպես եւ իշխանական մեքենայի ներսում տեղի ունեցող մյուս գործարքները, նույնպես
հենվում էր տխրահռչակ «Դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքի վրա: Անօրեն ճանապարհով ընտրված
իշխանությունները հետընտրական շրջանում իրենց «խորին շնորհակալությունը» հայտնեցին
բազեականներին: Իրենց առավել «փայլուն» դրսեւորած բազեականները աշխատանքի տեղավորվեցին
կառավարության տարբեր ենթակառուցվածքներում, վարչապետի, նախագահի ապարատներում, դարձան
խորհրդարանականներ եւ այլն: Իսկ մնացածները, որոնց չհաջողվեց քաղաքական պաշտոններ
ստանձնել, ստիպված եղան բավարարվել պետբյուջեից հատկացված ընդամենը մի քանի միլիոն
դրամ «խղճուկ» գումարով եւ տարեկան երկու անգամ հավաքվելով ու ամենաճոխ խրախճանքները
կազմակերպելով: Իսկ սա այն դեպքում, երբ հայ երիտասարդության մի ստվար մասը (խոսքը
վերաբերում է հատկապես մարզային երիտասարդությանը), «չգիտես ինչու», հայտնվել է սոցիալական
ընդերքում: Այն բազեականները, որոնք 2003-ից հետո չստանձնեցին քաղաքական պաշտոններ,
այս տարիների ընթացքում ջանք ու եռանդ չէին խնայում իրենց փառասիրական երազանքները
կյանքի կոչել գալիք ընտրությունների միջոցով: Բազեականներն իրենց շարքերը համալրեցին
նույնիսկ ազգային փոքրամասնության ներկայացուցիչներով, սակայն անսպասելիորեն (համենայնդեպս՝
իրենց համար) արժանացան իշխանական վերնախավի անտարբեր վերաբերմունքին: Իշխանական
գործիչների այս անտարբերությունը հստակ ցույց տվեց մի բան, որ «Բազեն» այլեւս չի
կարող ունենալ այն քաղաքական դերակատարությունը, ինչն ուներ նախորդ ընտրությունների
ժամանակ: Քաղաքական տեսանկյունից այս հանգամանքն ունի երկու հիմնական պատճառ. նախ,
որ իշխանության ներսում տեղի են ունենում լուրջ վերադասավորումներ եւ առայժմ հստակեցված
չէ, թե գալիք ընտրություններում «Բազեն» ո՞ր քաղաքական ուժի կամ ուժերի շահերին է
սպասարկելու, իսկ երկրորդը կապված է ընտրական տեխնոլոգիաների «առաջադիմության» հետ:
Անցել են այն ժամանակները, երբ ընտրվելու համար իշխանությունները դիմում էին զանազան
կեղծավորությունների, արգելված տեխնոլոգիական հնարքների, ինչի համար անհրաժեշտ էր
«արջի ծառայություն մատուցողների» հսկայական բանակ: Սահմանադրական հանրաքվեն լավագույնս
ապացուցեց, որ միանգամայն փոխվել են իշխանական բուրգի մոտեցումները ընտրական գործընթացների
կազմակերպման վերաբերյալ: Դարձել է շատ պարզ. նախընտրական շրջանում էական գործընթացներ
տեղի չեն ունենում, քվեարկության օրը «Կերպարվեստի պետական ակադեմիան» (Կենտրոնական
ընտրական հանձնաժողովը) շլացուցիչ գույներով նկարում է այն թիվը, որն ընդամենը նախորդ
օրը պատվիրվել էր նախագահի ապարատի կողմից: Այսքանից հետո մնում է վշտակցել
բազեականներին: Վիրավորվել ամենեւին պետք չէ, ուղղակի ժամանակն է ճիշտ ըմբռնել, որ
իշխանական ճամբարում տեղի ունեցող խմորումները, ինչպես նաեւ ընտրական գործընթացների
հարցում տեղի ունեցած տեխնոլոգիական «սանձարձակ» առաջադիմությունը չի ընձեռում այլեւս
«արջի ծառայությունների» դիմաց «քաղաքական շնորհակալության» արժանանալու նախկին հնարավորությունը:
ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, քաղաքագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել