Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու հոգով պարարվեստ էին «փրկում»

Մարտ 11,2006 00:00

Երեկ «Հայելի» ակումբում քննարկում էր կազմակերպվել, որի հյուրերն էին Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի պարարվեստի ամբիոնի դասախոս Զեմֆիրա Երիցյանը եւ ՀՀ վաստակավոր արտիստ, Երեւանի մշակույթի համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիզիրյանը:

Նրանք անընդհատ հարց էին հնչեցնում, թե ինչու այլ երկրներ կարողանում են իրենց ազգային պարերը ներկայացնել նորովի, իսկ մենք՝ ոչ, կամ «ինչու է պարարվեստը դեգրադացված»: Ու պատասխան չէին գտնում, քանի որ ընդամենը երկուսով էին եւ չկար այլ մասնագետների կարծիքների բախում:

Ա. Կիզիրյանը անդրադարձավ հարցազրույցներից մեկում Շարլ Ազնավուրի արտահայտած այն դիտարկմանը, թե չի կարելի Հայաստանը Ֆրանսիային ներկայացնել ֆոլկլորի միջոցով: Հետո այդ ամենի մեղքը բարդեց պետության վրա, որ պատճաշ ուշադրություն չի դարձնում ազգային պարարվեստին: «Ֆոլկլորը պարարվեստի եւ առհասարակ արվեստի հիմքն է, այն պետք է մշակենք, զարգացնենք եւ այդ վիճակով ներկայացնենք հանդիսատեսին…Հատկապես տեխնիկայի առումով շատ ենք հետ գնացել, այսօր չունենք շարժումների այն արսենալը, որ ունեն մեր հարեւանները: Խոսքս հատկապես վերաբերում է պարի պետական անսամբլին, ես կուզենայի ավելի լուրջ եւ ճիշտ մոտեցում լիներ»:

Զ. Երիցյանն էլ կարոտախտով հիշեց խորհրդային տարիների գրաքննությունը, երբ նախարարությունից հատուկ վերահսկում էին. ինչ պետք է պարել, ինչ՝ ոչ: «Երբ 1958-ին կազմակերպվեց պարի պետականը, որի մենապարուհին եմ եղել (իր անվանի գործընկերների հավաստմամբ, տիկ. Զեմֆիրան իր բեմական կարիերայի ընթացքում «Երեւանի հայկական շուկա» բեմադրության մեջ՝ «Ավլեմ-թափեմ փոշին», ընդամենը հանդես է եկել հավաքարարի դերապարով- Գ. Հ.), գրեթե պրոֆեսիոնալ պարողներ չկային, 2-3 հոգի էին խորեոգրաֆիկ ուսումնարան ավարտել: Բայց բեմադրությունների ժամանակ գեղարվեստական ղեկավարը՝ Էդվարդ Մանուկյանը, Վահրամ Արիստակեսյանը, Իլյա Արբատովը, Զարեհ Մուրադյանը եւ ուրիշներ աշխատեցին ու կարողացան սարքել հետաքրքիր ծրագիր: Ուզում եմ շեշտել, որ եթե այն տարիներին պարի պետականում պրոֆեսիոնալ չէին, ապա գոնե եկել էին իրենց սիրած արվեստը ներկայացնելու, իրենց հոգին էր խոսում: Դրա համար են բոլորը հիշում հին պարի պետականը… Այսօր մեր լավագույն համարներն են «Կինտոները», «Էնզելին», «Սուսերով պարը» (ի դեպ, բոլորը բեմադրել է Վանուշ Խանամիրյանը- Գ. Հ.)»,- հիշեց տիկ. Երիցյանը… Անուղղակիորեն անդրադարձ եղավ նաեւ Սոֆի Դեւոյանի թատրոնին: «Ես չեմ կարողանում հասկանալ՝ այդ անսամբլում կաբարեի՞ պարողներ են, վարիետեի՞, թե՞ արեւելյան»,- դժգոհեց տիկ. Զեմֆիրան:

Հարցին՝ ի վերջո որն է պարի պետականի թերությունը, Զ. Երիցյանը պատասխանեց. «Գծերի հավասարություն կա, կատարում կա, բայց հոգի չկա: Այսօր կրակ չկա պարի պետականի պարերում: Իհարկե, Գագիկ Կարապետյանը մի 3-4 համար ունի՝ «Արցախը», «Հովիվների պարը», որոնք կարող են մշտապես մնալ ծրագրում, բայց դրանք կատարում չունեն»: Կիզիրյանի կարծիքով էլ. «Կատարողների հետ պետք է մեծ աշխատանք տարվի. թե դերասանի վարպետության, թե տեխնիկայի առումով»:

Կապվեցինք Պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Գագիկ Կարապետյանի հետ, հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է գործընկերների կարծիքը: «Կարծում եմ՝ պարարվեստի խնդիրների մասին քննարկում կազմակերպելու համար պետք էր հրավիրել ոչ թե 2, այլ մեծ թվով մասնագետների: Այդ դեպքում գուցե բանավեճը կամ քննարկումը նպատակին ծառայեր: Ինչ վերաբերում է Ալբերտ Կիզիրյանին եւ Զեմֆիրա Երիցյանին, նրանք ինձ համար «ավտարիտետներ» չեն: Հիշեցնեմ, որ ընդամենը 7 ամիս է, ինչ աշխատում եմ այս կոլեկտիվում, բայց արդեն հասցրել ենք 6 պար բեմադրել: Ունեցել ենք շրջագայություններ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների: Պարի պետական անսամբլն իր գոյության շուրջ 50 տարվա պատմության մեջ վերջապես ունեցավ իր առաջին DVD-ն, իսկ 1974-ից հետո նաեւ առաջին CD-ն: Էլ չեմ խոսում այն մասին, որ կրկնակի բարձրացել է աշխատավարձը»,- ասաց Գ. Կարապետյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել