Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գարունի» հոգսերը

Մարտ 11,2006 00:00

Հարցազրույց
ամսագրի գլխավոր խմբագիր, արձակագիր Վարուժան Այվազյանի հետ «Չնայած ուրիշներին
եմ մեղադրում, բայց ամսագիրը պահելու համար ես էլ եմ հաճախ ստիպված մղվում կյանքի
խորքը»,- դեսից-դենից ֆինանսավորում հայթայթելու գործընթացը այսպես բնորոշեց «Գարուն»
ամսագրի գլխավոր խմբագիրը: 1967-ին հիմնադրված «Գարուն» գրական- գեղարվեստական ամսագիրն
այսօր կանգնած է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ։ Դեռ 1980-ականների վերջին՝ Մերուժան
Տեր-Գուլանյանի խմբագրությամբ ամսագիրը լույս էր տեսնում 100.000 տպաքանակով, իսկ
այսօր այդ թիվը ընդամենը 700 է։ «Այդքան ընթերցող կորցրինք պետության «հաջող» քայլերի
շնորհիվ,- նեղսրտում է Վ. Այվազյանը,- հիմա ստիպված ենք զրոյից ընթերցող հայթայթել»։
Ըստ նրա՝ սոցիալական պայմանների պատճառով մարդիկ այժմ գոնե հինգ րոպե ժամանակ
չունեն ընթերցանությամբ զբաղվելու։ Վ. Այվազյանի կարծիքով՝ անգրագիտությունը գեղագիտությամբ
փոխարինելու միջոցով կարելի է արթնացնել ընթերցողին։ Ըստ նրա, «Գարուն» ամսագիրն
այդ ճանապարհին ունի մարդկանց կրթելու, կյանքի դասեր տալու նպատակ։ ՀՀ ԳԱԱ
նախագահության բյուրոյի նիստերի արձանագրության մի քաղվածքում նշված է, որ 2006-ի
փետրվարի 6-ի «Հայկական հանրագիտարան» հրատարակչությանը աշխատանքային տարածք հատկացնելու
համար» հ-4 հրամանով որոշված է, որ ՀՀ ԳԱԱ հաշվեկշռում գտնվող Գր. Լուսավորչի 15-րդ
շենքի 4-րդ հարկի սանդղավանդակից աջ թեւը 217-61 քմ (միջանցք) պիտի հատկացվի «Հայկական
հանրագիտարան» հրատարակչությանը։ Իսկ այդ տարածքի մի մասում պետք է տեղավորվի «Գարուն»
ամսագրի խմբագրությունը: Որպես աշխատանքային տարածք, նրան պետք է հատկացվի նույն
հարկի ձախ կողմում գտնվող երեք սենյակը՝ 61 քմ ընդհանուր մակերեսով։ Այս որոշման
արդյունքում «Գարունի» խմբագրական աշխատակազմն այսօր այսպիսի աշխատանքային պայմաններ
ունի. «Սրբագրիչը, երկու բաժիններ, համակարգչային մասնագետը, քարտուղարուհին, վարորդը
աշխատում են մեկ սենյակում»։ Ամսագրի աշխատակազմը, սակայն, համառ է, քանի որ Գր.
Լուսավորչի 15-րդ շենքում տեղակայված շատ հիմնարկների պես գրոհներից հոգնած չի լքել
շենքը։ Սա Վ. Այվազյանի համար բարոյական հաղթանակ է։ Ամսագրի ֆինանսական խնդիրները
լուծելու ակնկալիքով Վ. Այվազյանը քանիցս դիմել է տարբեր ատյանների, անգամ «օլիգարխների»։
Բայց «պատասխանը լռությունն էր»։ Նա չցանկացավ անուններ տալ, քանի որ դեռ հույս ունի,
թե կօգնեն։ Չնայած այս ամենին, «Գարունը» չի ընկճվում դժվարություններից եւ
շատ լուրջ ծրագրեր ունի։ Առաջինը ամսագրի էլեկտրոնային էջում տեղակայված «Մշակութային
խաչմերուկ» ծրագրի զարգացման համար ֆինանսներ հայթայթելն է, լավագույն գրողների գործերը
ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն թարգմանելը։ ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել