Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գաստրոնոմիական» հարցախույզ

Մարտ 11,2006 00:00

Ուտել-խմելու ինչպիսի՞ «օբյեկտներ» են հաճախում հայերը եւ ի՞նչ են պատվիրում

Հասարակության բեւեռացմանը զուգահեռ, Հայաստանում եւ մասնավորապես Երեւանում սկսեցին սնկի պես աճել ռեստորանային համալիրները: Դրանք կառուցվեցին կամ վերակառուցվեցին եվրոպական ոճով: Ի՞նչ փոխվեց: Դրանից ի՞նչ փոփոխություն կրեց հասարակության ճաշակը, ովքե՞ր են այսօր այցելում ռեստորաններ եւ ի՞նչ են պատվիրում:

Հարցախույզ անցկացրինք Երեւանի մոտ մեկ տասնյակ ռեստորանների տնօրենների, մենեջերների եւ մատուցողուհիների, ինչպես նաեւ հասարակ, շարքային քաղաքացիների շրջանում: Առաջինը կապվեցինք «Ջինջեր» համալիրի պատասխանատուի հետ: Նա ասաց, որ իրենք հաճախորդներին առաջարկում են իտալական, հայկական, հնդկական, թաիլանդական, չինական խոհանոցների ուտեստներ եւ տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ: Դրանցից զբոսաշրջիկները նախընտրում են ինչպես հայկական, այնպես էլ մյուս երկրների կերակրատեսակները: Իսկ հայ հաճախորդը, ծանոթ չլինելով մյուս երկրների ճաշատեսակներին, հիմնականում առաջնորդվում է «փորձած թանը անփորձ մածնից լավ է» սկզբունքով եւ պատվիրում հայկական կերակրատեսակներ, չհրաժարվելով նաեւ իտալական պիցցաներից: Ալկոհոլային խմիչքներից «Ջինջերում» ամենաշատը պատվիրում են վիսկի, կոնյակ, գինի՝ հայկական եւ իտալական: Իսկ ռեստորանի հայտնի այցելուների մասին այստեղ «դժվարացան» հիշել:

«Ուսանող» սրճարան-ռեստորանի տնօրեն Վաղարշակ Մկրտչյանի տեղեկացմամբ, իրենց հաճախորդները, որոնց մեծ մասը ուսանողներ են, սիրում են ուտել խորոված եւ հայկական աղցաններ, խմել հիմնականում ռուսական օղի: Զրուցակիցս ասաց, որ հայտնի քաղաքական գործիչներ էլ են հաճախ այցելում: Տնօրենը նրանց շարքում հիշեց Վահան Հովհաննիսյանին եւ Դավիթ Զադոյանին:

«Կակտուս» ռեստորանում հավաստիացնում են, որ իրենք առաջարկում են 80-ից ավելի մեքսիկական կերակրատեսակներ, որոնց սպառողները մեծամասամբ խոհանոցին լավատեղյակ օտարերկրացիներն են: Մեքսիկական ուտեստներից այցելուները, այդ թվում՝ հայ, ճաշակում են բուրիտոն եւ եգիպտացորենի ձողիկներով տապակած պաղպաղակը, որը մատուցվում է որպես աղանդեր: Այստեղ խմում են թեքիլլա: Հասարակության հայտնի դեմքերի մասին այստեղ նույնպես հարկ համարեցին լռել:

«Մեր գյուղը» ռեստորանում, ընդհակառակը, չվարանեցին տալ իրենց պատվավոր հյուրերի անունները՝ Շառլ Ազնավուր, Ռոբերտ Քոչարյան, Վլադիմիր Սպիվակով, Վարդան Օսկանյան: Նաեւ տեղեկացրին, որ «Մեր գյուղի» մենյուում միայն հայկական տնական խորոված, ձուկ (իշխան, կարմրախայտ), կերուսուս, տժվժիկ ու քարաճիկ, նաեւ ավելուկ ու գոմեշի մածուն կա: Ալկոհոլային խմիչքներից էլ առաջարկում են տնական օղի՝ թթի, հոնի ու ծիրանի:

«CCCP» ռեստորանում էլ են լինում նախարար այցելուներ (անունները չհայտնեցին) եւ ուտում են բորշչ ու սոլյանկա: «Էլինա» ռեստորանում հաճախորդները հիմնականում նախընտրում են խորոված ու խաշլամա, խմում են ռուսական օղի: «Արքայաձորում» նույնպես խմում են ռուսական օղի եւ ուտում խորոված: Ձուկը նույնպես շատ է սպառվում այստեղ: Հազվադեպ լինում են նաեւ ֆրանսիական կոտլետի պատվերներ: Վերջին երկու ռեստորաններում չցանկացան պատասխանել հյուրերի ցանկի վերաբերյալ հարցին, սակայն, «Առավոտի» տեղեկություններով, «Էլինան» հարազատ օջախ է «Օրինաց երկրի» կուսակցականների համար, իսկ «Արքայաձորը»՝ հանրապետականների:

Հարցումներ արեցինք մեր համաքաղաքացիների շրջանում, թե արդյոք այցելո՞ւմ են ռեստորաններ եւ, ընդհանրապես, դրանց բազմաձեւությունն ու թվաքանակի ավելացումը համարո՞ւմ են ընդհանուր կենսամակարդակի, ճաշակի առաջընթաց: Պավլիկ Մարգարյանն ասաց, որ ինքը չի այցելում ռեստորաններ: Գործազուրկ Կարինե Սուքիասյանը այցելում է ռեստորան, բայց առիթի դեպքում. «Եթե ծնունդի, կնունքի, հարսանիքի հրավեր է լինում»: Միաժամանակ նկատում է՝ «հայերը դեռ ռեստորան գնալու բան չեն»: Հռիփսիմե Կիրակոսյանն էլ կարծում է. «Հիմա հայերի ոտքը բացվել է, ավելի շատ են գնում արտասահման, ավելի շատ են շփվում դրսի հասարակության հետ, հետո գալիս ու սկսում են ռեստորանային նոր մաներաներ սովորելու փորձեր անել»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել