Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻ ԿՅԱՆՔԻ «ՄՈՒԹ» ԷՋԵՐԸ

Մարտ 11,2006 00:00

Բանաստեղծուհու
ինքնակենսագրականից ծնված ներկայացում՝ հայ բեմում Այն, որ Հովհ. Թումանյանի
անվան պետական տիկնիկային թատրոնը աջակցում եւ օգնում է երիտասարդ արվեստագետներին,
նորություն չէ: Թատրոնում երիտասարդական առաջին նախագիծը՝ ռեժիսոր Նարինե Գրիգորյանի
բեմադրած «Աչքերի որսը» պիեսը՝ ըստ Գեւորգ Կարապետյանի «Գլխատված դար» երկի, 2005-ին
Եգիպտոսում կայացած միջազգային փառատոնային ծրագրում ընդգրկվեց տասը լավագույնների
ցանկում: Մարինա Ցվետաեւայի «Ասք Սոնեչկայի մասին» ինքնակենսագրական վիպակի
բեմադրությունը (այն առայժմ վերնագրված չէ), որը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին,
նույնպես իրականանում է տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի
աջակցությամբ: Բեմադրության ռեժիսորն է Վահագն Մալոյանը: Տեղեկացնենք, որ
մասնագիտությամբ ֆիզիկոս բեմադրիչը հրավերով մեկնել էր Գերմանիա՝ «գիտության մեջ
խորանալու», բայց, իր խոսքերով՝ հայտնվել է մի հեքիաթում, որը կոչվում է թատրոն:
«Այնտեղ էլ սկսել եմ փոքր բեմերից եւ հինգ տարիների ընթացքում բեմադրել վեց ներկայացում,
այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետ», «Ռոմեո եւ Ջուլիետ», Պուշկինի, Գոգոլի գործերից եւ
այլն: Այս տարվա օգոստոսին արդեն հարազատ դարձած Գյոթինգենի «Թատրոն ՕՊ»-ում կբեմադրեմ
Ագաթա Քրիստիի «Մկների թակարդը»: Վ. Մալոյանը «Առավոտին» հայտնեց, որ հիշյալ քաղաքում
կա երեք թատրոն եւ յուրաքանչյուրն ամեն տարի ներկայացնում է 12 պրեմիերա: Ցվետաեւայի
հիշողություններից գիտենք, որ նա թեեւ ամուսնացած էր ու երեք երեխայի մայր, բայց,
ինչպես ինքն է գրել, «ոչ տրադիցիոն» մտերմություն է ունեցել ճանաչված բանաստեղծուհի
Սոֆի Պառնոկի հետ (մտերմության ժամանակահատվածը՝ 1915թ.): Առայժմ անվերնագիր այս
բեմադրությունը ռեքվիեմ է՝ ձոնված ռուս ճանաչված դերասանուհի Սոֆիա Հոլիդեյին (նույն
ինքը՝ Սոնեչկա): Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Վ. Մալոյանը «նորամուծություն» է անում՝
հայ բեմ բերելով լեսբուհիներին հարիր տեսարաններ, ռեժիսորը պատասխանեց, որ բեմադրությունը
երկու հանճարեղ կանանց մասին է, որոնց մտերմությունը տեւել է ընդամենը 6 ամիս. «Բեմադրության
մեջ մենք ոչ մի բան չենք շեշտադրում՝ ամեն ինչ թողնելով հանդիսատեսի երեւակայությանը»:
Զրույցին ներկա Սոնեչկայի դերակատարուհի Զարուհի Անտոնյանը բեմադրիչին «հիշեցրեց»,
որ գլխավոր հերոսուհիների ճակատագրում կարեւոր դեր է խաղացել Վոլոդյա Ալեքսեեւը:
Ըստ դերասանուհու, այս ոչ հորինված երեք հերոսները, ճիշտ է, ի վերջո լքում են միմյանց,
բայց բեմադրությունը սկզբից մինչեւ վերջ աննկարագրելի սիրո ու մարդկային ջերմ փոխհարաբերությունների
շղթա է: «Նկատենք, որ Ցվետաեւան եւ Սոնեչկան ծանոթացել են 1918թ. դեկտեմբերին, երբ
Ռուսաստանում հեղափոխության, սովի, քաոսի շրջան էր: Ինչքան ես եմ հասկացել՝ երկու
կանայք ընդամենը սատար են կանգնել մեկմեկու»,- իր կարծիքը հայտնեց Զ. Անտոնյանը,
մեկ անգամ եւս շեշտելով, որ «այս բեմադրությունը պատմություն չէ ոչ ավանդական սեքսուալ
հարաբերությունների մասին»: Մ. Ցվետաեւայի կերպարը կմարմնավորի դերասանուհի Տաթեւ
Մելքոնյանը, իսկ Վ. Ալեքսեեւի դերակատարման համար (համարյա երկրորդական դեր) դեռ
դերասան ընտրված չէ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել