Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կվերականգնվեն հիմնականում աշխարհիկ հուշարձանները

Մարտ 11,2006 00:00

ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը օրերս է վերադարձել Իտալիայից: Հայաստանը որպես ԻԿՈՄՈՍ-ի 104 անդամներից մեկը, մասնակցում էր Իտալիայում կազմակերպված ցուցահանդեսին:

«Ցավոք, ցուցահանդեսը չկայացավ: Միայն Հայաստանը եւ Իտալիան էին ներկայացրել իրենց աշխատանքները: Իտալիայում էր նաեւ Վրաստանի մշակույթի փոխնախարարը: Այցը իզուր չանցավ, քանի որ մեզ համար դեսպանատների օժանդակությամբ պատրաստվել էին որոշակի ծրագրեր: Քանի որ մեր նախարարությունում այսօր ձեռնամուխ ենք եղել կառուցվածքային փոփոխությունների, հետաքրքիր էր ծանոթությունը Իտալիայի մշակույթի նախարարության կառուցվածքին»,- պատմեց պարոն Գյուրջյանը: ԻԿՈՄՈՍ-ի իտալացի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ այդ կազմակերպության կողմից հրատարակվող ամսագրում ներկայացնել Հայաստանի մասին հոդվածներ, նախագծեր, փաստեր՝ մեր ունեցած պատմական արժեքների մասին: Քանի որ նախագահը նաեւ Միլանի ճարտարագիտական ինստիտուտի տնօրենն է, համագործակցություն կլինի իրենց եւ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի ուսանողների փոխանակման հարցում: Բոլոնիայի հռչակագրին Հայաստանը միացել է 2004-ին, հետեւաբար կրթական ծրագրերի համապատասխան փոփոխությունից հետո միայն 2006-ին ուսանողների փոխանակումը կյանքի կկոչվի: Հաջորդ հարցը, որի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել, Հայաստանում անշարժ մշակութային հուշարձանների վերականգնողների դպրոց ունենալու հարցն է: Մասնագետներ կպատրաստվեն գրքի, թղթի, նկարների, որմնանկարների, մետաքսի, գորգերի եւ այլ բնագավառներում: «Մենք, իհարկե, շատ ենք ուշացել, թեեւ նման դպրոց նախկինում ունեցել ենք: Բայց այսօր մի տեղից պիտի սկսենք: Տարիներ շարունակ հուշարձանների վերականգնման համար գումարներ համարյա չի տրամադրվել: Այս տարի կառավարությունը աննախադեպ հատկացում է կատարել՝ 1,5 մլն դոլար: Եվ քանի որ քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ 2001-ից մոտ 150 եկեղեցի դրվեց Մայր աթոռի խնամքի տակ, մի տեսակ հնարավորություն ստեղծվեց ուշադրություն դարձնել աշխարհիկ կառույցներին: Ուրախալի է, որ շարունակում են գործող եկեղեցիներ դառնալ մեր մշակութային արժեք ներկայացնող հրաշալի կոթողները: Իհարկե, երբ եկեղեցիները ունենում են հրատապ վերանորոգման խնդիր, այն իրականացվում է: Օրինակ, վերջերս, երբ Բյուրականի Արտավազդիկ եկեղեցին կայծակից վնասվեց, վերանորոգումը հրատապ դարձավ եւ մասնակիորեն այն մտավ այս տարվա ծրագրերի մեջ: Սակայն այսօր կառավարության տված գումարները ծախսվում են հիմնականում բերդերի, ամրոցների, կամուրջների, բաղնիքների, իջեւանատների վերանորոգման վրա»,- տեղեկացրեց փոխնախարարը: Այս տարի վերականգնվող հուշարձանների ցանկի մեջ են ընդգրկվել Ոսկեվազի սուրբ Հովհաննեսը, Բջնիի ամրոցը, Աղջկա բերդը, Մամիկոնյանների պալատը, իջեւանատունը, Օշականի կամուրջը եւ այլն: Կշարունակվեն աշխատանքները Կամսարականների Դաշտադեմի ամրոցում եւ Ամբերդում: «Եղածը պետք է բերել քաղաքակիրթ մակարդակի, որպեսզի այցելուները տեսնեն, որ վերաբերմունք ունես քո ունեցածի նկատմամբ: Այն հուշարձանը, որի վրա մեր պետությունը գումար է դնում, այլ երկրները եւս կարեւորում են: Իտալիան իր տարեկան բյուջեում ունի որոշակի գումար՝ նախատեսված այլ երկրներին մշակութային օգնություն ցուցաբերելու համար: 2001-ից իտալացիների կողմից գումարներ հատկացվեցին Մարմաշենի եւ Երերույքի տաճարի մասնակի վերականգնման, Ամբերդի ուսումնասիրման համար: Ամրոցներն ու բերդերը մեր երկրում ամենաքիչն են ուսումնասիրված: Իտալիան, որպես այդ բնագավառում մեծ փորձ ունեցող երկիր, մեզ զգալի օգնություն է ցուցաբերում»,- ասաց պարոն Գյուրջյանը:

Ըստ փոխնախարարի, նույնատիպ կապեր է հաստատել Իտալիան Վրաստանի հետ: Վերջինս դեռեւս չի ավարտել իր պատմամշակութային արժեքների հաշվառումը (մեզ մոտ այն սկսվել է 2001-ից, ավարտվել 2005-ին): Մեր այն հարցին, թե Վրաստանում գտնվող հայկական եկեղեցիները կներգրավվե՞ն այդ ցուցակում, պարոն Գյուրջյանն ասաց. «Հուշարձանների պատկանելության հետ կապված խեղաթյուրումներ արվում են սովորաբար քաղաքական նպատակներով եւ անում են ոչ մասնագետները կամ այնպիսիները, որոնց վրա քաղաքական ճնշում կա: Հուշարձանին կարգավիճակ տալիս է պետությունը: Մենք պետք է դիվանագիտորեն օգտագործենք այն բոլոր լծակները, որոնց օգնությամբ մեր հուշարձանները կընդգրկվեն տվյալ երկրի կողմից պահպանվող արժեքների շարքում: Ջուղայի խաչքարերը ընդգրկված չէին, եւ Ադրբեջանը կարողանում է խուսանավել: Միակ միջազգային կառույցը, որը հաշվառում, պահպանում է համաշխարհային մշակույթի արժեքները, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, սակայն դրանք եւս ներկայացնում է տվյալ երկիրը: Հիմա Թուրքիան առաջարկում է Անին, Վանի շրջակայքը, Աղթամարը, եւ մենք պետք է ողջունենք այդ նախաձեռնությունը»:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել