Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թիմային աշխատանք

Մարտ 11,2006 00:00

Մարտի 13-18-ը Դ. Դեմիրճյանի անվ. թիվ 27 դպրոցում կհյուրընկալվեն Մոսկվայի հանրակրթության ոլորտի մասնագետներ՝ ուսումնասիրելու այս դպրոցի փորձը:

Դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանն ասում է, որ երբ անցյալ տարի մարտին Մոսկվայում կազմակերպված գիտագործնական կոնֆերանսի եւ նոյեմբերին կայացած մի սեմինարի ժամանակ ինքը ներկայացրել է դպրոցի փորձը, ռուսները թերահավատորեն են նայել դրան, իրենք էլ հրավիրել են նրանց՝ տեղում համոզվելու:

Ո՞րն է այս փորձի էությունը: Ընդհանուր առմամբ՝ այն կոչվում է ներառական կրթություն: Կարծիք կա, թե ներառական կրթություն նշանակում է միայն ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ուսուցում (հիմնականում հաշմանդամ եւ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների համար): Սակայն սա ավելի հիմնարար նշանակություն ունեցող կրթական գործընթաց է, այն նշանակում է «կրթություն բոլորի համար», որը ենթադրում է ինչպես գերհնարավորությունների, այնպես էլ թերհնարավորությունների տեր, ֆիզիկական դժվարություններ ունեցող երեխաների կրթության կազմակերպում: Այն սկսվում է երեխաների սովորելու ունակությունների ախտորոշումից, որից հետո որոշվում է, թե ինչպես ապահովել նրանց կրթական կարիքը՝ ճիշտ ընտրելով դասավանդման մեթոդը: «Աշակերտի ունակությունները գնահատելու գործընթացն իրականացնում է թիմը, որի մեջ ընդգրկված են դասվարը, ծնողը, հատուկ մանկավարժը եւ անհրաժեշտ նեղ մասնագետները: Չսովորող երեխա չկա։ Ուղղակի ուսուցիչը դասարանում այնպիսի իրավիճակ պետք է ստեղծի, որ երեխան դրսեւորի իրեն՝ իր ունակություններին համապատասխան։ Ուսուցչից է կախված՝ երեխան կսովորի՞, թե՞ ծնողին կասի «աչքերիս հավեսը փախավ», ինչպես վերջերս արտահայտվել էր մեր առաջին դասարանցի Դավիթը:

Թիմով աշխատելը քաղաքացիական հասարակություն կերտելու պայմաններից մեկն է, այդ հմտությունը երեխաները նույնպես պետք է ձեռք բերեն դպրոցում դասավանդման ինտերակտիվ մեթոդներով պարապվող դասերին, երբ ուսուցչի հանձնարարությունը կատարելիս նրանք սովորում են «ես ասեմ»-ից անցնել խմբով ճիշտ պատասխանը գտնելուն: Թիմով, խմբով աշխատելիս, ինչպես «Ի՞նչը, ե՞րբ, որտե՞ղ» խաղի ժամանակ, բոլորը պատասխանատու են ճիշտ պատասխանը գտնելու համար, գլուխ պահող չի կարող լինել, յուրաքանչյուրն իրեն կարեւոր է զգում եւ գնահատվում, արժեւորվում է:

Սակայն մինչ երեխայից պահանջելը, պետք է նախ ուսուցչին փոխենք»։ Այդ նպատակով դպրոցի ուսուցիչներն անխտիր մասնակցում են համապատասխան սեմինարների՝ կազմակերպված տարբեր հ/կ-ների կողմից:

Արդեն երկրորդ տարին է՝ դպրոցի յուրաքանչյուր աշակերտ անանուն գնահատում է իր ուսուցչին։ Իրենք իրենց գնահատում են նաեւ ուսուցիչները։ Նպատակն է, որ ուսուցիչը վերանայի իրեն՝ աշակերտի միջոցով: Եթե ստացվի, որ աշակերտի ու ուսուցչի գնահատականները շատ տարբեր են՝ ի վնաս ուսուցչի, ապա ուսուցիչը մտածելու շատ բան ունի։ Այս ամենը, իհարկե, չի մատնանշվում տնօրինության կողմից, ընդհանուր ժողովում եւս այս թեման անվանական քննարկման առարկա չի դառնում, սակայն նպաստում է ուսուցչի վերափոխմանը, իսկ ավելի լուրջ դեպքերում տվյալ ուսուցիչը պարզապես տնօրենի կողմից չի երաշխավորվում հետագա դասավանդման համար: Լինում են դեպքեր, երբ ուսուցիչն ինքն իրեն ավելի ցածր է գնահատում, քան աշակերտը: «Շատ ավանդապահ ուսուցիչ ունենք, ոչ մի նոր մեթոդ չի ընդունում, սակայն այդ ձեւով էլ երեխաներին կարողանում է գրավել, ու երեխաները բարձր են գնահատում նրան։ Սա նշանակում է, որ նա դեռ երեխաներին պետք է»։

Աշակերտներին եւ ուսուցիչներին տրվում են այսպիսի հարցեր. «Հետաքրքի՞ր է կազմակերպվում դասը: Համբերատար եւ մատչելի՞ են բացատրվում դասի դժվարըմբռնելի մասերը: Ուսուցիչը կարողանո՞ւմ է սեր առաջացնել դեպի առարկան: Կազմակերպո՞ւմ է երկխոսություններ, քննարկումներ: Ստեղծո՞ւմ է ինքնուրույն աշխատելու հնարավորություններ: Տալի՞ս է ստեղծագործական աշխատանքներ:

Հարգալից եւ բարյացակա՞մ է աշակերտների հետ: Հարգալի՞ց է իր կոլեգաների հետ: Արդարացի եւ օբյեկտի՞վ է գնահատում յուրաքանչյուր աշակերտի: Տարբերակում չի՞ դնում աշակերտների միջեւ՝ ըստ սովորելու ունակությունների»:

Դպրոցում թիմային աշխատանք է կազմակերպվում նաեւ ուսուցիչների հետ: Առարկայական ուսումնական պլաններին համապատասխան հարցաթերթերը, ստուգողական աշխատանքների տարբերակները նույնպես կազմվում են մեթոդմիավորման թիմով, կազմակերպվում են դասալսումներ, որոնց քննարկումներն այնպես են ընթանում, որ ուսուցիչն ինքն է համոզվում իր թերությունների կամ առավելությունների մեջ. «Այս դեպքում արդեն որեւէ ուսուցչի աշխատանքից ազատելու հարցում իմ սուբյեկտիվ վերաբերմունքը չի լինի, ով չի դիմանա՝ դուրս կմղվի»,- ասում է տնօրենը:

Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել