Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԿԱՅԱՑԱԾ ԲԱՆԱԿ»

Մարտ 11,2006 00:00

«Եվ
թերությունների մասին բաց խոսելը օգտակար է»,- վստահ է «Զինվորի մայր» հ/կ նախագահ
Գրետա Միրզոյանը Պաշտոնական տվյալներով՝ անցած մեկ տարվա ընթացքում բանակում
սպանվել է 35 զինվոր: Ոչ պաշտոնական տվյալները խոսում են 130-150 սպանության դեպքերի
մասին: Ընդ որում, սպանությունները գնալով ավելի դաժան ու բանական մարդու համար անհասկանալի
դրսեւորումեր են ընդունում: «Այո՛, մեր բանակում այսօր շատ է դաժանությունը եւ դրա
մասին անպայման պետք է խոսել»,- կարծում է «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության
նախագահ Գրետա Միրզոյանը:- Այսօր կարող են զինվորի գլխին եռման ջուր լցնել եւ սպանել:
Կարող են բենզինը լցնել մեջքին ու վառել: Որտեղի՞ց է այս դաժանությունը»: Այն,
որ վերջին տարիներին բանակում զինվորականների փոխհարաբերություններն առավել ագրեսիվ
եւ դաժան են դարձել, չի հերքում նաեւ հոգեբան Ռուբեն Աղուզումցյանը՝ դա բացատրելով
նաեւ այն հանգամանքով, որ հիմա բանակ է գնում 90-ականների սկզբին մանկություն անցկացրած
սերունդը: Դաժան տեսարաններով, մարդասպանությամբ հարուստ ֆիլմերի ազդեցությունը պատանիների
ենթագիտակցության վրա՝ խնդրի կողմերից մեկն է, բայց ոչ հիմնականը: «Մեր ռազմական
ինստիտուտը, այն միջին կրթական համակարգի հիմնարկները, որոնք սպաներ են պատրաստում,
նրանց հոգեբանական, մանկավարժական գիտելիքներ չեն տալիս: Ցավոք, մեր սպայական կազմի
սոցիալ-տնտեսական, ֆինանսական պայմաններն այնպիսին չեն, որ թույլ տան այդ մարդկանց
շատ խիստ պահանջներ ներկայացնել: Օրինակ՝ ստորին սպայական կազմում կան մարդիկ, որոնք
անգամ միջնակարգ կրթություն չունեն: Եվ որպես զինվոր բանակ գնացած բակալավրիատն ավարտած
երիտասարդին ղեկավարում է անկիրթ մեկը: Սա արդեն կոնֆլիկտի բուն է»: Ռուբեն Աղուզումցյանի
կարծիքով՝ սպայական կազմի որակի բարձրացումը բանակում ոչկանոնակարգային հարաբերությունների
վերացման ամենահիմնական ճանապարհներից մեկն է: Նույն կարծիքին է նաեւ Գրետա Միրզոյանը.
«Մեր հրամկազմը, դժբախտաբար, այն չէ, ինչի մասին կարելի է երազել: Կան հրամանատարներ,
որոնք անհարմար չեն զգում ոսկյա հաստ շղթաներով ներկայանալ զորամաս: Զինվորներին
պարտադրում են կատարել այսքան ձգում, իսկ իրենք՝ օրինակ ցույց տալու փոխարեն, կանգնած
նայում են, որովհետեւ չեն կարող. մեր հրամկազմի հիմնական մասը փոր ունի: Իսկ մեծ
փորը լավ ուտելու հետեւանք է»: Մեր հարցին՝ արդյո՞ք հայրենիքի հանդեպ անսահման
սերն է ստիպում կոծկել այսինչ դաժան սպանության մանրամասները այն հիմնավորմամբ, թե
պետք չէ ամեն բան հրապարակելով՝ ջուր լցնել թշնամու ջրաղացին, Ռուբեն Աղուզումցյանը
պատասխանեց. «Մեր ժամանակներում տեխնիկական հնարավորություններն այնքան զարգացած
են, որ գաղտնիություն ապահովելը գրեթե անհնար է: Սպանության ձեւը թաքցնելու փորձը,
միեւնույն է, դատապարտված է. այս կամ այն ճանապարհով այն հայտնի կդառնա հետաքրքրվողին:
Պետք է անել այնպես, որ կատարված ողբերգությունից ճիշտ եզրակացություններ անեն, ինչպես
դա արեցին վերջերս Ռուսաստանում: Պարզությունն ու արդարությունը ոչ միայն լիցքաթափում
են մթնոլորտը, այլեւ դաս են՝ չկրկնելու նման դեպքերը: Մեզ մոտ անպատժելիության մթնոլորտի
պատճառով հանցագործը ոչ թե մտածում է հանցանք չանելու, այլ անելու, սակայն չպատժվելու
ուղղությամբ»: «Ես կարծում եմ, որ բանակում տեղի ունեցող արտառոց դաժանությամբ աչքի
ընկած դեպքերը պետք է ներկայացվեն հասարակությանը: Այդ մասին պետք է հրապարակայնորեն
խոսեն նաեւ բարձրաստիճան զինվորական չինովնիկները: Մենք չենք վախենում ճշմարտությունը
լսել, քանի որ ունենք կայացած բանակ»,- կարծում է նաեւ Գրետա Միրզոյանը: Ի դեպ, վերջերս
«Զինվորի մայր» հասարակական կազմակերպությունը հարցում է անցկացրել եւ 568 մայրերի
խնդրել է պատասխանել՝ պատրա՞ստ են այսօր նրանք նույն ոգեւորությամբ իրենց որդիներին
ուղարկել կռվի դաշտ, ինչպես ուղարկում էին 1992-ին: Հարցման մասնակիցների 68 տոկոսը
պատասխանել է, որ հայրենիքը մնում է հայրենիք եւ այն պետք է պաշտպանել՝ անկախ ամեն
ինչից: 10 տոկոսը չի կողմնորոշվել: 7,5 տոկոսը խոստովանել է, որ հնարավորության դեպքում
իրենց որդիներին բանակ չէր ուղարկի: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել