Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաղթողականությանը» փոխարինեցին վերջնագրերը

Մարտ 11,2006 00:00

ԼՂ
հարցում այսպիսի զարգացումը, Բաբկեն Արարքցյանի ասելով, կանխատեսելի էր «Ղարաբաղյան
հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը մտել է փակուղի»,- երեկ հայտարարեց
«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի անդամ,
ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը, ում համոզմամբ` բանակցություններում ամեն ինչ
կանխատեսելի էր: Նրա ասելով, ՀՀ իշխանություններն այսօր մի նպատակ ունեն՝ ամեն կերպ
երկարաձգել բանակցությունները, պահպանել ստեղծված ստատուս-քվոն, իսկ բանակցությունների
անհաջողության դեպքում վերջնագրերով խոսել ու հայտարարել, օրինակ՝ որ Հայաստանը կճանաչի
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Ի տարբերություն ՀՀ իշխանությունների, ԱԺ նախկին
նախագահը համոզված է, որ ԼՂ հարցի ձգձգման դեպքում ժամանակն աշխատում է Ադրբեջանի
օգտին, մանավանդ, որ այդ երկիրն ակտիվորեն օգտագործում է իր հնարավորություններն
ու իրեն տրված ժամանակը միջազգային տարբեր ատյաններում ԼՂ վերաբերյալ նորանոր փաստաթղթերի
ընդունման համար, որոնք համեմված են Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելու, Ադրբեջանի
«օկուպացված տարածքների մասին» տերմիններով։ ԼՂ հարցում Հայաստանի միակ առավելությունը,
ըստ Բ. Արարքցյանի, առայժմ միայն ռազմական հաջողություններն են, որոնք անհրաժեշտ
էր ամրապնդել քաղաքական հաջողություններով, ինչը չարվեց: «Իսկ ժամանակի ընթացքում
ռազմական հաջողությունների դերն ու ազդեցությունը թուլանում են»,- հայտարարեց «Արմատի»
ներկայացուցիչը: Այդ դեպքում ինչո՞ւ հենց «նախկինների» օրոք այդ կարեւոր ձեռքբերումը
չօգտագործվեց՝ դիվանագիտական հաջողության հասնելու համար: «Հրադադարից հետո ԵԱՀԿ
Մինսկի խումբն իսկապես ակտիվ էր աշխատում: Նրանց առաջարկներից մեկն Ադրբեջանը մերժեց,
մյուսը՝ Ղարաբաղը, իսկ 1997-ին, երբ մենք համաձայնեցինք որպես աշխատանքային փաստաթուղթ
ընդունել ՄԽ կողմից ներկայացված ու հայկական կողմի համար բավականին արդյունավետ առաջարկները,
բարձրացավ հայտնի վայնասունը: Մեզ մեղադրեցին «պարտվողական» քաղաքականության մեջ:
Մենք այսօր էլ շատ ուրախ կլինեինք, եթե այդ «հաղթողական» քաղաքականությունը, այն
պայմանագրի գրավոր նախագիծը, որն առաջարկվել էր ԼՂ իշխանությունների ու Ռ. Քոչարյանի
կողմից, եւ որը հրապարակվել է մամուլում, այն քարտեզը, որը ներկայացված էր պայմանագրին
կից՝ անկախ Ղարաբաղ՝ 8 հազար քկմ տարածքով, իրականացվի: Բայց պարզ էր, որ դա հնարավոր
չէր իրականացնել ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա»,- նկատեց Բ. Արարքցյանը: Անդրադառնալով
հակամարտության կարգավորման ձեւաչափին՝ Բ. Արարքցյանը նկատեց, որ այս դեպքում կարեւորը
ձեւաչափը չէ, այլ այն, թե կողմերն ունե՞ն հակամարտությունը լուծելու քաղաքական կամք,
թե՞ ոչ: Իհարկե, նա որեւէ ձեւաչափի ընտրության հարցում կարեւոր պայման ու անհրաժեշտություն
համարեց ԼՂ մասնակցությունը: «Հակառակ դեպքում անհեթեթություն կլինի»,- ասաց ԱԺ նախկին
խոսնակը՝ հավելելով, որ անգամ եթե երկու երկրների նախագահները լավագույն համաձայնության
էլ գան, դրան հաջորդելու է ԼՂ ներկայացուցիչներին բանակցություններում ներգրավելը.
«Կանչելու են ԼՂ ներկայացուցիչներին, ներկայացնելու են համաձայնությունն ու հետո
նորից բանակցությունների նոր փո՞ւլ է սկսվելու»: Նա օրինակ բերեց նաեւ Կոսովոյի բանակցությունների
ձեւաչափը. «Բանակցությունների սեղանի շուրջ նստած են Կոսովոյի, Սերբիա-Չեռնոգորիայի
ու Մակեդոնիայի ներկայացուցիչները: Բանակցում են Կոսովոն ու Սերբիա-Չեռնոգորիան,
Մակեդոնիան հետեւում է բանակցություններին, ֆիքսում է ձեռք բերված համաձայնությունները:
Սա է բանակցությունը»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել