ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ «ՄԱՔՈՒՐ» ԵՐԿՐՈՐԴՆ Է Իսպանիայի Լինարես առողջարանային փոքրիկ քաղաքում ընթացող շախմատի 20-րդ կարգի «Ciudad de Linares International Tournament» գերմրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ հողագնդի ուժեղագույն գրոսմայստերների այս մրցապայքարում: 11-րդ տուրում կայացած չորս պարտիաներում միայն Լեւոնը հաղթանակ տոնեց տանտիրոջ՝ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի նկատմամբ ու վաստակած միավորների քանակով դուրս եկավ «մաքուր» երկրորդ հորիզոնական՝ ընդամենը կես միավորով զիջելով միանձնյա առաջատար Պետեր Լեկոյին: Մարտի 8-ին՝ կանանց տոնի օրը, կայացած 12-րդ տուրում, շախմատիստները որպես իսկական ասպետներ, գերադասեցին խաղատախտակների առջեւ «արյուն չթափել»: Բոլոր չորս զույգերն էլ՝ Պետեր Լեկո-Էտյեն Բակրո, Պյոտր Սվիդլեր-Լեւոն Արոնյան, Ֆրանսիսկո Վալյեխո-Թեյմուր Ռաջաբով, Վեսելին Տոպալով-Վասիլի Իվանչուկ, շատ արագ խաղաղասիրաբար ձեռք սեղմելով հրաժեշտ տվեցին միմյանց: 12 տուրից հետո մրցաշարային աղյուսակում գրոսմայստերները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. 1. Պետեր Լեկո (Հունգարիա) 7,5 2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 7,0 3-4. Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 6,5 Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6,5 5. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 6,0 6-7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,0 Էտյեն Բակրո (Ֆրանսիա) 5,0 8. Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 4,5 Այսօր կայանալու է 13-րդ տուրը: Ո՞ւմ այն անհաջողություն կբերի: 13 թիվն ո՞ւմ կժպտա: Դժվար է կանխագուշակել: Ասենք միայն, որ կենտրոնականը լինելու է առաջատար Պետեր Լեկոյի եւ ՖԻԴԵ-ի չեմպիոն Վեսելին Տոպալովի հակամարտությունը: Ինչ վերաբերում է Արոնյանին, նա սպիտակներով խաղալու է ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ, որին փետրվարի 26-ին Մորելիայում սեւերով մեկ անգամ արդեն պարտության է մատնել: Եթե նա այսօր էլ կրկնի հաջողությունը, կախված Տոպալով-Լեկո հանդիպման արդյունքից, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորելու կամ հունգարացու հետ առաջին տեղը բաժանելու լավ հեռանկար ունի: Տուրի մյուս երկու զույգը կազմել են Իվանչուկն ու Վալյեխոն, Ռաջաբովն ու Սվիդլերը: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ