Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՇԱՑԱԾ

Մարտ 10,2006 00:00

ՈՒՇԱՑԱԾ ՔԱՅԼԵՐ Երեկ ՄԱԱ-ում անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ներկա փուլին՝ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը գնահատեց. «Հայաստանը պարտվողական քաղաքականություն է վարում»: Ըստ նրա՝ կարգավորման գործընթացում Հայաստանը բաց է թողել նախաձեռնությունը եւ Քի Ուեսթից հետո սկսեց աստիճանաբար իրականացնել զիջողական քաղաքականություն: «Այսօր Ղարաբաղն արդյո՞ք իրականում մասնակցում է այդ բանակցություններին» հարցին ի պատասխան, պրն Սարգսյանն ասաց. «Բութ ձեւացող մարդկանց համար պետք է նշեմ, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին զուտ ֆորմալ արտահայտություն չէ: Մենք պետք է ներկայացնեինք, որ Ղարաբաղի իշխանություններն անկախ սուբյեկտ են եւ հենց նրանց հետ պետք է խոսել»: Ներկայացման համար որպես ճանապարհ նշեց ԱԺ-ին ներկայացված իր նախագիծը, ըստ որի՝ պետք է ճանաչել Ղարաբաղի օրինական դուրս գալը Ադրբեջանի կազմից: Եվ պարզ դարձավ, որ վերոնշյալ վիրավորանքը պատասխան էր նրա այս նախաձեռնությունը քննադատած Շավարշ Քոչարյանին: Արամ Սարգսյանն «ուշացած եւ անընդունելի» անվանեց Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հավանականության վերաբերյալ. «Եթե նախագիծը ՀՀ իշխանությունները կյանքի կոչեին 5-10 տարի առաջ, ապա Ղարաբաղն արդեն կլիներ ոչ թե պետություն, այլ սուբյեկտ, որը կընդուներ, թե անկախացել է օրինական ճանապարհով»: ՀՀ նախագահի վերջին ասուլիսին ՀԴԿ նախագահն այս գնահատականը տվեց. «Քոչարյանն ինչ-որ փուլ արդեն տանուլ է տվել եւ այդպիսի ռազմատենչ հայտարարություններ է անում»: Անդրադարձավ նաեւ փետրվարի 28-ի հանրահավաքին. «Սումգայիթի զոհերի տարելիցը «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն ամեն տարի նշել է, բայց այդ մարդկանցից ոչ ոք չի մասնակցել: Սակայն այս տարի հանկարծ պետական մակարդակով հիշում են՝ ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով: Ուշացած քայլերն ավելի վատ հետեւանքներ են բերում: Սա ֆոն է, որը ներքին օգտագործման համար անհրաժեշտ է, դրսում դրան բացարձակ ուշադրություն չեն դարձնում, որովհետեւ բոլորը հասկանում են, որ պատերազմ սկսողը ո՛չ Հայաստանն է լինելու եւ ո՛չ էլ Ադրբեջանը»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել