«Կետային» զարգացումներ Եվ այսպես, հաջորդ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ձեռնամուխ կլինի իրանական խնդրի քննարկմանը: Խորհրդի անդամներն արդեն իսկ ստացել են Իրանի «միջուկային» պարտավորություններին վերաբերող՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը, ինչի մասին պաշտոնական հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լիազոր ներկայացուցիչը: Իսկ այդ զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ ՄԱԳԱՏԷ-ն, ինչպես եւ նախկինում, չի կարող երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագրերը հետապնդում են բացառապես խաղաղ նպատակներ: Սա, իհարկե, չի նշանակում, թե առավելապես «խորհրդատվական-տեղեկատվական» բնույթի այդ քննարկումներին անմիջականորեն հետեւելու են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ նախատեսող ինչ-ինչ բանաձեւեր: Սակայն վստահաբար կարելի է պնդել, որ մի քանի օրից ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի հարցով գումարվելիք այդ նիստն այն պարտադիր եւ ձեւական հանգրվանն է, որով անցնում է Թեհրանի նկատմամբ արդեն գրեթե անխուսափելի թվացող արմատական միջոցների գործադրման ճանապարհը: Այն հեռանկարի օգտին, որ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները, այնուամենայնիվ, սահմանվելու եւ կիրառվելու են, նախ եւ առաջ խոսում է Սպիտակ տան վերջին պաշտոնական հավաստիացումն այն մասին, որ Իրանը շարունակ «կեղծ բանակցություններ» վարելու փորձեր է կատարում՝ իրականում միջազգային հանրության համար մնալով «ահագնացող սպառնալիք», ինչը «համարժեք վերաբերմունքի» է արժանի: Ավելին, վաշինգթոնյան փորձագետները հայտարարել են, թե Իրանն արդեն իսկ տիրապետում է հարստացված ուրանի այնպիսի պաշարների, ինչը Թեհրանին «10 ատոմային ռումբ պատրաստելու հնարավորություն է տալիս»: Իհարկե դժվար է ասել, թե որքանով են արժանահավատ եւ «քաղաքականազերծ» վերը բերված փորձագիտական տվյալները: Այնուամենայնիվ, դրանց հրապարակային շրջանառումն առնվազն այն իրողության պերճախոս վկայությունն է, որ չնայած Իրանի եռանդուն հակափաստարկներին ու չնայած Ռուսաստանի՝ շարունակվող դիմակայությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ամենամոտ ապագայում նորից է հավաքվելու, բայց այս անգամ՝ արդեն բուն պատժամիջոցների քերականական ձեւակերպումները հստակեցնելու նպատակով: Իսկ թե ինչ մոտավոր բովանդակություն են ունենալու այդ պատժամիջոցները, կարելի է կռահել թեկուզ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսի՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հնչեցրած հետեւյալ հայտարարությունից: «Հաջորդ շաբաթվանից մենք թեւակոխում ենք դիվանագիտական նոր փուլ, ինչը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում իրականացվելիք գործողություններ: Ըստ այդմ, եթե Իրանը շարունակի ընդդիմանալ միջազգային հանրությանը, ապա մենք ստիպված կլինենք քննարկել կետային պատժամիջոցների գործադրման հնարավորությունը, ինչը, ի դեպ, արդեն իսկ ուսումնասիրվում է մի շարք երկրների կողմից»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ