Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑԸ

Մարտ 10,2006 00:00

ՀՐԱՊԱՐԱԿՎԵՑ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԶԵԿՈՒՅՑԸ Այստեղ մեզ ոգեւորող ոչինչ չկա ԱՄՆ պետդեպարտամենտը մարտի 8-ին հրապարակել է աշխարհի 196 երկրներում Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա իրավիճակի մասին 2005 թվականի տարեկան զեկույցը: Անշուշտ, մեզ ավելի շատ հետաքրքրում է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, որն անդրադառնում է սեփական իշխանությունները փոխելու քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը, զինված ուժերում ստորացուցիչ վերաբերմունքին ու մահվան դեպքերին, մինչեւ դատավարությունը ձերբակալվածներին իրավապահ մարմինների կողմից բռնաճնշումների ենթարկելու փաստերին, մամուլի ազատության սահմանափակմանը եւ այլն: Զեկույցի նախաբանում ասված է, որ թեեւ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է իշխանության տարբեր թեւերի լիազորությունների տարանջատում, այդուհանդերձ, ուղղակիորեն ընտրված նախագահը լայն լիազորություններ ունի. մասնավորապես, նա է նշանակում վարչապետին, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին եւ բոլոր մակարդակների դատավորներին: «2003 թվականին նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները լուրջ թերություններ ունեին եւ չէին համապատասխանել միջազգային չափանիշներին: Մինչ քաղաքացիական իշխանությունները հիմնականում արդյունավետորեն էին վերահսկում անվտանգության ուժերի գործունեությունը, այդ ոլորտի առանձին օղակներ թույլ են տվել Մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքեր: Թեեւ որոշ ոլորտներում կա որոշակի բարելավում, բայց մարդու իրավունքների պաշտպանության իմաստով կառավարության ջանքերը բավարար չեն, եւ Մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակում է մնալ որպես լուրջ հիմնախնդիր»,- ասված է զեկույցում: Այստեղ անդրադարձ կա նաեւ 2005թ. նոյեմբերի 27-ի սահմանադրական հանրաքվեին, որտեղ նշված է, թե սահմանադրական փոփոխությունները, որոնք դրվել էին համազգային հանրաքվեի, թեեւ անցել էին լուրջ թերություններով, բայց մեկ քայլ առաջ էին ժողովրդավարության հաստատման, նախագահի իշխանության զսպման ու անկախ դատական համակարգի ստեղծման ճանապարհին: ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցի այն հատվածում, որը վերաբերում է կտտանքներին, դաժան վերաբերմունքին, ասված է. «Թեեւ կտտանքը եւ այլ դաժանությունները, անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքը, կամ պատիժը օրենքով արգելված մեթոդներ են, այդուհանդերձ, իրավապահ ուժերը դրանք կիրառում են: Վկաները շարունակել են հաղորդել ոստիկանությունում նմանատիպ բազմաթիվ դեպքերի մասին, որոնք կիրառվում են քաղաքացիների նկատմամբ ձերբակալության եւ հարցաքննության ժամանակ: Ոստիկանության դաժանությունների վերաբերյալ դեպքերի մեծամասնության պարագայում քաղաքացիները դրանց մասին չեն հաղորդել՝ վախենալով վրեժխնդրությունից: Մարդու իրավունքների պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունները հաղորդում են, որ մարդկանց մինչեւ դատավարությունը ժամանակավոր կալանքի վայրերում ոստիկանությունը ծեծի է ենթարկում: Ու թեեւ, ըստ օրենքի, ձերբակալվածներն իրավունք ունեն ոստիկանությունից կամ դատախազությունից ստանալ դատաբժշկական փորձաքննություն անցնելու թույլտվություն՝ իրենց նկատմամբ կիրառված կտտանքներն ապացուցելու համար, այդուհանդերձ, Մարդու իրավունքների պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների տրամադրած տեղեկությունների համաձայն, իշխանությունները հազվադեպ են թույլտվություն տվել դատաբժշկական փորձաքննություններ անցկացնել, եւ մարդկանց կտտանքների ենթարկելու համար ոչ ոք չի դատապարտվել»: Անդրադարձ կա նաեւ ՀՀ-ում իրավապահների կողմից իրականացվող կամայական ձերբակալություններին ու կալանքներին, որոնք թեեւ արգելված են օրենքով, բայց, զեկույցի հեղինակների ասելով, իշխանությունները շարունակում են դրանք կիրառել՝ առանց համապատասխան օրդերի ձերբակալելով հանցագործությունների մեջ կասկածվող մարդկանց: Նշված է նաեւ, որ կոռուպցիան մնում է ոստիկանության ու ԱԱԾ-ի հիմնական պրոբլեմը: ԱՄՆ պետդեպի տարեկան զեկույցի հեղինակները չեն շրջանցել նաեւ ՀՀ-ում խոսքի ու մամուլի ազատության թեման: «Թեեւ երկրի օրենսդրությունը երաշխավորում է խոսքի եւ մամուլի ազատությունը, իշխանությունները խոսքի ազատության վրա որոշակի սահմանափակումներ են դրել», եւ «եղել են մամուլի նկատմամբ բռնությունների, վախեցնելու ու ինքնագրաքննության դեպքեր»: Զեկույցի հեղինակների կարծիքով, մամուլը, բացառությամբ պետական երկու թերթերի՝ «Հայաստանի Հանրապետություն» եւ «Ռեսպուբլիկա Արմենիի», մասնավոր են եւ ակտիվորեն արտահայտում են տարբեր տեսակետներ՝ առանց սահմանափակումների, բայց ոչ մի թերթ ամբողջովին անկախ չէ իր հովանավորից, տնտեսական կամ քաղաքական խմբավորումներից կամ առանձին մարդկանցից: Թերթերի փոքր տպաքանակի պատճառով բնակչության մեծամասնությունը տեղեկատվություն ստանում է հեռուստատեսությունների ու ռադիոների միջոցով, որոնց հիմնական մասը, զեկույցի հեղինակների կարծիքով, կառավարամետ են: Զեկույցի համաձայն, ԶԼՄ-ների ճնշման ձեւերը ոչ այնքան ուղղակի քաղաքական, որքան տնտեսական են, այդ թվում՝ կոռումպացված չինովնիկների կողմից, իսկ գովազդատուներից ստացվող եկամուտները ազդում են ԶԼՄ-ների ծրագրերի բովանդակության վրա: «Նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են ղեկավարել ու ապահովել Հանրային հեռուստատեսության ղեկավարության քաղաքականությունը: Թեեւ Հ1-ը փաստացի լրատվություն է հաղորդում, բայցեւ ձեռնպահ է մնում գործող իշխանություններին քննադատելուց կամ նրա գործողությունները մեկնաբանելուց»,- ասված է զեկույցում: Անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին: Ըստ այդմ, «Ա1+»-ը Հայաստանում վերջին անկախ հեռուստաընկերությունն էր, որի զբաղեցրած հաճախությունը 2003-ին տրվել էր «Կենտրոն» կառավարամետ հեռուստաընկերությանը: 2002-ին «Ա1+»-ին հաճախություն չտրամադրելը, «ինչպես ենթադրում են մեկնաբանները, քաղաքական որոշում է եղել», որի պատճառը այդ հեռուստաընկերության կողմից նախագահ Քոչարյանի կառավարության քննադատությունն է եղել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել