Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ «ՄԱՔՈՒՐ» ԵՐԿՐՈՐԴՆ Է

Մարտ 10,2006 00:00

Իսպանիայի
Լինարես առողջարանային փոքրիկ քաղաքում ընթացող շախմատի 20-րդ կարգի «Ciudad de Linares
International Tournament» գերմրցաշարի ավարտին մնում է ընդամենը երկու տուր: Հայաստանի
լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը շարունակում է հաջող հանդես գալ հողագնդի ուժեղագույն
գրոսմայստերների այս մրցապայքարում: 11-րդ տուրում կայացած չորս պարտիաներում միայն
Լեւոնը հաղթանակ տոնեց տանտիրոջ՝ Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսի նկատմամբ ու վաստակած միավորների
քանակով դուրս եկավ «մաքուր» երկրորդ հորիզոնական՝ ընդամենը կես միավորով զիջելով
միանձնյա առաջատար Պետեր Լեկոյին: Մարտի 8-ին՝ կանանց տոնի օրը, կայացած 12-րդ
տուրում, շախմատիստները որպես իսկական ասպետներ, գերադասեցին խաղատախտակների առջեւ
«արյուն չթափել»: Բոլոր չորս զույգերն էլ՝ Պետեր Լեկո-Էտյեն Բակրո, Պյոտր Սվիդլեր-Լեւոն
Արոնյան, Ֆրանսիսկո Վալյեխո-Թեյմուր Ռաջաբով, Վեսելին Տոպալով-Վասիլի Իվանչուկ, շատ
արագ խաղաղասիրաբար ձեռք սեղմելով հրաժեշտ տվեցին միմյանց: 12 տուրից հետո մրցաշարային
աղյուսակում գրոսմայստերները դասավորվել են այսպիսի հաջորդականությամբ. 1.
Պետեր Լեկո (Հունգարիա) 7,5 2. Լեւոն Արոնյան (Հայաստան) 7,0 3-4.
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 6,5 Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 6,5 5.
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) 6,0 6-7. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 5,0
Էտյեն Բակրո (Ֆրանսիա) 5,0 8. Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) 4,5 Այսօր
կայանալու է 13-րդ տուրը: Ո՞ւմ այն անհաջողություն կբերի: 13 թիվն ո՞ւմ կժպտա: Դժվար
է կանխագուշակել: Ասենք միայն, որ կենտրոնականը լինելու է առաջատար Պետեր Լեկոյի
եւ ՖԻԴԵ-ի չեմպիոն Վեսելին Տոպալովի հակամարտությունը: Ինչ վերաբերում է Արոնյանին,
նա սպիտակներով խաղալու է ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ, որին փետրվարի 26-ին Մորելիայում
սեւերով մեկ անգամ արդեն պարտության է մատնել: Եթե նա այսօր էլ կրկնի հաջողությունը,
կախված Տոպալով-Լեկո հանդիպման արդյունքից, մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորելու
կամ հունգարացու հետ առաջին տեղը բաժանելու լավ հեռանկար ունի: Տուրի մյուս երկու
զույգը կազմել են Իվանչուկն ու Վալյեխոն, Ռաջաբովն ու Սվիդլերը: Ա.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել