Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատժե՞լ, թե՞ չպատժել կարգազանց միաբանին

Մարտ 10,2006 00:00

«Առավոտում» տպագրված «Հրամանատարների լռության հետեւանքը» հոդվածի առիթով խմբագրությունը շարունակում է արձագանքներ ստանալ:

Հիշեցնենք, որ այն հատվածներ էր՝ կարգալույծ արված հոգեւորականի՝ տ. Հարություն աբեղա Հարությունյանի բաց նամակից, ուր նա ներկայացնում է իր մտահոգությունը երկու հիմնահարցի շուրջ: Սեւանի Վազգենյան դպրանոցի նախկին տեսուչը մատնանշում է հոգեւորականների պատրաստման գործընթացում առկա խնդիրները եւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի կողմից հոգեւորականների հանդեպ դրսեւորվող քմահաճ եւ ոչ հայրական վերաբերմունքը:

Խմբագրությունը նամակ է ստացել Կարինե Մարկոսյանից, ուր գրում է. «Կարգալույծ արված հայր Գարեգինին ճանաչում եմ դեռեւս ուսանողական տարիներից: Այսօր մի անձի քմահաճույքով նա զրկվել է իր՝ տարիների ընթացքում ձեռք բերած հնարավորությունից՝ հոգեւոր սպասավոր դառնալու իր ընտրած առաքելությունից: Հայր Գարեգինը Մայր աթոռի միաբան էր եւ ոչ ոք համարձակություն չունեցավ ձայն բարձրացնել ի պաշտպանություն նրա: Թեպետ այն նամակը, որ նա է գրել, կարող են ստորագրել միաբանների ճնշող մեծամասնությունը: Հոգեւոր գերագույն խորհրդում էլ աշխարհիկ անդամներից շատերը մարդիկ են, որոնց վստահված է ուսանողների ապագան եւ երկրի ճշմարտությունը: Այսօր թե նրանցից, թե բարձրաստիճան հոգեւորականներից որեւէ մեկը (վերջիններիս կարելի է հասկանալ. վախենում են վեհափառի վրեժխնդրությունից) չի հետաքրքրվել իր կյանքի լավագույն տարիները Մայր աթոռում անցկացրած երիտասարդի ճակատագրով»: «Ներկայիս իրավիճակը մի թագավորություն է հիշեցնում, ուր սանձարձակ արքան ամեն օր տեղի կամ անտեղի մահապատժի է ենթարկում իր զինվորներից մեկին: Իսկ զորքի հրամանատարները լռում են: Բայց եթե այսպես շարունակվի, այդ երկրում այլեւս ոչ մի գիտակից երիտասարդ չի ուզենա զինվոր դառնալ»,- գրել է հայր սուրբը «Առավոտին» ուղարկած նամակում: Մեկ այլ նամակում, որ ուղղված է վեհափառին, մի խումբ հավատացյալներ գրում են. «Քանի որ հոգեւոր դասը այդպիսի «ճղճիմ» հարցերով չի զբաղվում, չի խառնվում գահակալի մենաշնորհային որոշումներին, մեր պարտքը համարեցինք արձագանքելու երիտասարդ հոգեւորականի ցավին: Նույն բախտին են արժանացել մեր բոլորի կողմից սիրված ու հարգված հայր Մակարը, հայր Խորենը, հայր Մաշտոցը եւ ուրիշներ: Ուստի չենք կարող լռել՝ մինչեւ վերջ չտրվի այս հոգեւոր սպանդին… Այն ո՞ր հայրն է, որ զայրանալով որդու կարգազանցության վրա, իր ընտանիքից մեկընդմիշտ վռնդում է իր իսկ դաստիարակած զավակին: Այսպես՝ 35 հոգի: Այն ընտանիքում, որտեղ սեր կա, հարցի լուծման հազար հնարք կա: Կարգալույծ անելը, եկեղեցուց հեռացնելը պատժի լավագույն միջոցը չէ: Հավատացյալներիս վստահությունը, հավատը կորել է՝ անվստահության, միմյանց նկատմամբ ատելության, կասկածամտության մթնոլորտով ներծծված եկեղեցու նկատմամբ… Նամակի հեղինակներից երկուսը աղանդավորական խմբերից են եկել Առաքելական սուրբ եկեղեցի՝ ձեր կողմից կարգալույծ արված վարդապետի քարոզով: Դիմելով եկեղեցու հոգեւոր դասին, խնդրում ենք՝ մի՛ լռեք, արթնացեք թմբիրից, թոթափեք վախը, փոխեք ձեր փարիսեցու կերպարը, արդարությամբ դատեք… Ակնկալում ենք, որ դուք հոգեւոր գործունեության մեջ ձեզ կշրջապատեք ուսյալ հոգեւոր բանակով, իսկ պատժիչ գավազանը կփոխարինեք հոգեւոր քարոզով եւ աղոթքով»:

Քանի որ թե՛ Հարություն Հարությունյանի նամակում, թե՛ այս արձագանքներում մեղադրանք է հնչեցվում Մայր աթոռի բարձրագույն մարմինների հասցեին, որոշեցինք պարզաբանումներ ստանալ Գերագույն հոգեւոր խորհրդի աշխարհիկ անդամներից, հասկանալի պատճառով շրջանցելով հոգեւորականներին: Նկատենք, որ նրանցից ոչ մեկը չի տեսել կարգալույծ արվող երիտասարդին եւ չի լսել նրան:

Ռադիկ Մարտիրոսյանն այս առիթով ընդամենն ասաց. «Լսել եմ, որ այդ երիտասարդը, լինելով Հայաստանում, չի մասնակցել եկեղեցական միջոցառումներին ու կարծեմ թե հրաժեշտի նամակ է գրել: Մնացած ինֆորմացիային չեմ տիրապետում»:

Իսկ Վլադիմիր Բարխուդարյանի համոզմամբ. «Դա կաթողիկոսի որոշումն է: Խորհուրդը խորհրդակցության համար է»:

Վիլեն Հակոբյանը սկզբում ասաց, որ իրենք տեղեկացված չեն, սակայն քիչ անց հիշեց. «Նա կամայականություններ է անում, հանձնարարությունները չի կատարում: Հայտարարել է, որ չի ուզում հոգեւորական դառնալ (՞): Նա վարկաբեկել է Էջմիածնի բարձրագույն հոգեւորականությանը (՞): Մեզ ասացին, որ երկու անգամ հրավիրել են հոգեւոր խորհրդին, որից նա հրաժարվել է»:

Հարություն Հարությունյանը վեր հանած խնդիրների լուծման համար առաջարկում է՝ կարծես պատասխանելով նաեւ խորհրդի անդամներին. «Մայր աթոռի միաբանները պետք է պատժվեն միայն Եպիսկոպոսական ժողովի համապատասխան որոշումից հետո: Մինչ այդ անհրաժեշտ է ստեղծել հատուկ հանձնախումբ, որը զբաղվելու է կանոնազանց եկեղեցականի խնդրի քննությամբ: Ցանկացած մեղադրվող միաբան պետք է հնարավորություն ստանա անձամբ ներկայանալու Եպիսկոպոսաց ժողովին եւ արտահայտելու խնդրի առնչությամբ իր տեսանկյունը»:

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել