Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԻԶԱՅԻ ԱՇՏԱՐԱԿԸ»՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Մարտ 10,2006 00:00

«Բեմական
խաչմերուկ» մշակութային կենտրոնի հրավերով Հայաստանում էին ՌԴ ժողովրդական արտիստներ,
ԽՍՀՄ եւ Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիրներ, ամուսիններ Վլադիմիր Մենշովն ու
Վերա Ալենտովան: Նրանք 2 օր Գ. Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հայ հանդիսատեսի
դատին հանձնեցին «Պիզայի աշտարակը» կատակերգությունը (հեղինակ՝ Ն. Պտուշկինա, բեմադրիչ՝
Յու. Երյոմին): Lեփ-լեցուն էր դահլիճը: Ըստ սցենարի, հերոսը անընդհատ փոխում է հեռուստացույցի
ալիքները՝ սպասված ֆուտբոլային խաղը գտնելու համար: Բեմադրության երեւանյան տարբերակում
տեղական հեռուստաալիքներում գերիշխում էր գովազդը, որի ձայնն ուղղակի խլացնում էր:
Եվ եթե ավելի երկարեր ֆուտբոլային խաղի փնտրտուքը, առանց այն էլ մեր գովազդներից
կշտացած հայ հանդիսատեսը գուցե լքեր դահլիճը, չնայած բեմում ռուսաստանյան աստղեր
էին: Լավ էր, որ նրանց անբռնազբոս խաղը փոխհատուցեց կես ժամ ուշացումով սկսված եւ
դեռ ներկայացման սկզբում իրենց տեղերը փնտրող հանդիսատեսներից ոմանց պատճառով առաջացրած
տհաճ մթնոլորտը: Ինչ խոսք, հաճելի էր դիտել, թե ինչպես են Մենշովն ու Ալենտովան առանց
ավելորդ ձեւականության ու ճիգերի հանդիսատեսին հասցնում իրենց ասելիքը. ընտանեկան
կյանքի պատմություն, որ որոշ վերապահումներով կարող է բնորոշ լինել ցանկացածին՝ անկախ
ազգությունից: Նրանք մեր դերասան-դերասանուհիներից շատերի նման իրենց չէին «ճղում»:
Երեկ հրավիրված ասուլիսում Վ. Ալենտովան հայ հանդիսատեսին բնորոշեց կիրթ,
բայց նկատենք, որ կոնկրետ հյուրախաղերի առաջին օրը նույն հանդիսատեսը ծիծաղի ալիք
բարձրացրեց այնտեղ, որտեղ պետք չէր: Օրինակ, երբ հերոսը կնոջը հարցնում է՝ գոնե մտովի
դավաճանե՞լ է իրեն: Դրական պատասխանից հետո տղամարդը նրան անվանում է «պուտանա»:
Ու վերջ, պայթեց ծիծաղը Սունդուկյանի դահլիճում: Կարելի էր մտածել, թե սա էր կատակերգության
մեխը: Տհաճ էր տպավորությունը հրավիրված ասուլիսից, բնականաբար՝ ոչ Մենշովից
ու Ալենտովայից: Ներկա թատերագետները բառիս բուն իմաստով հարցախեղդ արին ռուս արտիստներին՝
նրանց անձնականին եւ «Մոսկվան արցունքների չի հավատում» հայտնի ֆիլմին վերաբերող
հարցերով: Ստիպված Մենշովն ասաց, որ հիշյալ ֆիլմը թեեւ իրեն «Օսկար» է բերել, բայց
դրանից հետո ինքը տեղում չի դոփել. «Օրինակ, ավելի ուշ ստեղծված «Աստվածների նախանձը»,
իմ ու Վերայի կարծիքով ամենակատարյալ ֆիլմն է, դա մեր երկրորդ բարձունքն է: Այն բոլոր՝
նաեւ դրամատուրգիական առումով, ավելի բարձրարժեք է ու հաջողված»: Նա անդրադարձավ
նաեւ իր ռեժիսորական կարիերային: Ափսոսանքով նշեց, որ իր «Մեծ վալս» ֆիլմի նկարահանումները
ֆինանսական խնդիրների պատճառով ժամանակավորապես ընդհատվել են: Նորից անդրադարձ
եղավ «Պիզայի աշտարակին»: Մենշովը հիշեց, որ նույն ներկայացումը Վ. Ալենտովան սկզբում
ուրիշի հետ էր խաղում: Չկարողանալով խաղընկերոջ հետ «լեզու գտնել», ինչը հաճախ է
պատահում թատերարվեստում, Ալենտովան որոշել է դուրս գալ ներկայացումից: Ներկայացումը
չձախողելու համար ամուսինն առաջարկել է ժամանակավորապես համատեղ հանդես գալ, մինչեւ
հարմար խաղընկեր կգտնվի: Ռեժիսոր Յուրի Երյոմինը, սակայն, հավանել է նրանց դուետը,
ինչի արդյունքում մինչ օրս «Պիզայի աշտարակում» երկուսով են հանդես գալիս: Ըստ
Վ. Մենշովի, 10 տարի համատեղ ապրած ցանկացած ամուսնական զույգ կվկայի, որ չկա ընտանիք՝
առանց ճգնաժամերի. «Ամուսնությունը Պիզայի աշտարակի պես կարող է թեքվել, տատանվել,
բայց այդպես էլ չփլվել, եթե առկա է երկկողմանի համբերությունը»: Ասվածի փայլուն ապացույցն
էր ռուս աստղերի համոզիչ խաղը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել