Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԳԱՌՆԵՐԻ» ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 10,2006 00:00

Քաղցկեղով
հիվանդ զինվորին ստիպում էին ծառայել եւ ծեծում էին Փետրվարի 27-ին բանակում
ձեռք բերած ծանր հիվանդության եւ զինվորական հոսպիտալի բուժանձնակազմի ոչ պրոֆեսիոնալ
ու անտարբեր մոտեցման պատճառով մահացավ 1985 թվականին ծնված Հայկ Գեւորգյանը: Մենք
եղանք Հայկ Գեւորգյանի տանն ու զրուցեցինք նրա մոր՝ Սուսաննա Գեւորգյանի հետ: Հաշվի
չառնելով Հայկի արմունկի վնասվածքը՝ երիտասարդին ուղարկում են ծառայելու ՊՆ Արարատ-Զոդի
N զորամաս: Ծառայությունից մեկ տարի երկու ամիս անց երիտասարդը գանգատվում է ամորձիների
ցավից: Բուժզննումը պարզում է, որ այնտեղ փոքր գոյացություն կա: Տղային ուղարկում
են Երեւան, ուր զինվորական հոսպիտալում բժիշկ Միշա Աղայանը վիրահատում է ամորձին
եւ հանգստացնում Հայկի մորը (հայրը վաղուց է մահացել), որ հայտնաբերված ուռուցքը
բարորակ է, այն բարեհաջող հեռացվել է, եւ Հայկին ոչինչ չի խանգարում շարունակել իր
ծառայությունը: 25 օր տեւած հետվիրահատական շրջանից հետո երիտասարդին դարձյալ՝ որպես
ծառայությունը շարունակելու ենթակա զինվորականի՝ ուղարկում են դիրքեր: Բանակ վերադառնալու
բառացիորեն երկրորդ օրը սպա Արա Բաբայանին դուր չի գալիս, թե ինչպես է Հայկն իրեն
պատիվ տալիս եւ նա ծնկով ուժեղ հարվածում է Հայկի վիրահատված մասին: Հայկի առողջությունը
կտրուկ վատանում է, սակայն մի ամբողջ ամիս նա դեռ դիրքերում էր, քանի որ «սանբաժանմունքի
Գեղամը գտնում էր, որ անհանգստանալու կարիք չկա»: Երբ տղայի վիճակն անտանելի է դառնում,
նրան դարձյալ ուղարկում են Զինվորական հոսպիտալ, ուր կատարում են երկրորդ վիրահատությունն
ու պարզում, որ Հայկ Գեւորգյանի մոտ առկա է տարածված քաղցկեղ: Նրան ուղարկում են
Քանաքեռի օնկոլոգիական դիսպանսեր՝ արդեն քիմիաթերապիա ընդունելու: Թերեւս
արժե նշել, որ բուժման ողջ ծախսերը հոգացել է բացառապես Հայկի ընտանիքը: Քանի որ
Հայկի առողջական վիճակը ժամանակի հետ ծանրանում էր՝ կարիք է առաջանում երրորդ վիրահատության:
Ինչն էլ հունվարի 27-ին կատարում է հոսպիտալի վիրաբույժ Միշա Աղայանը: Մեկ
ամիս անց Հայկը մահանում է: Սուսաննա Գեւորգյանը պատմեց, որ Հայկին ծնկով հարվածող
սպան (որն, ի դեպ, Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի քրոջ որդին
է) դատարանի կողմից ստացել է մեկ տարի պայմանական ազատազրկում, ինչը եւ «կրում» է
հայրենի Ղարաբաղում: Վերջինս Հայկին բուժվելու նպատակով հատկացրել էր «մի ամբողջ»
400 դոլար (քիմիաթերապիայի միայն վերջին կուրսի համար Հայկի հարազատները վճարել են
317 հազար դրամ): Մինչ վերոնշյալ դեպքի մասին գրելը՝ մի քանի հարցերի պատասխաններ
ստանալու ակնկալիքով դիմեցինք ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սեյրան
Շահսուվարյանին: Ներկայացնում ենք մեր հարցերը. ա/ վերջին տարիներին բարձրաստիճան
քանի՞ զինվորական է զրկվել աստիճանից կամ այլ տիպի պատիժ ստացել՝ պաշտոնեական դիրքի
չարաշահման կամ բանակում զինվորների հանդեպ ցուցաբերած ոչ կանոնակարգային վերաբերմունքի
պատճառով: Քանիսի՞ հանդեպ է հարուցված քրեական գործ: բ/ ՌԴ-ում, տանկային ուսումնարաններից
մեկի շարքային զինվորի հանդեպ դրսեւորած անմարդկային վերաբերմունքը հասարակական քննարկման
առարկա դարձավ, բարձրաստիճան մի շարք զինվորականների հանդեպ քրեական գործեր հարուցվեցին,
ոմանց զրկեցին համակարգում աշխատելու իրավունքից: Հայաստանի բանակում եւս ոտնահարվում
են շարքային զինծառայողների իրավունքները, շատ են սպանության դեպքերը: Որեւէ կոնկրետ
դեպքի մասին մեր ՊՆ բարձրաստիճան ղեկավարները, մասնավորապես՝ նախարար Սերժ Սարգսյանը,
պարզաբանում, մեկնաբանություն չեն տվել, հրապարակային չեն հնչել մեղավորների անունները:
Չե՞ք կարծում, որ այս կարգի լռությունն ավելի է խորացնում բանակի հանդեպ անվստահությունը:
գ/ Այսօր արդեն բարձրաձայն խոսվում է պատերազմի հնարավոր վերսկսման մասին: Այս ենթատեքստում
բանակի կոռումպացվածությունը, գեներալների անհավանական հարստացումը եւ նման մի շարք
երեւույթներ, չե՞ք կարծում, որ կարող են անդրադառնալ մարդկանց՝ հայրենիքը պաշտպանելու
ցանկության վրա: Ի պատասխան մեր հարցերին՝ պարոն Շահսուվարյանը հեռախոսով
խորհուրդ տվեց ՊՆ-ի ինտերնետային կայքից ստանալ այս հարցերի պատասխանները՝ ընթերցելով
Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Նշենք, որ խոսքը 2004 թ-ի «թարմություն» ունեցող մի
հարցազրույցի մասին է (որին կարող եք ծանոթանալ www.mil.am կայքից), ուր ընդհանուր
մտքեր են, իսկ հարցազրույցի թեման՝ ընդդիմության ապրիլի 12-ի հանրահավաքի մասին նախարարի
դատողություններն են: Պարոն Շահսուվարյանին, այնուամենայնիվ, խնդրեցինք հարցազրույցի
հնարավորություն ստեղծել եթե ոչ նախարարի, գոնե փոխնախարարներից որեւէ մեկի հետ:
Սակայն Ս. Շահսուվարյանը մերժեց նաեւ այդ առաջարկը՝ հետեւյալ անկեղծ հիմնավորմամբ.
«Խոսող» փոխնախարար չունենք»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել