Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞Վ է ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԵՐԱԾ ՓՈՂԵՐԸ

Մարտ 10,2006 00:00

Վարդենիսի
պատգամավոր Հակոբ Հակոբյանի կառուցածը բանի պետք չէ Մոտ տասը տարի առաջ «վերանորոգված»
Գյումրիի Կամոյի 48 ա շենքի բնակիչները շարունակում են կառավարությունից պահանջել
շենքի դուռ-լուսամուտն ու ուղիղ պատերը: Բանն այն է, որ նոր վերանորոգված
կառույցը սկսել է արագ տեմպերով քայքայվել՝ բացարձակապես չտարբերվելով քաղաքի աղմուկ
հանած վթարայիններից: Բնակիչների ասելով՝ տան փոխարեն իրենց «գոմ» է հրամցվել: Oրինակ՝
շինարարները բավարարվել են սենյակների հատակին հող լցնելով՝ հեռանալ, «լուսամուտներն»
էլ ավելորդ ծախս համարելով՝ «մոտիկ գեղերի գոմերից են թռցրել ու տեղադրել»: «Պատկերացրեք,
որ լուսամուտը կա, իսկ վրայի ֆոռտուշկեքը չկան, կամ ո՞վ է տեսել, որ տանդ լուսամուտի
վրա ստիպված լինես գրել՝ լուսամուտը չբանալ՝ վտանգավոր է»,- ձեռ են առնում բնակիչները:
Ըստ բողոքավորների՝ իրենք շնորհակալ կլինեին, եթե պրծնեին «անտիկվար» դուռ ու լուսամուտով:
Շինարարները նրանց գլխին պատուհաս են դարձրել նաեւ փտած ջրագծերը, կոյուղագծերը,
կառույցն էլ հանդիսավոր ձեւով շահագործման է հանձնվել՝ հոսանքի մալուխները թողնելով
բաց վիճակում: Զարմանալին այն է, որ կառուցող առաջին կազմակերպության՝ «Արպ-Անիգ»
ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Գինոսյանի բանտարկվելուց հետո, երկրորդ կապալառու կազմակերպությունը՝
«Արփա-Սեւան» ՓԲԸ-ն եւս շարունակել է նույն քաղաքականությունը: Դեռ մի բան էլ տեղի
իշխանավորները կարմիր «լենտ» են կտրել՝ շինարար ընկերությանը հատուկ շնորհակալություն
հայտնելով ու խաբված բնակիչներին «ավերակների» բանալիներ հանձնելով: Հիշեցնենք, որ
«Արփա-Սեւանի» տնօրենը ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանն է: Դժգոհողների ներկայացնելով,
այդ օրվանից իրենք դարձել են բողոք գրելու վարպետ՝ փոփոխվող քաղաքաշինության նախարարին,
վարչապետին, քաղաքապետին ու մարզպետին: Այս ընթացքում միակ ձեռքբերումն այն էր, որ
նախագահ Քոչարյանը քաղաքաշինության նախկին նախարար Դավիթ Լոքյանի հետ եկավ, կառույցը
տեսավ ու խնդրին հետեւելու խոստում տալով՝ հեռացավ: Իմիջիայլոց, կառույցի անորակ
շինարարությունը ապշեցրել է նաեւ մասնագետներին: Վարչապետի հանձնարարականով քաղաքաշինության
նախարարությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում կազմվել է ոչ մի
դրական բառ չպարունակող արձանագրություն. «Անբավարար է իրականացվել օբյեկտի տեխնիկական
հսկողությունը (ՍՊԱԾ հյուսիսային դեպարտամենտ), պատվիրատուի կողմից չի իրականացվել
բավարար վերահսկողություն: Ամրացման հիմնական աշխատանքները կատարող՝ «Արպ-Անիգ» ՍՊԸ
տնօրեն Ս. Գինոսյանը եւ աշխատանքները շարունակող ու ավարտող «Արփա-Սեւան» ՓԲԸ կապալառու
կազմակերպությունները կատարել են խիստ անորակ եւ թերի աշխատանքներ: Մարզային ու քաղաքային
իշխանությունների համապատասխան ծառայությունները շահագրգիռ մոտեցում չեն ցուցաբերել
իրենց տարածքում իրականացվող շինարարության նկատմամբ: Շենքի ամրացման աշխատանքները,
առանց ընդունման-հանձնման ակտի, շարունակել ու ավարտել է «Արփա-Սեւան» ՓԲԸ-ն»: Չնայած
նման փաստաթղթին՝ քաղաքաշինության նախարարությունը շարունակում է հակասական որոշումներ
կայացնել՝ մեկ որոշել է հանձնարարել շինաշխատանքներն իրականացնող կազմակերպությանը՝
վերացնել թերությունները, մեկ էլ հրաժարվում է՝ պատճառաբանելով ֆինանսական սղությունը:
Այս մասին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին ուղղված գրության մեջ դժգոհում է նաեւ
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը: «Շենքը հանձնելու մութ ու խավար տարիներին մեզ
համոզում էին ըմբռնումով մոտենալ, ընդառաջեցինք ու կրակն ընկա՞նք»,- ասում են բնակիչները՝
սրտնեղելով, որ իրենց անհրապույր կառույցը «Լինսի» նորակառույցների ուղիղ կենտրոնում
է: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել