ՈՒՇԱՑԱԾ
ՔԱՅԼԵՐ Երեկ ՄԱԱ-ում անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման
ներկա փուլին՝ ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը գնահատեց. «Հայաստանը պարտվողական քաղաքականություն
է վարում»: Ըստ նրա՝ կարգավորման գործընթացում Հայաստանը բաց է թողել նախաձեռնությունը
եւ Քի Ուեսթից հետո սկսեց աստիճանաբար իրականացնել զիջողական քաղաքականություն: «Այսօր
Ղարաբաղն արդյո՞ք իրականում մասնակցում է այդ բանակցություններին» հարցին ի պատասխան,
պրն Սարգսյանն ասաց. «Բութ ձեւացող մարդկանց համար պետք է նշեմ, որ Ղարաբաղի մասնակցությունը
բանակցություններին զուտ ֆորմալ արտահայտություն չէ: Մենք պետք է ներկայացնեինք,
որ Ղարաբաղի իշխանություններն անկախ սուբյեկտ են եւ հենց նրանց հետ պետք է խոսել»:
Ներկայացման համար որպես ճանապարհ նշեց ԱԺ-ին ներկայացված իր նախագիծը, ըստ որի՝
պետք է ճանաչել Ղարաբաղի օրինական դուրս գալը Ադրբեջանի կազմից: Եվ պարզ դարձավ,
որ վերոնշյալ վիրավորանքը պատասխան էր նրա այս նախաձեռնությունը քննադատած Շավարշ
Քոչարյանին: Արամ Սարգսյանն «ուշացած եւ անընդունելի» անվանեց Ռոբերտ Քոչարյանի
հայտարարությունը՝ Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հավանականության վերաբերյալ.
«Եթե նախագիծը ՀՀ իշխանությունները կյանքի կոչեին 5-10 տարի առաջ, ապա Ղարաբաղն արդեն
կլիներ ոչ թե պետություն, այլ սուբյեկտ, որը կընդուներ, թե անկախացել է օրինական
ճանապարհով»: ՀՀ նախագահի վերջին ասուլիսին ՀԴԿ նախագահն այս գնահատականը տվեց. «Քոչարյանն
ինչ-որ փուլ արդեն տանուլ է տվել եւ այդպիսի ռազմատենչ հայտարարություններ է անում»:
Անդրադարձավ նաեւ փետրվարի 28-ի հանրահավաքին. «Սումգայիթի զոհերի տարելիցը
«Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» կազմկոմիտեն ամեն տարի նշել է, բայց այդ մարդկանցից
ոչ ոք չի մասնակցել: Սակայն այս տարի հանկարծ պետական մակարդակով հիշում են՝ ռազմահայրենասիրական
ոգին բարձրացնելու նպատակով: Ուշացած քայլերն ավելի վատ հետեւանքներ են բերում: Սա
ֆոն է, որը ներքին օգտագործման համար անհրաժեշտ է, դրսում դրան բացարձակ ուշադրություն
չեն դարձնում, որովհետեւ բոլորը հասկանում են, որ պատերազմ սկսողը ո՛չ Հայաստանն
է լինելու եւ ո՛չ էլ Ադրբեջանը»: Սեփ. լր.