Լրահոս
Օրվա լրահոսը

«Կետային» զարգացումներ

Մարտ 10,2006 00:00

«Կետային»
զարգացումներ Եվ այսպես, հաջորդ շաբաթվա սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության
խորհուրդը ձեռնամուխ կլինի իրանական խնդրի քննարկմանը: Խորհրդի անդամներն արդեն իսկ
ստացել են Իրանի «միջուկային» պարտավորություններին վերաբերող՝ ՄԱԳԱՏԷ-ի նոր զեկույցը,
ինչի մասին պաշտոնական հայտարարություն է արել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի լիազոր ներկայացուցիչը:
Իսկ այդ զեկույցի հիմնական եզրահանգումներից մեկն այն է, որ ՄԱԳԱՏԷ-ն, ինչպես եւ
նախկինում, չի կարող երաշխավորել, որ Իրանի միջուկային ծրագրերը հետապնդում են բացառապես
խաղաղ նպատակներ: Սա, իհարկե, չի նշանակում, թե առավելապես «խորհրդատվական-տեղեկատվական»
բնույթի այդ քննարկումներին անմիջականորեն հետեւելու են Իրանի նկատմամբ պատժամիջոցներ
նախատեսող ինչ-ինչ բանաձեւեր: Սակայն վստահաբար կարելի է պնդել, որ մի քանի օրից
ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի հարցով գումարվելիք այդ նիստն այն պարտադիր եւ ձեւական հանգրվանն
է, որով անցնում է Թեհրանի նկատմամբ արդեն գրեթե անխուսափելի թվացող արմատական միջոցների
գործադրման ճանապարհը: Այն հեռանկարի օգտին, որ Իրանի նկատմամբ միջազգային
պատժամիջոցները, այնուամենայնիվ, սահմանվելու եւ կիրառվելու են, նախ եւ առաջ խոսում
է Սպիտակ տան վերջին պաշտոնական հավաստիացումն այն մասին, որ Իրանը շարունակ «կեղծ
բանակցություններ» վարելու փորձեր է կատարում՝ իրականում միջազգային հանրության համար
մնալով «ահագնացող սպառնալիք», ինչը «համարժեք վերաբերմունքի» է արժանի: Ավելին,
վաշինգթոնյան փորձագետները հայտարարել են, թե Իրանն արդեն իսկ տիրապետում է հարստացված
ուրանի այնպիսի պաշարների, ինչը Թեհրանին «10 ատոմային ռումբ պատրաստելու հնարավորություն
է տալիս»: Իհարկե դժվար է ասել, թե որքանով են արժանահավատ եւ «քաղաքականազերծ»
վերը բերված փորձագիտական տվյալները: Այնուամենայնիվ, դրանց հրապարակային շրջանառումն
առնվազն այն իրողության պերճախոս վկայությունն է, որ չնայած Իրանի եռանդուն հակափաստարկներին
ու չնայած Ռուսաստանի՝ շարունակվող դիմակայությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն
ամենամոտ ապագայում նորից է հավաքվելու, բայց այս անգամ՝ արդեն բուն պատժամիջոցների
քերականական ձեւակերպումները հստակեցնելու նպատակով: Իսկ թե ինչ մոտավոր բովանդակություն
են ունենալու այդ պատժամիջոցները, կարելի է կռահել թեկուզ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական
հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսի՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հնչեցրած
հետեւյալ հայտարարությունից: «Հաջորդ շաբաթվանից մենք թեւակոխում ենք դիվանագիտական
նոր փուլ, ինչը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում իրականացվելիք
գործողություններ: Ըստ այդմ, եթե Իրանը շարունակի ընդդիմանալ միջազգային հանրությանը,
ապա մենք ստիպված կլինենք քննարկել կետային պատժամիջոցների գործադրման հնարավորությունը,
ինչը, ի դեպ, արդեն իսկ ուսումնասիրվում է մի շարք երկրների կողմից»: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել