Այս
գնահատականը պատկանում է ԱՄՆ պետքարտուղարության մի պաշտոնյայի, որն ամիսներ առաջ
խուսափում էր դատողություններ անել Հայաստանի իշխանությունների՝ ժողովրդավարության
հանդեպ նվիրվածության կամ պակասի վերաբերյալ: Սահմանադրական հանրաքվեից հետո,
2005-ի դեկտեմբերի 7-ին ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տեղակալ
Մեթյու Բրայզան «Ազատություն» ռ/կ-ին տրված հարցազրույցում ասել էր. «Դեռեւս չափազանց
վաղ է դատողություններ անել ժողովրդավարության առաջխաղացման վերաբերյալ: Եկեք տեսնենք,
թե ինչ ծավալով են այս բարեփոխումները կիրառվելու, եւ ինչ ծավալով են Հայաստանի իշխանությունները
աշխատելու քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հետ՝ ընտրական
եւ հանրաքվեական ընթացակարգերը ուժեղացնելու ուղղությամբ»: Բրայզան նաեւ կոչ էր արել
հետաքննություն սկսել դիտորդների նկատած խախտումների առնչությամբ. «Եթե Հայաստանի
իշխանությունները անցկացնեն հետաքննություն եւ պատժեն մեղավորներին, ապա դա եւս մեկ
քայլ կդառնա ժողովրդավարացման ուղղությամբ: Բայց այս պահին մենք չգիտենք, թե ինչ
է տեղի ունենալու»: Բրայզան կոչ էր արել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներին
«երկխոսության» գնալ եւ նույնիսկ առաջարկել պայմանավորվածության հանգել սահմանադրական
հավելյալ բարեփոխումային դրույթների շուրջ: Երբ անցած ուրբաթ Մեթյու Բրայզան
Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հանդիպում էր լրագրողների հետ՝ արդեն ակնհայտ էին իր
հարցազրույցում առաջադրված հարցականների պատասխանները: Եվ մասնավորապես այն, թե արդյոք
պատժվեցի՞ն հանրաքվեի ընթացքում իրականացված լուրջ խախտումների մեղավորները, եւ արդյոք
կատարվե՞ց այդ մի քայլը ժողովրդավարության ուղղությամբ: Ավելորդ է անգամ խոսել իշխանության
եւ ընդդիմության միջեւ սահմանադրական հավելյալ բարեփոխումային դրույթների շուրջ պայմանավորվածության
մասին: Սակայն չնայած այս ամենին՝ Մեթյու Բրայզան ասուլիսում համոզմունք արտահայտեց,
թե «Հայաստանը ժողովրդավարացող երկիր է»: Նաեւ նկատեց, թե ժողովրդավարությունը գործընթաց
է. «Հավատում ենք, որ այն հաջողությամբ կընթանա, հակառակ դեպքում Հայաստանը չէր ներգրավվի
«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում: Առաջիկայում փորձելու ենք մեր հնարավորությունները
օգտագործել Հայաստանում ժողովրդավարությունը հաստատելու ոչ թե վերեւից ներքեւ, այլ
նաեւ ներքեւից վերեւ»: Որոշակի ինչպե՞ս է դրսեւորվելու այդ «ներքեւից վերեւ»
ժողովրդավարությանն աջակցությունը: Գուցե այս հարցի պատասխանը պարզ է դարձել ասուլիսից
հետո ԱՄՆ դեսպանատանը կայացած ընդունելությա՞ն ընթացքում, որին ներկա են եղել ինչպես
Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Արտաշես Թումանյանը, այնպես էլ՝ Ստեփան Դեմիրճյանը
(ի դեպ, ականատեսների վկայությամբ՝ Մեթյու Բրայզան առանձնահատուկ ջերմությամբ ողջունեց
ու ողջագուրվեց «Արդարության» խմբակցության ղեկավարի հետ), Արտաշես Գեղամյանը, Արամ
Զավենի Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: ՍԻՄ նախագահ
Հրանտ Խաչատրյանը, որը նույնպես ներկա է եղել այդ ֆուրշետին՝ մեր հարցադրմանն ի պատասխան
ասաց, թե իր ներկայությամբ խոսակցություն չի եղել «ներքեւից վերեւ» ժողովրդավարություն
հաստատելուն աջակցելու մասին. «ԱՄՆ դեսպանատանն ընդունելության ժամանակ հյուրն, իսկապես,
դրականորեն էր արտահայտվում Հայաստանում ընթացող գործընթացների մասին: Ինչպես եւ
ասուլիսում՝ ընդունելության ժամանակ էլ Մեթյու Բրայզան ասաց, թե Հայաստանը գտնվում
է ճիշտ ճանապարհի վրա եւ ԱՄՆ-ն պետք է օգնի, որ մեր երկիրը կարողանա ճիշտ վարել
փոխլրացման քաղաքականությունը: Միաժամանակ հղումներ էր կատարում ե՛ւ Հայաստանի պաշտոնական
ներկայացուցիչների հետ հանդիպումներին, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների հետ Վաշինգթոնում
ունեցած զրույցներին՝ մասնավորապես նշելով Արամ Զավենի Սարգսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի
անունները: Դժվարանում եմ ասել, թե ո՞րն է պատճառը, որ փոխվել են նրա տեսակետները:
Բայց համենայն դեպս, Բրայզան նշում էր նախապատվությունները՝ իր գնահատականները սկսելով
առաջին հերթին Հայաստան-ԱՄՆ անվտանգության հարցերով համագործակցության՝ իր համար
աննախադեպ արագ տեմպերից, եւ նշելով, թե 4 տարի առաջ, երբ հանդիպում էր Սերժ Սարգսյանի
հետ՝ դժվար էր պատկերացնել, որ այդքան արագ տեմպերով հնարավոր կլինի համագործակցությունը:
Եվ խնդիր էր նշում, թե պետք է այնուամենայնիվ դիվերսիֆիկացնել Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները
3 ոլորտներում՝ նշելով անվտանգությունը, ժողովրդավարությունը եւ հատուկ ընդգծում
էր էներգետիկայի ոլորտը: Ավելացրեց, թե պետք է զրույց լինի էներգիայի լրացուցիչ աղբյուրների
մասին»: Մեր հարցի իրական պատասխանը թերեւս այս տեղեկությունն է: Մարտի 16՟ին
Երեւան կժամանի Մեթյու Բրայզայի ղեկավարը՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի
հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը, որը պատրաստվում է քննարկել Ռամբույեի հանդիպումից
հետո ստեղծված իրավիճակը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ