Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՎԻԿԸ

Մարտ 08,2006 00:00

ՎԻԿԸ ԼԱՎ ՉԷՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Չնայած վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը ութերորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց ֆիլիպինցի Դիոսադո Գաբիին՝ պաշտպանելով չեմպիոնական գոտին, ըստ նրա մենեջեր Էդուարդ Ղումաշյանի, նա լիարժեք պատրաստ չէր այդ մենամարտին: Հաղթանակից հետո Է. Ղումաշյանը ԶԼՄ-ներին հայտարարել է. «Գաբիի հետ մենամարտը դիտարժան ստացվեց միայն այն պատճառով, որ Դարչինյանը դրան վատ էր պատրաստվել: Ճիշտ է, նրա մեկ հարվածով նոկաուտը գրավիչ էր, սակայն սովորական պայմաններում Գաբին նրան մրցակից չէր կարող լինել: Վախթանգն ընդամենը 50 տոկոսով էր պատրաստվել, որովհետեւ եւ մենամարտն էր կազմակերպվել կարճ ժամանակում, եւ Հերի Շոուի հետ պայմանագրի ստորագրումն ինչ-որ տեղ անսպասելի եղավ: Բացի դա, նրա թիմի մի քանի անդամներ դեմ էին այդ պայմանագիրն ստորագրելուն, քանի որ ցանկանում էին առաջվա պես վարել Վիկի ֆինանսական գործերը: Սակայն իրավիճակը փոխվեց եւ հիմա Վախթանգն է տնօրինում իր ֆինանսները, ընտրում իր թիմի անդամներին: Ընդհանրապես, չարժեր, որ Վախթանգը չեմպիոնների երեկոյին ներկա լինելու համար մեկներ Մեքսիկա: Կամ հարկավոր էր գոնե դրանից հետո մնալ Լոս Անջելեսում, այլ ոչ թե վերադառնալ Սիդնեյ: Հեռավոր թռիչքներ կատարել Սիդնեյից Լոս Անջելես, հետո՝ Կանկուն, Ատլանտա, կրկին Լոս Անջելես, Էլ-Պասո, նորից ետ, Սիդնեյ, Լոս Անջելես եւ այդ ամենը չորս շաբաթվա ընթացքում՝ առնվազն անխոհեմություն էր: Մյուս խնդիրը մարզումային մրցակիցների ու մարզիչների պակասն էր: Այս ամենին ավելացնենք, որ ինքն էր զբաղվում մենամարտի հեռուստատեսային իրավունքների հարցերով: Այս ամենը շեղում էին նրան բուն նպատակից: Վախթանգն ու նրա արդեն նախկին մարզիչ Ջեֆ Ֆենեկը Լոս Անջելես ժամանեցին մարտից մեկ շաբաթ առաջ: Եվ յոթերորդ օրը ռինգ մտնելը, պարզապես, խելացնորություն էր: Ջեֆ Լեյսիի պարտությունից հետո Վախթանգը դարձավ Հերի Շոուի թիմի առաջին համարը, չեմպիոնների մեջ միակ չպարտվածը: Նա հաջորդ մենամարտն անցկացնելու է հունիսի 3-ին: Հնարավոր է, որ դա միավորող մրցամարտ լինի Օմար Նարվաեզի հետ»: Տեղեկացնենք, որ Նարվաեզը արգենտինացի է, WBO-ի վարկածով չեմպիոնը: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 մենամարտ, տարել 20 հաղթանակ, որից 14-ը՝ նոկաուտով, եւ կրել 2 պարտություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել