Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝

Մարտ 08,2006 00:00

ՀԱՅԵՐԸ՝ ՆՈՐԶԵԼԱՆԴՈՒՀՈՒ ԱՉՔԵՐՈՎ Նկարչուհի Ամբեր Ռոզ Քանդարյանը Հայաստանում զարմանալու շատ բաներ գտավ Այսօր ՆՓԱԿ-ում կբացվի ցուցահանդես՝ «Սոցիալական խաղեր» վերնագրով: Մասնակիցները խաղն ընկալում են իբրեւ խնդիրներից խոսելու լավագույն միջոց: Կներկայացվեն Նարինե Զոլյանի, Դիանա Հակոբյանի, Նարինե Արամյանի, Կարինե Մացակյանի, Նիկոլետտա Շտալդերի (Շվեյցարիա), Ամբեր Ռոզ Քանդարյանի (Նոր Զելանդիա) եւ այլոց լուսանկարչական ու վիդեոաշխատանքները: Այս կանայք գտնում են, որ տոնը պետք է դարձնել սովորական վիճակ ու հնարավորինս մոտեցնել առօրյային: Ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանն ասաց, որ պատահական չի ընտրված միջոցառման խորագիրը: «Մենք ուզում ենք արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսով վերհիշել իրական Մարտի 8-ը, որի բովանդակությունն ի սկզբանե այլ էր. այդ օրը կանայք առաջին անգամ փողոց են դուրս եկել ու պահանջել իրենց իրավունքները»: Եվայի խոսքով՝ ցուցահանդեսում խաղը միջոց է ներկայացնելու կնոջ խնդիրների ողջ կոմպլեքսը՝ ընտանիքում, հասարակության մեջ, եւ այն դժվարությունները, որոնց կանայք հաճախ բախվում են: Զրուցեցինք Ամբեր Ռոզ Քանդարյանի հետ, որն իր վիդեոաշխատանքում ներկայացնում է հայաստանցի կնոջը: Նրան զարմացրել է, որ հայուհիները մշտապես տոնական են հագնված ու շպարված, աշխատանքի գնալիս ճոխ զարդեր են կրում, մի բան, որ չես տեսնի Եվրոպայում: Նրանցից հետ չեն մնում հայ տղամարդիկ: Ամբերի կարծիքով՝ վերջիններս չափից շատ են ուշադրություն հատկացնում իրենց արտաքինին ու հագուկապին: «Հաճախ հայ տղամարդիկ ինձանից լավ են հագնված, դա ինչ-որ առումով տարօրինակ է»,- ասում է սպորտային ոճով հագնված նորզելանդուհին: Ի դեպ, նրա հայրը հայ է, ինքը շատ է լսել Հայաստանի մասին, դրա համար էլ որոշել է սեփական աչքերով տեսնել իրական Հայաստանը: Այժմ աղջիկն աշխատում է երեւանյան բարերում որպես DJ, մինչեւ կլուծվեն գործնական որոշ պայմանավորվածություններ: Ամբերին զարմացրել են նաեւ մեր փողոցների գովազդային պաստառներն ու հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսահոլովակները: «Դրանցից շատերը մեր երկրում հաստատ կարգելվեին: Տպավորություն ունեմ, թե այստեղ գովազդի մասին օրենք չկա»,- նշեց նա: Երբ Ամբերից հետաքրքրվեցինք, թե ինչ գիտի հայկական մշակույթի մասին, միայն Հայոց եղեռնը հիշատակեց(՞): Հետո էլ շարունակեց, որ Նոր Զելանդիայում հայերի կերպարի կոնկրետ ստերեոտիպեր կան. «Մեզ մոտ հայ ասելիս հասկանում ես բիզնեսմեններ, իրավաբաններ, իսկ Հայաստանում պատկերն այլ է»: Ամբերը եղել է Գառնի-Գեղարդում, շատ է հավանել Ծաղկաձորը: Սիրում է ճամփորդել ու անպայման նկարահանել տեսածը: Նրա տեսախցիկը, ինչպես վերը նշեցինք, սեւեռվել է հայ կանանց վրա: Հարցին, թե ինչու հատկապես կանանց, նա պատասխանեց. «Հայաստանցի ու նորզելանդացի կանայք շատ են տարբերվում միմյանցից: Օրինակ, մեզ մոտ, եթե հանկարծ տղամարդը դուռը բացի, որպեսզի առաջինը կինը ներս մտնի, վերջինս դրանից կվիրավորվի. ինչ է, ինքը չի՞ կարող բացել: Բացի այդ, մեր երկրում կանայք քաղաքականության մեջ եւ հասարակական կյանքում մեծ դեր ունեն, ինչը չես ասի Հայաստանի մասին: Մեր փոխնախագահը կին է, իսկ դուք կարծեմ թե պառլամենտում ընդամենը մի քանի կին ունեք»: Երեւանյան ժամանցի վայրերն էլ են զվարճացրել Ամբերին. «Ինչո՞ւ հայկական ակումբներում եւ դիսկոտեկներում ամենուր հայելիներ են: Դրսում երբեք չեք տեսնի, որ մարդիկ պարելիս իրենց նայեն ու հիանան: Դա նույնիսկ ծիծաղելի է: Մեզ մոտ մտածում են միայն լիարժեք «անջատվելու» ու լիցքաթափվելու մասին, ու կարեւոր չէ, թե այդ պահին ինչպիսի տեսք ունես»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել