Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարում

Մարտ 08,2006 00:00

«Նկարում է երգ, երգում՝ նկարելով» Երեք տարվա ընդմիջումից հետո «Նարեկացի» արվեստի միությունում այսօր կկայանա Գայանե Խաչատրյանի մենահամերգն ու նկարչական աշխատանքների ցուցադրությունը: Արվեստագետի ոչ հազվադեպ «երեւալուն» գործընկերներն ունեն, իրենց կարծիքով, ճիշտ պատասխան. Գայանեն չի ընդունում, երբ իր ցուցադրված աշխատանքները նորից են ներկայացվում: Բնականաբար, այս անգամ էլ նա կներկայանա նոր նկարներով: Իսկ երգարվեստում անգամ ճանաչված երգերը նա հնչեցնում է յուրովի: Հետեւելով արվեստագետի գործունեությանը, մենք էլ տեղեկացնենք, որ նրա ստեղծագործական կյանքում սա տասներորդ մենահամերգ-ցուցահանդեսն է: 2004-ին 49 հայ նկարիչների ավելի քան 300 աշխատանքների կողքին ֆրանսիացի արվեստագետները Բրիսոնյե եւ Կլամար քաղաքներում առաջին անգամ ծանոթացել են հայ նկարչուհու արվեստին (դա նրա աշխատանքների առաջին արտերկրյա ցուցադրությունն էր): Գ. Խաչատրյանի մասին ճանաչված նկարիչ Կարեն Սմբատյանը «Առավոտին» փոխանցեց հետեւյալը. «Գայանեն յուրահատուկ է որպես ստեղծագործող, ընդ որում՝ կին ստեղծագործող: Մի բան, որ նրա աշխարհընկալմանը հաղորդում է այնպիսի նրբագեղություն ու այնքան քնքշություն: Այս դեպքում նկարչուհու նմանատիպ յուրահատկությունը զարդարում է նրան ու նրա գեղանկարչությունը»: Ըստ Գ. Սմբատյանի՝ նկարչուհին իր ընկալումներում ունի լայն դիապազոն ու նրա համար սահմանները պայմանական են: «Օրինակ, գուսան Շահենի՝ Պարույր Սեւակի հիշատակին նվիրված «Անցա-գնացի» երգի մոտիվով ստեղծած կտավի շունչը նկարչուհին կարող է զուգակցել արեւմտաեվրոպական, դասական որեւէ երգի կատարման հետ, ստեղծելով միայն իրեն բնորոշ գունագեղային անսամբլ»,- նշեց մեր զրուցակիցը: Գ. Խաչատրյան երգչուհու մասին կարծիք խնդրեցինք ճանաչված երաժիշտ, ջութակահար Կարլեն Կարապետյանից: «Նկարում է ինչպես երգ, երգում է ինչպես մի գեղեցիկ բնապատկեր: Երկու դեպքում էլ հուզում է իր հանդիսատեսին, ինչպես ընդունված է ասել՝ խաղում նրանց սրտի նուրբ լարերի հետ: Անձամբ ես, շփվելով Գայանեի արվեստի հետ, ամեն անգամ հարստացած եմ հեռանում դահլիճից»,- ասաց երաժիշտը: Գ. Խաչատրյանից հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանում ստեղծված «Դրախտի պտուղը» նկարների շարքում ինչո՞ւ է Ադամի ու Եվայի հայտնի խնձորը փոխարինվել ծիրանով, ինչը արվեստագետների շրջանում կարծիքների բախումներ է առաջացրել: Նկարչուհու համոզմամբ՝ Ադամն ու Եվան ոչ թե խնձոր են համտեսել, այլ ծիրան. «Ծիրանը հայերիս համար խորհրդանիշ է: Եթե Հայաստանը դրախտավայր է, ուրեմն կասկած չկա, որ դրախտի պտուղը ծիրանն է»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել