Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԸ ՍՏՈՒՄ Է

Մարտ 08,2006 00:00

ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԸ ՍՏՈՒՄ Է Ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը Դեռ 2005-ի դեկտեմբերի վերջերին ՀՀ նախագահի խորհրդական Բագրատ Եսայանի գլխավորությամբ հակակոռուպցիոն ռազմավարության միջոցառումների մոնիտորինգի հանձնաժողովի շրջանակներում գործող տեղեկատվության ազատության աշխատանքային խումբն իր հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձել էր նաեւ դեկտեմբերի 7-ին «Առավոտում» հրապարակված «Ավել պակասի համար կներեք» վերտառությամբ հրապարակմանը: Այնտեղ կոնկրետ փաստեր էին ներկայացված ոստիկանության կոնկրետ աշխատակիցների կողմից «Առավոտի» եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրողների կողմից Նոր Հաճընի մասին պատմող ռեպորտաժի նախապատրաստմանը խոչընդոտելու վերաբերյալ: Երեկ պարոն Եսայանը պաշտոնական գրությամբ «Առավոտին» տեղեկացրել է, թե ժամանակին իրենք պաշտոնապես դիմել էին ՀՀ ոստիկանություն՝ այդ դեպքի առնչությամբ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով: Պարզաբանումները ստացվել էին 2006թ. փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արարատ Մահտեսյանի ստորագրությամբ: Իսկ այնտեղ մասնավորապես ասված է, թե հիշյալ հրապարակման առնչությամբ ՀՀ ոստիկանությունում կատարվել է ծառայողական քննություն, որին, ի դեպ, մենք՝ ոստիկանության գործողությունների թիրախ դարձած լրագրողներս, չենք էլ հրավիրվել: Ասել է թե՝ ոստիկանությունն ընդամենը ձեւ է արել, թե քննություն է կատարել, որովհետեւ առանց մեզ հետ զրուցելու, մեր փաստարկներն ու ապացույցները ներկայացնելու՝ ոստիկանության անցկացրած ծառայողական քննությունն առ ոչինչ է ու չի կարող օբյեկտիվ կերպով արտացոլել ու գնահատել ոստիկանների վարքագիծը: Իսկ այդ վարքագիծը, մեր պնդմամբ, ակնհայտորեն դուրս է եղել ոստիկանին վերապահված լիազորությունների շրջանակներից, եղել է անօրինականություն: Բայց անգամ գեներալ-մայորի պարզաբանման մեջ մի հետաքրքիր նկարագրություն կա՝ «ՀՀ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնի պետի տեղակալ Ս. Անտոնյանը 2005 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 12-ի սահմաններում, տեղամասային տեսուչներ Տ. Անտոնյանի եւ Ռ. Տոնոյանի հետ գտնվել է Նոր Հաճընի թիվ 2 միջնակարգ դպրոցում, քանի որ դեկտեմբերի 11-ին պետք է կայանար քաղաքապետի ընտրությունները, որի կապակցությամբ ստուգվել են ընտրատեղամասերը, որոնցից է նշված դպրոցը։ Այդ ժամանակ Ս. Անտոնյանը նկատել է «ԳԱԶ-31» մակնիշի մոխրագույն ավտոմեքենա, որտեղից դուրս է եկել մի երիտասարդ, նկարահանել դպրոցն ու հարակից տարածքը եւ իր պահվածքով կասկածի տեղիք է տվել։ Ս. Անտոնյանը անձի ինքնությունը պարզելու նպատակով մոտեցել է նրան, ներկայացել եւ պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն վերջինս հրաժարվել է եւ հայտնել, որ ինքը ճանաչում է նրան, քանի որ ոստիկանության նախկին ծառայող է։ Ս. Անտոնյանը նրան հրավիրել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունք» եւ այլն: Նախ, ՀՀ որեւէ քաղաքացու արգելված չէ տեղամաս կամ դպրոց նկարելը, ուստի ոստիկանությունն իրավունք չուներ արգելել մարդուն որեւէ բան նկարել: Մյուս կողմից, ո՛չ ես, ո՛չ «ՉԻ»-ի ֆոտոլրագրող Գ. Շամշյանը դեկտեմբերի 6-ին Նոր Հաճընում որեւէ տեղամաս, դպրոց չենք նկարել, ավելին՝ մեր այցելած ու լուսանկարած տարածքին մոտ գտնվող որեւէ ընտրատեղամաս չի եղել: Մեզ հետ զրույցի հենց սկզբում մենք ներկայացել ենք որպես լրագրողներ ու ցույց ենք տվել մեր համապատասխան փաստաթղթերը, մինչդեռ ոստիկանները, որոնցից մեկը փորձում էր խլել մեր ֆոտոխցիկը, մեզ ոչ միայն որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել իրենց ով լինելու մասին, այլեւ մասնավորապես՝ Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնի պետի տեղակալ Սամվել Անտոնյանը մեր պնդումներին ի պատասխան, ստել է՝ ներկայանալով որպես Խաչատրյան: Սա վկայում է միայն այն մասին, որ բարձրաստիճան սպան ի սկզբանե գիտակցել է իր արարքի անօրինական լինելու հանգամանքն ու իր ազգանվան մասին մեզ սուտ տեղեկություն տալով, թերեւս, փորձել է հետագայում խուսափել պատասխանատվությունից ու իր անունը թերթերում շոշափելու հեռանկարից: Ինչ վերաբերում է Երեւան֊Նոր Հաճըն կամրջի վրա ՊԱՏ աշխատակիցների կողմից մեր մեքենան կանգնեցնելուն, ինչը հերքված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ, ապա ես սա պնդում եմ եւս մեկ անգամ։ Բ. Եսայանին ուղղված ծիծաղաշարժ ու ստահոդ տեղեկություններով հարուստ պարզաբանումները մեջբերելու փոխարեն հայրենի ոստիկանությանը խորհուրդ ենք տալիս եւս մեկ անգամ ընթերցել մեր թերթի հիշյալ հրապարակումը, որտեղ արձանագրված փաստերը, ես պնդում եմ, ավելի քան ճշգրիտ են: Անկեղծ ասած, ի սկզբանե որեւէ պատրանք չունեինք, թե ՀՀ ոստիկանության պատասխանն այլ կարող է լինել, բայց որ ոստիկանության ներկայացրած սուտն այսքան պոզ ու պոչ կարող էր ունենալ՝ չէինք էլ ենթադրում: Ես՝ որպես ՀՀ փոխոստիկանապետի պարզաբանման մեջ մատնանշված լրագրող, պնդում եմ, որ գեներալ-մայորը պարզապես ստում է: Իսկ եթե բանը հասնի դատարան, ես պատրաստ եմ ներկայացնել իմ հայտարարությունը հիմնավորող լրացուցիչ ապացույցներ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել