Թուրքական խճանկար Թուրքիան հանդես է գալիս 2006 թվականին ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու օգտին: Այս մասին, ըստ «Մեդիամաքսի», «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: «Ֆրանսիայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11-ին կայացած հանդիպման ընթացքում ոչ մի առաջընթաց չգրանցվեց, ինչն առաջացրեց համաշխարհային հանրության ափսոսանքը»,- արձանագրել է Գյուլը՝ այնուամենայնիվ հավելելով. «սակայն մենք չենք կորցնում հույսը, որ Պրահայի գործընթացի շրջանակներում դեռ հնարավոր կլինի առաջընթաց ապահովել»: Ըստ Գյուլի՝ Թուրքիան շարունակում է «ԵԱՀԿ Մինսկի գործընթացն ընկալել իբրեւ մի հարթակ, որը կարող է նպաստել հակամարտության լուծմանը»: Թուրքիայի արտգործնախարարի նույն հարցազրույցի մեկ այլ ասպեկտին է անդրադարձել «Արմինֆոն»: Ըստ այդմ՝ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, թե «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու նախագիծը նոր հնարավորություններ է բացում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրումների համատեքստում: Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ հիշյալ երկաթուղու նախագիծը ենթադրում է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ՝ հետագայում այդ գիծը Ադրբեջանի երկաթուղային ցանցի հետ միավորելու հեռանկարով, ինչը կհանգեցնի երեք պետություններն իրար կապող ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծմանը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, եթե «Մարմարա» նախագիծը (Բոսֆորի նեղուցի տակով երկաթգծի անցկացում) արեւելքում միավորվի Բաքվի եւ Ղազախստանի միջեւ նախատեսվող երկաթուղային-ծովային ճանապարհի հետ, իսկ այնուհետեւ հասնի մինչեւ Չինաստան, ապա «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղին կդառնա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ ամենակարճ երկաթուղային հաղորդակցության մի մասը: Երեկ Թուրքիա-Հայաստան փոխշփումներին է անդրադարձել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ շփումներ եղել են եւ կլինեն»,-ասել է նա «Նոյյան տապանի» թղթակցին՝ մեկնաբանելով թուրքական «The New Anatolian» պարբերականի հրապարակած տեղեկատվությունը հայ-թուրքական փակ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Ըստ խոսնակի՝ այդ շփումները ներկայումս էլ շարունակվում են: Թուրքական թեման ամբողջական դարձնելու համար տեղեկացնենք նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալիի արած մի հայտարարության մասին: Վերջինս ԱՊԱ-ին ասել է, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական դաշինք կնքելուց հետո «մենք կկարողանանք ռազմական գործողությունների վերսկսման դեպքում օգնություն (զինտեխնիկայով ապահովման եւ զորավարժությունների անցկացման տեսքով) ցուցաբերել Ադրբեջանին»: Դեսպանը, այնուամենայնիվ, նշել է, թե չի պաշտպանում հարցի լուծման ռազմական տարբերակը: Սեփ. լր.