Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐԸ՝ ՆՈՐԶԵԼԱՆԴՈՒՀՈՒ ԱՉՔԵՐՈՎ

Մարտ 08,2006 00:00

Նկարչուհի
Ամբեր Ռոզ Քանդարյանը Հայաստանում զարմանալու շատ բաներ գտավ Այսօր ՆՓԱԿ-ում
կբացվի ցուցահանդես՝ «Սոցիալական խաղեր» վերնագրով: Մասնակիցները խաղն ընկալում են
իբրեւ խնդիրներից խոսելու լավագույն միջոց: Կներկայացվեն Նարինե Զոլյանի, Դիանա Հակոբյանի,
Նարինե Արամյանի, Կարինե Մացակյանի, Նիկոլետտա Շտալդերի (Շվեյցարիա), Ամբեր Ռոզ Քանդարյանի
(Նոր Զելանդիա) եւ այլոց լուսանկարչական ու վիդեոաշխատանքները: Այս կանայք գտնում
են, որ տոնը պետք է դարձնել սովորական վիճակ ու հնարավորինս մոտեցնել առօրյային:
Ցուցահանդեսի համադրող Եվա Խաչատրյանն ասաց, որ պատահական չի ընտրված միջոցառման
խորագիրը: «Մենք ուզում ենք արդեն ավանդական դարձած այս ցուցահանդեսով վերհիշել իրական
Մարտի 8-ը, որի բովանդակությունն ի սկզբանե այլ էր. այդ օրը կանայք առաջին անգամ
փողոց են դուրս եկել ու պահանջել իրենց իրավունքները»: Եվայի խոսքով՝ ցուցահանդեսում
խաղը միջոց է ներկայացնելու կնոջ խնդիրների ողջ կոմպլեքսը՝ ընտանիքում, հասարակության
մեջ, եւ այն դժվարությունները, որոնց կանայք հաճախ բախվում են: Զրուցեցինք
Ամբեր Ռոզ Քանդարյանի հետ, որն իր վիդեոաշխատանքում ներկայացնում է հայաստանցի կնոջը:
Նրան զարմացրել է, որ հայուհիները մշտապես տոնական են հագնված ու շպարված, աշխատանքի
գնալիս ճոխ զարդեր են կրում, մի բան, որ չես տեսնի Եվրոպայում: Նրանցից հետ չեն մնում
հայ տղամարդիկ: Ամբերի կարծիքով՝ վերջիններս չափից շատ են ուշադրություն հատկացնում
իրենց արտաքինին ու հագուկապին: «Հաճախ հայ տղամարդիկ ինձանից լավ են հագնված, դա
ինչ-որ առումով տարօրինակ է»,- ասում է սպորտային ոճով հագնված նորզելանդուհին: Ի
դեպ, նրա հայրը հայ է, ինքը շատ է լսել Հայաստանի մասին, դրա համար էլ որոշել է սեփական
աչքերով տեսնել իրական Հայաստանը: Այժմ աղջիկն աշխատում է երեւանյան բարերում որպես
DJ, մինչեւ կլուծվեն գործնական որոշ պայմանավորվածություններ: Ամբերին զարմացրել
են նաեւ մեր փողոցների գովազդային պաստառներն ու հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսահոլովակները:
«Դրանցից շատերը մեր երկրում հաստատ կարգելվեին: Տպավորություն ունեմ, թե այստեղ
գովազդի մասին օրենք չկա»,- նշեց նա: Երբ Ամբերից հետաքրքրվեցինք, թե ինչ
գիտի հայկական մշակույթի մասին, միայն Հայոց եղեռնը հիշատակեց(՞): Հետո էլ շարունակեց,
որ Նոր Զելանդիայում հայերի կերպարի կոնկրետ ստերեոտիպեր կան. «Մեզ մոտ հայ ասելիս
հասկանում ես բիզնեսմեններ, իրավաբաններ, իսկ Հայաստանում պատկերն այլ է»: Ամբերը
եղել է Գառնի-Գեղարդում, շատ է հավանել Ծաղկաձորը: Սիրում է ճամփորդել ու անպայման
նկարահանել տեսածը: Նրա տեսախցիկը, ինչպես վերը նշեցինք, սեւեռվել է հայ կանանց վրա:
Հարցին, թե ինչու հատկապես կանանց, նա պատասխանեց. «Հայաստանցի ու նորզելանդացի
կանայք շատ են տարբերվում միմյանցից: Օրինակ, մեզ մոտ, եթե հանկարծ տղամարդը դուռը
բացի, որպեսզի առաջինը կինը ներս մտնի, վերջինս դրանից կվիրավորվի. ինչ է, ինքը չի՞
կարող բացել: Բացի այդ, մեր երկրում կանայք քաղաքականության մեջ եւ հասարակական կյանքում
մեծ դեր ունեն, ինչը չես ասի Հայաստանի մասին: Մեր փոխնախագահը կին է, իսկ դուք կարծեմ
թե պառլամենտում ընդամենը մի քանի կին ունեք»: Երեւանյան ժամանցի վայրերն էլ են զվարճացրել
Ամբերին. «Ինչո՞ւ հայկական ակումբներում եւ դիսկոտեկներում ամենուր հայելիներ են:
Դրսում երբեք չեք տեսնի, որ մարդիկ պարելիս իրենց նայեն ու հիանան: Դա նույնիսկ ծիծաղելի
է: Մեզ մոտ մտածում են միայն լիարժեք «անջատվելու» ու լիցքաթափվելու մասին, ու կարեւոր
չէ, թե այդ պահին ինչպիսի տեսք ունես»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել