Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ օրենքով «հող էիր՝ մոխիր պիտի դառնաս»

Մարտ 08,2006 00:00

Իսկ Սուրբ Գրքի օրենքով
«հող էիր՝ հող պիտի դառնաս» Երեկ
վերջապես լսեցինք Հայ առաքելական եկեղեցու հրապարակային կարծիքը դիակիզման մասին,
ինչը որպես թաղման այլընտրանքային միջոց՝ ԱԺ-ն ընդունեց անցյալ շաբաթ: «Հայելի» ակումբում
կազմակերպված բանավեճին մասնակցում էին օրինագծի հեղինակ Վլադիմիր Բադալյանն ու սրբ.
Սարգիս եկեղեցու տեր Հակոբ քահանա Խաչատրյանը: «Քրիստոնեությունը մեր երկրում 1705
տարվա պատմություն ունի, իսկ դիակիզումը հայերի համար ընդունելի երեւույթ է եղել
հազարամյակներ շարունակ: Ամբողջ աշխարհն է այդ ձեւն ընդունել, իսկ մենք ուշացումով
ուզում ենք ներմուծել այն: Այսօր մեզ համար թանկ է ամեն քառակուսի սանտիմետրը, իսկ
մենք շռայլություն ենք թույլ տալիս՝ անհող երկրում գերեզմանոցներին հսկայական տարածքներ
տրամադրելով: Այնքան լկտիության ենք հասել, որ գերեզմաններն արդեն մտնում են մարդկանց
տները»,- իր աշխատության պաշտպանությունն այսպես սկսեց պատգամավորը: «Դիակիզումը
չի բխում Հայ առաքելական եկեղեցու դավանանքից, ծիսաարարողակարգի տրամաբանությունից
եւ Սուրբ Գրքից: Աստվածաշնչի բազում հատվածներում նշվում է հուղարկավորության՝ թաղման
կարգը, եւ ընդհակառակը՝ դատապարտվում է ոսկորներ այրող Եդովմի թագավորը: Բացի այդ,
Գրիգոր Տաթեւացու երկրորդ գալստյան ժամանակ մահացածները նույն մարմնով պետք է հարություն
առնեն: Իսկ դիակիզումը ամբողջությամբ հակառակվում է մեր հավատքին: Հետեւաբար մեր
եկեղեցին դեմ է հուղարկավորության այլընտրանքային ձեւին»,- սրանք էլ տեր Հակոբի փաստարկներն
էին: Պատգամավորը փորձեց վկայակոչել դիակիզմանը հանգիստ վերաբերվող եվրոպացիների
փորձը, ովքեր «ավելի հավատացյալ են, քան մենք»: «Եվրոպական չափանիշներով արվամոլությունն
էլ չի դատապարտվում, ուրեմն մեզ համար է՞լ է ընդունելի»,- հակադարձեց քահանան: «Արդեն
ընդունելի է»,- տեր հոր մտահորիզոնը «լայնացրեց» պատգամավորը: Օրենքի դատապարտումը
որեւէ լուրջ հետեւանք դրա իրականացման վրա չի կարող ունենալ, տեր Հակոբն ընդամենը
պատգամում էր հավատացյալներին, որ «այդ քայլին գնալ՝ նշանակում է հակառակվել Սուրբ
Գրքին, ինչը կպատժվի Աստծո կողմից»: «Ուրեմն ինչո՞ւ քրիստոնյա մյուս, օրինակ՝ կաթոլիկ
եկեղեցին կարող է ընդունել, իսկ դուք՝ ոչ»,- պատգամավորի այս հարցին ի պատասխան՝
այս անգամ էլ տեր հայրն անցավ նրա «լուսավորման» գործին. «Որեւէ երկրում որեւէ քրիստոնյա
քահանա դիակիզման ժամանակ հոգեհանգստի ծես չի արել, քրիստոնեական բոլոր ուղղությունների
եկեղեցիներն էլ չեն ընդունում դիակիզումը: Այնպես որ, պետք է հուսախաբ անեմ ձեզ՝
դիակիզվողի համար մեր քահանաներից ոչ մեկը արարողություն չի անի»: Տեր Հակոբն անընդունելի
էր համարում նաեւ, որ «հազիվ սկսել ենք վերականգնել հավատքը մեր ազգի մեջ, իսկ դուք
մոլորեցնող առաջարկներ եք անում»: Իհարկե, օրենքը չի պարտադրում անպայման դիակիզել,
այլ առաջարկում է այն՝ որպես այլընտրանքային տարբերակ, իսկ ավանդական ձեւն ընտրողներին
նախկինի պես պետք է տրամադրվի անվճար 12 քմ տարածք: «Հենց նույն տարածքում էլ կարելի
է ոչ թե գերեզմանի վրա ճարտարապետական կառույցներ անել, այլ, երբ աճյունների տարիքը
հասնի որոշակի, ասենք՝ 100-200 տարվա, վրաթաղում անել: Եվ հողերի խնդիրն էլ համարել
լուծված»,- տեր հոր այս կառուցողական առաջարկը պատգամավորի սրտով չէր. «Դուք ուզում
եք, որ մենք պարտադրենք գերեզմանների ձե՞ւը, իր սեփականությունն է, ոնց ուզի՝ կսարքի»:
Հետաքրքիր է, թե ինչո՞ւ նույն տրամաբանությունը չի գործում ողջերի համար,
երբ մարդն իր սեփական տարածքում տուն է կառուցում: Մի խոսքով, մեկը հողի կռիվ
տվեց, մյուսը՝ հավատքի, բայց ամեն ինչ առայժմ մնում է մեռնողի կտակի եւ նրա հարազատների
որոշման վրա: Ինչո՞ւ առայժմ, որովհետեւ չի բացառվում, որ հողից ոչ մի կերպ չկշտացող
մեր հարուստները, որոնցից շատերը պատգամավորական մանդատ ունեն կամ կունենան, մի օր
էլ բոլոր նախապայմանները ստեղծեն այնպես, որ մարդիկ, նույնիսկ հավատացյալները, մահից
հետո պատժվելու սարսափն անգամ աչքներին առած՝ նախընտրեն դիակիզումը: Ասենք՝ գերեզմանի
հողը դարձնեն վճարովի ու շատ թանկ (թեպետ հիմա պաշտոնապես է անվճար): Իսկ իրենց համար
էլ կկառուցեն «էլիտար» դիակիզարաններ՝ «կայրենք արագ եւ անմնացորդ» կարգախոսով: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել