Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ

Մարտ 08,2006 00:00

Կանանց
տոնի առթիվ ամենուր հնչող ջերմ հայտարարությունները տպավորություն են ստեղծում, թե
մեր երկրում կանայք ոչ մի խնդիր չունեն: «Ինչքան էլ տղամարդիկ չցանկանան,
միեւնույն է՝ կանանց դերը գնալով մեծանում է: Շատերը կարծում են, թե կինը պետք է
տանը մնա եւ սիրի միայն իր ավելը, սակայն բարձր պաշտոններում ճկուն ուղեղի շնորհիվ
շատ ավելի լավ իրենց կդրսեւորեն կանայք, քան տղամարդիկ, որոնք չեն էլ կարողանում
կարգին նստել իրենց աթոռներին»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց Աշտարակի զբաղվածության
տարածքային կենտրոնի փոխտնօրեն Ջեմմա Սիմոնյանը: «Տասը տարի է` փողոց կարգին
դուրս չեմ եկել, սայլակին գամված եմ: Ես էլ եմ ուզում զբոսնել, կինո, համերգ գնալ,
ինձ լիարժեք կին զգալ, բայց փողոցում մեկ էլ տեսար սայլակդ բախվեց մի խանութի՝ մինչեւ
փողոց ձգվող աստիճաններին կամ ի՞նչ երաշխիք ունեմ, որ փողոցով անցնելիս մի «Ջիփ»
վրաերթի չի ենթարկի՝ առանց հետ նայելու»,- ասաց հաշմանդամ մի կին: Ոչ միայն
հաշմանդամները, այլեւ կոպտության ու վիրավորանքի պակաս չեն զգում նաեւ մատուցողուհիները:
Նրանցից մեկը խոստովանեց, որ հասարակության մեջ իրենց աշխատանքը դիտվում է որպես
անբարոյականություն եւ դրա համար չեն կարող ոչ մեկին բողոքել, շատ դեպքերում այդ
տպավորությունը ստեղծում են հենց իրենց «շեֆերը»: Իգական սեռի ներկայացուցիչները
դժգոհեցին նաեւ որոշ ծառայությունների գներից՝ «այդ օրերին մի քնձռոտ ծաղկեփունջը
սկսվում է 3000 դրամից, էդ էր մենակ մեզ հասանելի, էդ էլ սեւ աղվես դարձրին»: Ոչ
բոլորը կարող են իրենց թույլ տալ ռեստորան կամ համերգասրահ գնալ, քանի որ կանանց
տոնի համար կազմակերպվող բոլոր միջոցառումները սովորականից թանկ են: Մարտի 7-9-ին
կրկնակի կամ եռակի բարձրանում են վարսահարդարման գները: «Բոլորդ ասում եք՝ թանկ ա,
բայց ո՞ր մի տղամարդը կզլանա, որ այս օրերին իր կինը լինի ամենագեղեցիկը, բացի դա,
եթե հաշվի առնենք դրսի գները, մեզ մոտ գտած թվեր են»,- ասում է վարսավիր Արամը: Սակայն
վարսահարդարը իր հաստափոր ցուցակից դժվարացավ մատնանշել մի կնոջ, որի հագին չլիներ
բնական մորթուց մուշտակ, իսկ ամուսնու գրպանում էլ՝ տռզած դրամապանակ: Զավեշտն
այն է, որ այդ օրերին բարձրանում են նաեւ մարմնավաճառուհիների գները: Եթե նախկինում
Գ. Նժդեհի փողոցում կանգնողների հետ սակարկելով կարելի էր համաձայնության գալ 5-7
հազար դրամով, ապա այդ օրերին գինը չի իջնում 10-15 հազարից: Սա՝ քաղաքներում:
Իսկ գյուղերում կանայք ոչ մի ուշադրության չեն արժանանում. ո՛չ միջոցառումներ կան,
ո՛չ սրտաճմլիկ բացիկներով նվերներ, լավագույն դեպքում այդ օրը կարող է մի հավ մորթեն:
«Մեզ ով ա բանի տեղ դնո՞ւմ, մտածում ենք, թե ինչով լցնենք երեխեքի փորն ու ինչ անենք,
որ մի քիչ պարտքերը քչանան, էդ էլ մեր տոնը»,- տխուր կատակում են գյուղի կանայք:
ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԿարծում ենք, կանանց
կյանքում ամենամեծ բացը տղամարդկանց անուշադրությունն է: Օրինակ՝ Մարտի 8-ին անկողնում
սիրելի ամուսնուց ստացած սովորական՝ խիստ պրոզայիկ դարձած սուրճը օրը տոն կդարձնի,
եւ դրա համար գումար պետք չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել