Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թուրքական խճանկար

Մարտ 08,2006 00:00

Թուրքական
խճանկար Թուրքիան հանդես է գալիս 2006 թվականին ԼՂ խնդրի կարգավորմանն
ուղղված ջանքերը շարունակելու օգտին: Այս մասին, ըստ «Մեդիամաքսի», «Թրենդ» գործակալությանը
տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: «Ֆրանսիայում
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների փետրվարի 10-11-ին կայացած հանդիպման ընթացքում
ոչ մի առաջընթաց չգրանցվեց, ինչն առաջացրեց համաշխարհային հանրության ափսոսանքը»,-
արձանագրել է Գյուլը՝ այնուամենայնիվ հավելելով. «սակայն մենք չենք կորցնում հույսը,
որ Պրահայի գործընթացի շրջանակներում դեռ հնարավոր կլինի առաջընթաց ապահովել»: Ըստ
Գյուլի՝ Թուրքիան շարունակում է «ԵԱՀԿ Մինսկի գործընթացն ընկալել իբրեւ մի հարթակ,
որը կարող է նպաստել հակամարտության լուծմանը»: Թուրքիայի արտգործնախարարի
նույն հարցազրույցի մեկ այլ ասպեկտին է անդրադարձել «Արմինֆոն»: Ըստ այդմ՝ Աբդուլլահ
Գյուլը հայտարարել է, թե «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղու նախագիծը նոր
հնարավորություններ է բացում Ասիայի եւ Եվրոպայի միջեւ բեռնափոխադրումների համատեքստում:
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ հիշյալ երկաթուղու նախագիծը ենթադրում
է ուղիղ երկաթուղային հաղորդակցություն Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ՝ հետագայում
այդ գիծը Ադրբեջանի երկաթուղային ցանցի հետ միավորելու հեռանկարով, ինչը կհանգեցնի
երեք պետություններն իրար կապող ժամանակակից երկաթուղային համակարգի ստեղծմանը: Թուրքիայի
արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, եթե «Մարմարա» նախագիծը (Բոսֆորի
նեղուցի տակով երկաթգծի անցկացում) արեւելքում միավորվի Բաքվի եւ Ղազախստանի միջեւ
նախատեսվող երկաթուղային-ծովային ճանապարհի հետ, իսկ այնուհետեւ հասնի մինչեւ Չինաստան,
ապա «Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու» երկաթուղին կդառնա Ասիայի եւ Եվրոպայի միջեւ
ամենակարճ երկաթուղային հաղորդակցության մի մասը: Երեկ Թուրքիա-Հայաստան փոխշփումներին
է անդրադարձել ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին
գործերի նախարարությունների միջեւ շփումներ եղել են եւ կլինեն»,-ասել է նա «Նոյյան
տապանի» թղթակցին՝ մեկնաբանելով թուրքական «The New Anatolian» պարբերականի հրապարակած
տեղեկատվությունը հայ-թուրքական փակ բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Ըստ
խոսնակի՝ այդ շփումները ներկայումս էլ շարունակվում են: Թուրքական թեման ամբողջական
դարձնելու համար տեղեկացնենք նաեւ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալիի արած
մի հայտարարության մասին: Վերջինս ԱՊԱ-ին ասել է, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ
ռազմական դաշինք կնքելուց հետո «մենք կկարողանանք ռազմական գործողությունների վերսկսման
դեպքում օգնություն (զինտեխնիկայով ապահովման եւ զորավարժությունների անցկացման տեսքով)
ցուցաբերել Ադրբեջանին»: Դեսպանը, այնուամենայնիվ, նշել է, թե չի պաշտպանում հարցի
լուծման ռազմական տարբերակը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել