Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ին՝ էներգետիկ հարցերը

Մարտ 08,2006 00:00

Իսկ հայ լրագրողներին՝ ԱՄՆ դեսպանի հարցը

«Կալիֆոռնիա կուրիեր»-ի վերջին համարում Հարութ Սասունյանը նշել էր, թե ԱՄՆ Պետքարտուղարությունն օրերս վերջնական որոշում է ընդունել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի ետկանչի մասին. «Դեսպան Էվանսը հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաներին անցյալ շաբաթ տեղեկացրել է առաջիկա ամիսներին իր հեռանալու մասին, որը կախված է Սենատի կողմից իր հնարավոր հաջորդի՝ ներկայումս Տաջիկստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Է. Հոուգլանդի հաստատումից»: Հոդվածագիրը նաեւ նշել էր. «Վաշինգթոնում քաջատեղյակ աղբյուրները հավաստեցին տողերիս հեղինակին, որ դեսպան Էվանսը ետ է կանչվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր անկեղծ արտահայտությունների պատճառով»:

Երեկ ողջ օրվա ընթացքում ԱՄՆ դեսպանատունը չէր մեկնաբանում ետկանչի վերաբերյալ տեղեկությունը: Սակայն երեկոյան ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի գործերով տեղակալ Մեթյու Բրայզայի ասուլիսի ընթացքում հարց հնչեց այդ մասին, եւ առաջինը պատասխանեց պրն Բրայզան. «Նախագահն ինքը պետք է խոսի իր որոշումների մասին, այդ թվում եւ՝ կադրային որոշումների»: Սակայն մի շարք հաճոյախոսություններ արեց Էվանսի հասցեին. «Նա ֆանտաստիկ լավ դեսպան է», «Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իմ տեսածներից լավագույններից է», Ջոն Էվանսին Երեւանում հաջողվել է հրաշալի թիմ ձեւավորել եւ այլն:

Ինքը՝ Ջոն Էվանսն այս առնչությամբ ասաց. «Կարծում եմ՝ ոչ ոք չի սպասում, թե ինչ-որ մեկը ընդմիշտ դեսպան է լինելու: Փաստացի չգիտեմ, թե երբ եմ հեռանալու Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնից, եւ ես չեմ ներկայացրել դուրս գալու վերաբերյալ փաստաթղթեր: Ես կշարունակեմ լինել ԱՄՆ դեսպանը, քանի դեռ օդանավ չեմ բարձրացել»:

Նշենք, որ Մեթյու Բրայզան Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Եվրոպայի երկրների հետ կապերի ու քաղաքականության վերահսկման հարցերով պատասխանատուն է: Ըստ դեսպանատան հաղորդագրության՝ նաեւ «աշխատում է Եվրասիական հակամարտությունների գծով հատուկ պատվիրակի հետ՝ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի հակամարտությունների կարգավորման եւ Սեւ ու Կասպյան ավազաններում ԱՄՆ էներգետիկ քաղաքականության խորացման հարցերի շուրջ»:

Մեթյու Բրայզան մի շարք ուշագրավ պնդումներ արեց այս ասուլիսում: Նախ՝ հարցին ի պատասխան, թե արդյոք ԱՄՆ-ն շարունակո՞ւմ է հուսալ, թե ԼՂ հարցում այս տարի կհասնեն կարգավորման՝ հաշվի առնելով Ռամբույեի ձախողումը եւ հակամարտության կողմերի միջեւ լեզվակռիվը, Բրայզան առարկեց. «Չեմ համաձայնի այն մտքին, թե Ռամբույեի բանակցությունը ձախողվել է, կամ նրանց հետ, ովքեր ասում են, որ գործընթացը հայտնվել է փակուղում, կամ Մինսկի խումբը սպառել է իրեն: Ռամբույեում որոշում չկայացվեց, բայց դա չի նշանակում, որ բանակցությունը ձախողվել է»: Նրա գնահատմամբ՝ կողմերը մոտ են համաձայնությանը, բայց վերջին մի քանի քայլերը «կարեւոր են ու դժվար»: Մեթյու Բրայզան «ողբերգություն» անվանեց Նախիջեւանի խաչքարերի ոչնչացումը: Նաեւ հայտնեց, թե Երեւանում իր ունեցած բոլոր հանդիպումներում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների հարցերը: Սակայն Հայաստանի ղեկավարների հետ նրա հանդիպումներում կենտրոնական տեղը զբաղեցրել են, այնուամենայնիվ, էներգետիկ անվտանգության ապահովման հարցերը: Նա առանձին հանդիպում է ունեցել էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եւ ոլորտի փորձագետների հետ, ինչը շատ հազվադեպ է պատահում: Եվ երեկ ասուլիսում թեեւ նշեց. «Հայաստանը երկար տարիների դրական համագործակցության փորձ ունի ռուսաստանյան գազի մատակարարների հետ, որը, անկասկած, պետք է շարունակվի», սակայն հավելեց. «Իրան-Հայաստան գազամուղն էլ մի ճանապարհ է»:

Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել