Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԵԼ ԵՆ

Մարտ 08,2006 00:00

Վահան
Հովհաննիսյանն ու Գալուստ Սահակյանը այստեղ լուրջ վտանգ առայժմ չեն տեսնում «Նախորդ
գիշեր ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը». այս կարգի հայտարարությունները
վերջին շրջանում չափազանց շատացել են: Նախորդ գիշերը եւս բացառություն չէր՝ Վայքի,
Բերդի եւ Իջեւանի տարածքներում, միաժամանակ երկու տարբեր դիրքերի ուղղությամբ, ադրբեջանական
զինված ուժերը կրակ են արձակել, հայկական կողմը չի պատասխանել, տուժածներ չկան: Սա
պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հերթական հաղորդագրությունից մեջբերում
է: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտում կարծես առանձնապես չեն հուզվում այս հայտարարություններից
եւ գրեթե միաձայն պնդում են, որ պատերազմի վերսկսման մասին լուրերը խիստ չափազանցված
են: Ի պատասխան մեր հարցի՝ ինչո՞վ է բացատրվում ադրբեջանական կողմից վերջին
շրջանում առավել ակտիվացած զինադադարի խախտումները եւ ի՞նչ քայլեր կարող են դրանց
հաջորդել մեր կողմից ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ասաց.
«Ընդհանրապես վիճակը կարելի է գնահատել որպես լարված, բայց պետք է նաեւ հաշվի առնել,
որ Ադրբեջանը պատերազմը երբեք չէր էլ դադարեցրել, ակտիվ ռազմական գործողությունների
ֆազան, զինադադարով կամ հրադադարով, որ 1994-ին ստորագրվեց Բիշքեկում, այո, փաստորեն
դադարել էր, բայց պատերազմը չէր դադարել, որովհետեւ շրջափակումը պատերազմ վարելու
ձեւերից մեկն է: Դիվանագիտական ճնշումը, սեփական ժողովրդին պատերազմին նախապատրաստելը,
հակահայկական հիստերիան, հայկական հուշարձանների ոչնչացումը, որպես հայության հետք
Ադրբեջանի հսկողության տակ այսօր գտնվող տարածքների վրա, այս ամենը պատերազմ վարելու
ձեւեր են, եւ մեր հասարակությունը պետք է շատ լավ գիտակցի, որ մեր երկրի համեմատական
զարգացումը, համեմատական խաղաղ կյանքը, ի վերջո, չի նշանակում, որ խաղաղությունը
վերջնականապես հաստատվել է: Հիմա, պարզապես, պատերազմական գործողություններ վարելու
ձեւերից մեկը սահմանների վրա անընդհատ լարում ստեղծելն է: Դուք գիտեք, որ ժամանակին
այդպիսի հարձակումները, կրակոցները եւ այլն, որոնք վտանգ էին ստեղծում Ղարաբաղի բնակչության
անվտանգությանը, լռեցվում էին, այսինքն՝ այդ կրակակետերը լռեցվում էին մեր կողմից
հակահարվածով: Հիմա եթե տեսնենք, որ այլեւս այս զինադադարի խախտումները սպառնալիք
են մեր անվտանգությանը, մենք, իհարկե, կարող ենք լռեցնել նաեւ այդ կետերը»: ՀՀԿ
խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որն, ի դեպ, առաջինը խոսեց «պատերազմի հայտարարության»
մասին, երեկ մեր հարցերին պատասխանելով՝ ասաց, որ պատերազմի վերսկսման վտանգ այլեւս
չի կարող լինել, քանի որ մենք դարձել ենք «գնալով հզորացող» պետություն. «Արդեն պատմությունը
իր խոսքն ասել է, կարծում եմ՝ պատերազմ չի լինելու, որովհետեւ, ըստ էության, պատերազմը
միայն ղարաբաղյան հարցի խնդիրը չի լուծելու, դրանից հետո եւս բանակցային պրոցեսներ
են լինելու, իսկ վերջին ժամանակաշրջանում թե հասարակությունը, թե լրագրողները շատ
ուշադիր են, եւ երբ գնդակոծություններ են լինում ադրբեջանական կողմից, որոնք այս
տարիների ընթացքում միշտ կրկնվող երեւույթներ են, հատուկ մեզ մղում են պրովակացիայի,
եւ, կարծում եմ, այդ ամբողջ գործընթացները պետության կողմից տիրապետելի են: Բնական
եմ համարում նաեւ այն փաստարկը, որ գնալով Հայաստանը հզորանում է, եւ երբեք որեւէ
մեկի մտքով չանցնի, թե մենք կսպասենք այնքան ժամանակ, մինչեւ Բաքվի նավթը մեծ բյուջե
կստեղծի եւ Ադրբեջանը կհարձակվի մեր երկրի վրա: Բոլոր խնդիրները լուծելի են եւ լուծվելու
են, լուծվելու են ոչ միայն իշխանության կամոք, այլեւ պետության եւ ժողովրդի հաստատակամության
շնորհիվ»: Մենք նկատեցինք, որ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը միայն Գալուստ Սահակյանը
որակեց որպես պատերազմի հայտարարություն, չի՞ նշանակում սա, որ պատերազմի հավանականությունը
իրական է: Պատասխանեց. «Ոչ, դա հակահարված էր օտարների կողմից տարիների շարունակական
հոխորտանքներին, եւ, միեւնույն ժամանակ, նշեցի, որ խնդիրը լուծվելու է ԵԱՀԿ շրջանակներում,
միջազգային հանրության կողմից: Այսօր գերտերությունները խնդիրներ ունեն եւ հետաձգումը
պետք չի կապել ոչ իշխանությունների, ոչ քաղաքական ուժերի հետ: Կարծում եմ, յուրաքանչյուր
գերտերություն իր շահերն ունի այս խնդրի շուրջ. ոմանք ասում են, թե լավ քարոզչություն
չի կատարվում, բայց աշխարհը լավ գիտի եւ ցեղասպանության մասին, եւ Ղարաբաղի խնդրի
մասին, եւ մյուսները քաղաքական շահարկումների խնդիր են, կարեւորն այն է, որ խնդրին
տեղյակ են բոլոր համաշխարհային կառույցները, եւ համապատասխան բանաձեւը կընդունվի
այն դեպքում, երբ մենք միասնական կլինենք եւ հզոր պետություն կունենանք»: Պարոն
Սահակյանին հիշեցրինք օրերս Վահան Հովհաննիսյանի արտահայտած այն միտքը, ըստ որի՝
«Նա, ով խոչընդոտ է ազգային միասնությանը, ծառայում է թուրքերին, նա ով փորձում է
«զոռբայությամբ», կաշառքով հարցեր լուծել, պետք է իմանա, որ ծառայում է ադրբեջանցիների
հաջողությանը, այն խոշոր մեծահարուստը, որը փորձում է խուսափել հարկերը վճարելուց,
մեզ վնաս է տալիս ոչ պակաս, քան տալիս են թուրքերը կամ ադրբեջանցիները»: Եվ եթե ոմանք
իրենք իրենց չեն կարողանում հարց տալ՝ դժվար պահին ով է պաշտպանելու այս երկիրը.
«Ե՞ս եւ իմ հաստավիզ թիկնապահնե՞րը, թե՞ այն խեղճ ժողովուրդը, որին ճնշելով հոգնեցրին,
մաշեցրին եւ հիասթափեցրին»: Այս դեպքում ովքե՞ր են պաշտպանելու երկիրը: Ըստ Գալուստ
Սահակյանի, Վահան Հովհաննիսյանի միտքը պարզապես «քաղաքական պոռթկում էր», իսկ երկիրը
պաշտպանելու են ահա թե ովքեր. «Եթե հիշում եք ղարաբաղյան պատերազմի սկզբնական շրջանը,
առաջին գծում հենց այն մարդիկ էին, ովքեր հասարակության մեջ թվում էր, թե վարկաբեկված
էին, եւ նրանք որպես առաջին ջոկատներ գնացին կռվի: Այսինքն՝ հայրենասիրությունը եւ
քաղաքական կյանքի մոտիվները շատ հաճախ իրարից տարբերվում են»,- եղավ Գալուստ Սահակյանի
պատասխանը: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել