Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՍ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՄ ԱՐԲԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ

Մարտ 08,2006 00:00

Վստահեցնում
է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը Օրերս
ազատ է արձակվել Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախկին խորհրդական Արբակ
Խաչատրյանը, որին 2003-ին կալանավորելը ժամանակին պայմանավորեցին այն հանգամանքով,
թե իբր նրա հանձնարարությամբ 150 հազար դոլար պիտի փոխանցվեր Երեւան՝ որպես աջակցություն
«Ազգային միաբանության» ղեկավարի նախընտրական քարոզարշավին: Սակայն Արտաշես Գեղամյանը
մեր զրույցի ընթացքում նշեց. «100 տոկոսանոց բլեֆ է գումարների վերաբերյալ այդ պատմությունը:
Արբակ Խաչատրյանը ո՛չ մի առնչություն չի ունեցել այն առասպելի հետ, որն այն ժամանակ
հրապարակ իջեցրեց իշխանական քարոզչամեքենան: Այնտեղ գործել է բացարձակապես այլ սցենար,
որը կրկին պատվիրվել է Երեւանում: Խնդիր էր առաջադրված, որ մոսկվաբնակ հայ ձեռներեցներին,
հեղինակավոր մարդկանց ամեն կերպ հեռու պահեին Հայաստանի նախագահական ընտրություններից:
Ի՞նչ եք կարծում, եթե իրոք նման բան լիներ՝ մի՞թե մեր իշխանությունը բաց կթողներ
այդ հիանալի՜ հնարավորությունը քրեական ու դատական հետապնդումներ իրականացնելու համար…
Իհարկե՛ բաց չէր թողնի: Արդեն իսկ հեղեղել էին մամուլը: Բայց նրանց գործը միայն շառ
անելն է, որն, ինչպես ասում է ժողովուրդը, կպչում է միայն իրենց»: Մեր հարցին, թե
այնուամենայնիվ՝ ի՞նչ մեղադրանք էր առաջադրվել Արբակ Խաչատրյանին՝ պրն Գեղամյանը
պատասխանեց. «Նրա արդարացման հարցն օրախնդիր եւ օրակարգային հարց է: Նրան առաջադրված
մեղադրանքը, այն է՝ չեխական գազ տեղափոխող ընկերության հետ տնտեսական գործարքներում
իբր հակաօրինական գործողություններ թույլ տալը, համոզված եմ, որ կվերանայվի առաջիկայում
եւ այդ դատվածությունն անպայմանորեն կհանվի»: Մինչ Արբակ Խաչատրյանի ազատ
արձակումը՝ քաղաքագետներից մեկը պնդում էր, թե նա շատ բացահայտումներ է անելու: Եղան
նաեւ այլ մեկնաբանություններ, թե «Ազգային միաբանությունը» մոռացության է մատնել
այն մարդուն, որը ճաղերի ետեւում էր հայտնվել իր պատճառով: Հարցին, թե մտավախություն
չունի՞, որ Արբակ Խաչատրյանը կարող է իրոք ինչ-ինչ փաստեր հրապարակել՝ Արտաշես Գեղամյանն
այսպես արձագանքեց. «Ցանկանում եմ ուրախացնել թե՛ քաղաքագետներին, թե՛ նրանց ետեւում
կանգնած անձանց՝ անցած 3 տարիների ընթացքում ամենասերտ կապերն եմ պահպանել թե՛ Արբակ
Խաչատրյանի, թե՛ իր ընտանիքի՝ մասնավորապես, տիկնոջ՝ տիկին Լենայի հետ»: Միջանկյալ
նշենք, որ շուրջ 2 տարի է, ինչ «Ազգային միաբանության» խմբակցության գլխավոր մասնագետը
խորհրդարանում Արբակ Խաչատրյանի քրոջ դուստրն է՝ Քրիստինե Սարգսյանը, որն այս աշխատանքին
է անցել Գեղամյանի առաջարկով: «Ինչ խոսք, Արբակի ազատ արձակումն ինձ շատ ու շատ է
ուրախացրել եւ ոգեւորել, քանի որ ով-ով, բայց Արբակը շատ լավ գիտի, թե գործող իշխանությունների
ո՛ր խարդավանքների հետեւանքով եղավ այն, որ փորձեցին անպայմանորեն մեկուսացնել այդ
հայրենասեր հային ու հետ պահել քաղաքական այն գործընթացներից, որոնք ծավալվում էին
Հայաստանում,- ասաց «Ազգային միաբանության» ղեկավարը:- Եվ իշխանությունները ճիշտ
են անում, որ այդքան զգուշանում են: Եթե Աստված մի արասցե՝ Արբակն ասի մանրամասները,
ձեր համեստ ծառան, բնականաբար, կհայտնվի շատ պարկեշտ ու հերոսական դիրքերում, իսկ
այս իշխանությունները իրենց հատուկ՝ բանսարկու եւ դավադիրների տեղում: Այլ
հարց է, որ ես այստեղ տեսնում եմ շատ վտանգավոր միտում: Այն է՝ իրենք գիտակցում են,
որ Արբակ Խաչատրյանը շատ հետեւողական ու սկզբունքային անձնավորություն է, եւ իրոք
չի ներելու այդ բանսարկուներին: Ու տեսեք, թե ի՜նչ ճիզվիտական սցենար են իրականացնում.
փորձում են հրապարակ իջեցնել այն թեզը, թե իբր՝ ե՛ս խնդիրներ ունեմ Արբակ Խաչատրյանի
հետ, ինչն ի սկզբանե հերյուրանք է: Դրանից հետո նրանք կփորձեն ֆիզիկական հաշվեհարդար
տեսնել իմ հանդեպ, որ այդ ամենը բարդեն Արբակ Խաչատրյանի վրա եւ կարողանան արդեն
երկրորդ անգամ չեզոքացնել նրան: Ահա սա է սատանայական սցենարը, որը փորձում են իրականացնել
մեր իշխանությունները: Ինչը չի՛ հաջողվելու, քանի որ այս ամենը, ինչի մասին ասում
եմ այժմ հրապարակավ՝ վաղո՜ւց արդեն հայտնի է թե՛ Արբակ Խաչատրյանին եւ թե՛ մեր այն
լավ ընկերներին, որոնք բավականին հետաքրքիր պաշտոններ են զբաղեցնում համապատասխան
կազմակերպություններում: Այնպես որ՝ պետք է հերթական անգամ պրն Ռոբերտ Քոչարյանին
հորդորեմ, որ իր շրջապատին զերծ պահի բանսարկություններից: Միեւնույն է՝ չի՛ ստացվելու»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել