Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՏԱՂԻ

Մարտ 07,2006 00:00

«ԿԱՏԱՂԻ ՑՈՒԼԸ» ՏԱՊԱԼԵՑ «ԱՌՅՈՒԾԻ ՍՐՏԻՆ» Վանաձորցի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 50,802 կգ քաշային կարգում IBF-ի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը շարունակում է իր ճանապարհին բառիս բուն իմաստով մեկը մյուսի հետեւից շարքից դուրս բերել մրցակիցներին՝ պաշտպանելով իր չեմպիոնական գոտին: Հերթական զոհը IBF-ի կողմից նշանակված թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական կոչման պարտադիր հավակնորդ ֆիլիպինցի Դիոսադո Գաբին էր: Դեռ Սանտա-Անայի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Չումաշ» կազինոյում կայանալիք 12 ռաունդանոց մենամարտից առաջ, որը ուղիղ հեռարձակմամբ Հայաստանում ցուցադրվեց «Շանթ» հեռուստաընկերության եթերում, Վախթանգն իր երկրպագուներին խոստացել էր մարտն ավարտել ժամանակից շուտ: Ու տղամարդու պես տեր կանգնեց խոսքին: Հենց սկզբից ֆիլիպինցին, որ վերջին չորս տարում չէր ճաշակել պարտության դառնությունը, ավելին, երբեք ժամկետից շուտ չէր պարտվել, բախվեց Դարչինյանի ձախ ձեռքի հուժկու հարվածներին: Եվ հենց այդ ձախ ձեռքն էլ իր «սեւ» գործն արեց ութերորդ ռաունդում՝ ռինգի հատակին տապալելով Դիոսադոին: Ճիշտ է, նա ի վերջո կարողացավ մի կերպ ոտքի կանգնել, սակայն մրցավարը որոշեց, որ այդ օրն ստացածն արդեն իսկ բավական է ու տեխնիկական նոկաուտ գրանցեց: Այժմ Վախթանգ Դարչինյանի «ծառայողական ցուցակն» այսպիսին է. 25 մենամարտ, 25 հաղթանակ, որից 20-ը նոկաուտով, 0 ոչ-ոքի, 0 պարտություն: Վիկ Դարչինյանի այս հաղթանակից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այսպես կոչված, «մոծակների» քաշային կարգը դառնում է «ամենալարվածներից մեկը»: Դարչինյան, Արսե, Վոնյոնգկամ, Պարրա, Նարվաեզ, Կամեդա, Պաչեկո, որը նույն Դարչինյանից կրած ծանր պարտությունից հետո կրկին ռինգ է վերադառնում… Ահա ուժեղագույնների ոչ լրիվ ցանկը, ովքեր պատրաստ են պատերազմել դիվիզիոնում լավագույնի դերն ստանձնելու համար: Ո՞վ է լինելու Վիկի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ՝ մեքսիկացի Խորխե Արսեն, որն իր հայտարարություններից մեկում ասել է. «Ես IBF-ի եւ IBO-ի չեմպիոնն եմ եւ այդ տիտղոսները խլել եմ Իրեն Պաչեկոյից: Երբ նա էր չեմպիոնը, բոլորը փախչում էին նրանից: Ինձ հետ մենամարտելուց հրաժարվեց Վիլորիան»: Անդրադառնալով Արսեի այս խոսքերին, Վախթանգն ասել է. «Իսկ ինչո՞ւ են Արսեն ու նրա թիմը Վիլորիային հրավիրում: Որովհետեւ վախենում են ինձնից: Բայց ապագայում, երբ ես կմիացնեմ բոլոր գոտիները, ինձ չնկատել այլեւս հնարավոր չի լինի: Արսե, արի մենամարտենք Ալվարեսի հետ քո հանդիպումից հետո»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել