42 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ Ժան Թաթլյանը վերադառնում է ակունքներին Մարտի 8-ին «Երգում է 70-ականների Երեւանը» նախագծի հեղինակ Վազգեն Ասատրյանը Ազգային օպերային թատրոնում կներկայացնի իր նոր նախագիծը՝ մասնակցությամբ հայ եւ սփյուռքահայ երգիչների, որոնց թվում է աշխարհահռչակ երգիչ Ժան Թաթլյանը: «Առավոտը» հանդիպեց ճանաչված երգչին: Վերջինս խոստովանեց, որ իր բեմական գործունեության ընթացքում սա առաջին հայերեն հարցազրույցն է, հուսալով, որ հայ լրագրողը իր հոլիվուդցի կոլեգաների նման, առաջինը չի հետաքրքրվի, թե ինքն ո՞ւմ հետ է ամուսնացած: Պատասխանելով իր իսկ հարցին, Ժ. Թաթլյանը նշեց, որ ինքը ունի նորմալ սեռական կողմնորոշում եւ ամուսնացած է իգական սեռի ներկայացուցչի հետ: – Տարիների բացակայությունից հետո անգամ, ձեզ ու ձեր արվեստը հիշում են սիրով: Բայց, բացի ռադիոյի ֆոնդում եղած մի քանի ձայնագրություններից ու, եթե չենք սխալվում, հեռուստատեսությունում մեկ տեսագրությունից, ոչինչ պահպանված չէ: – Մինչ օրս, չգիտես ինչու, ինձ շփոթում են ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանի հետ: Երեւի այն պատճառով, որ մտերիմ բարեկամներ ենք: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ առանց խառնուրդի հայ եմ, բախտավոր դժբախտներից մեկը: Եղեռնից հետո ծնողներս հաստատվել են Հունաստանում: Ապա 47-ին, երբ ընդամենը 5 տարեկան էի, ներգաղթել ենք Հայաստան: Ճիշտն ասած, ես միշտ մեղադրել եմ ծնողներիս, թե ինչու այն ժամանակ ինձնից՝ փոքրիկիցս թույլտվություն չհարցրին հայրենիք վերադառնալու համար: Բացատրեմ ասածս: «Կեցցե Սովետների եղբայրությունը» լոզունգի տակ այդ տարի հայաստանցիներին նեղում էին, վերջիններս պարտավորված՝ իրենց բնակարաններում ընդունում էին եկածներիս: Մեր ընտանիքին բաժին հասավ մի ախոռ: Մի կերպ ապրում էինք: Հայաստանում այդ տարիներին անտանելի էր ձմեռը՝ ավելի քան 40 աստիճան ցուրտ: Դպրոց էի հաճախում, երբ հիվանդացա թոքաբորբով՝ բժիշկ հորաքրոջս տղան մի կերպ Կրեմլի հիվանդանոցից հայթայթեց պենիցիլին, ինչը ինձ փաստորեն փրկեց: Հետո էլ մայրս ընկավ դեպրեսիայի մեջ: Այստեղ 4-րդ դասարանն ավարտելուց հետո, ընտանիքս տեղափոխվեց Սուխում. բժիշկները խորհուրդ էին տվել, որ մայրս անպայման ապրի ծովափնյա քաղաքում: Այնտեղ արդեն շարունակեցի ուսումս հայկական դպրոցում, զուգահեռ «պաբելկա» էի անում, փող վաստակում, որի արդյունքում գնեցի կիթառ եւ դպրոցում հիմնեցի վոկալ-գործիքային անսամբլ: Այդ տարիներին նմանակումներ էի անում, օրինակ, հիշում եմ, թե ինչպես էր ընդունվում իմ կողմից Ռաջ Կապուրի երգի նմանակումը հանրահայտ ֆիլմից: 1958-ին Սուխում եկավ Ժակ Դուվալյանը: Այն տարիներին ես պարզապես գտա ֆրանսահայերի եւ որպեսզի ֆրանսիացու մոտ երգս կատարյալ լինի, հայերեն տառերով գրում էի ֆրանսերեն բառերն ու սովորում: 1961-ին գնացի Կիեւ, ուր հաջորդ տարի եկավ հայկական ջազը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Նա միանգամից ինձ ընդունեց: Ասեմ, որ ստանում էի ղեկավարից ընդամենը 50 ռուբլի պակաս՝ 300 ռուբլի: 62-ն էր, երբ նվագախմբով վերադարձանք հյուրախաղերից ու երկու տարի աշխատելով նվագախմբում, ապրելով «Արմենիա» հյուրանոցում, ունենալով ամեն ինչ, թողեցի- գնացի Լենինգրադ (ըստ արվեստագետների, անտանելի դժվար էր Կ. Օրբելյանի հետ աշխատելը): Այդ տարիներին գրեցի «Լապտերներ» երգը Յուրի Գարինի խոսքերով, որը նույնիսկ ճապոնացիներն էին երգում: 1964-ին այնտեղ հիմնեցի իմ կոլեկտիվը ու համերգային գործունեություն ծավալեցի մինչեւ 71-ը: 1966-ին Լենինգրադ էր եկել Փարիզի հանրահայտ «Օլիմպիայի» տնօրենը՝ Կոկա Թրիքսը ու փնտրել Ժան անունով երգչին: Նրա նպատակն էր տեղի Մյուզիք-հոլլից ընտրել արտիստներ՝ հետագայում «Օլիմպիայում» աշխատելու համար: Ոչ մեկը իմ տեղը չէր մատնանշել նրան, քանի որ ես այդ տարիներին համարվում էի «նե վիեզդնոյ»: Եկավ պահ, երբ իմ սկավառակները արգելեցին ամբողջ Միությունով մեկ: Դրանք միայն Միջին Ասիայում էին վաճառվում… 5 կոպեկով: Հոգնել էի անընդհատ ԿԳԲ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում լինելուց: Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը ժամանակին իմ՝ քաղաքական ենթատեքստ պարունակող «Վազդուշնիյե զամկի» երգը հեռարձակելուց առաջ ներկայացրեց ինձ որպես Խորհրդային Միությունում ճիշտ մտածող ու ստեղծագործող: Երգերիս համար ստանում էի այնքան հոնորար, ինչքան այն տարիներին Բաբաջանյանը, Բասները, Կոլմանովսկին եւ այլք: Կրկնում եմ՝ ամեն ինչ ունենալով, ձեւական ամուսնություն ձեւակերպելով, 71-ին հայտնվեցի Փարիզում՝ ելույթ ունենալով «Ռասպուտին», հետագայում՝ «Մոսկվայի աստղ» եւ «Ցարեւիչ» կաբարեներում: Արդեն 78-ին բացեցի իմ ռեստորան-մինի կաբարեն: 1985-ին Փարիզում հիմնեցի ռեստորան՝ «Սանկտ Պետերբուրգ» անունով: 1994-ին վերջնականապես վերադարձա Լենինգրադ: Այժմ ՌԴ եւ Ֆրանսիայի քաղաքացի եմ, բայց հայկական երգերից երբեք չեմ հեռացել: Այսպիսին է կյանքիս ու բեմական գործունեությանս մինի պատմությունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ