Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշքշուկ՝ պատշգամբի համար

Մարտ 07,2006 00:00

Քաշքշուկ՝ պատշգամբի համար Քաղաքացին 3 տարի չի կարողանում օրինականացնել իր տարածքը Նոր Նորքի 2-րդ միկրոշրջանի Թոթովենցի փողոցի 11 շենքի բնակիչներ Գոհար Պալյանի եւ Շահեն Արզումանյանի 35-ամյա պատշգամբի պատմությունը տիպական է ՀՀ ցանկացած քաղաքացու համար, որը դիմում է Երեւանի քաղաքապետին՝ պատշգամբն օրինականացնելու խնդրով: 2003թ. ապրիլի 28-ին Շահեն Արզումանյանը դիմում է ինքնակամ կառուցված պատշգամբը օրինականացնելու խնդրով, սակայն դիմումը մերժվում է «տեխնիկական եզրակացությունը չլինելու» անմեղ պատճառաբանությամբ: Խնդրին խառնվում է անգամ նախկին օմբուդսմենը, որին քաղաքապետը պատասխանում է. «Քաղաքացի Շ. Արզումանյանի դիմումը պատշգամբն օրինականացնելու վերաբերյալ հնարավոր կլինի վերանայել նրա կողմից տեխնիկական եզրակացություն ներկայացնելուց հետո», այն է՝ 24.000 դրամ վճարում կատարելուց հետո: Միաժամանակ քաղաքապետարանի քաղաքաշինության եւ ճարտարապետության վարչությունում պատասխանել էին, թե սպասում են կառավարության որոշմանը: Սակայն Շ. Արզումանյանը եւ նրա նման «Առավոտին» դիմած բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, թե երբ է լինելու կառավարության խոստացված հատուկ որոշումը բազմաբնակարան շենքերի համար, որոնցում բնակարաններն ունեն տասնամյակներ առաջ կառուցված ինքնակամ պատշգամբներ: Ընդ որում, վիճելի տարածքում ինքնակամ կառուցված պատշգամբներից մի քանիսն արդեն ստացել են պետական գրանցում: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի նախկին օմբուդսմենին տված գրավոր պարզաբանման. «Եթե շենքի գոնե մի բնակիչ օրինականացրել է ինքնակամ կառուցած պատշգամբը, ապա դա նշանակում է, որ շենքի համար ներկայացված է տեխնիկական եզրակացություն»: Հետեւաբար, ինչո՞ւ պիտի քաղաքացիները ամեն մեկն իր պատշգամբի տեխնիկական եզրակացությունը ստանալու համար վճարի 24 հազար դրամ՝ մի գումար, որը պարզ չէ, թե ո՞ր օրենքով կամ ի՞նչ որոշումով է սահմանված: Շենքի 6 քմ պատշգամբները, այդ թվում եւ Շ. Արզումանյանինը, որեւէ տեղաշարժ չեն եղել: Հիմա էլ տեղում են եւ հաշվառված են եղել մինչեւ դրանք օրինականացնելու մասին քաղաքապետի հրահանգը: Այստեղ տեղին է մեջբերել «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների եւ ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետը. «Պատշգամբների, նկուղների, ձեղնահարկերի եւ այլ կառույցների նկատմամբ կարող է ճանաչվել կառույցն իրականացրած անձի սեփականության իրավունքը, եթե նշված շինությունները չեն նվազեցնում շենքի նախագծով սահմանված ամրության ցուցանիշները: Վերջինս որոշելու նպատակով համապատասխան մասնագիտացված ձեռնարկությունների կողմից, որոնց ծառայությունը վճարովի է, կատարվում է շենքի ուսումնասիրություն եւ ներկայացվում է ամբողջ շենքի ամրության ցուցանիշների վերաբերյալ տեխնիկական եզրակացություն»: Ըստ ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանի՝ նույնպես գրավոր մեկնաբանության «Տեխնիկական եզրակացությունն ապահովում է բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը»: Շենքի կառավարման մարմնի՝ Նոր Նորքի համատիրության նախագահ Օ. Հակոբյանի գրությունը, սակայն, որեւէ մեկը ուշադրության չարժանացրեց. «Դեռ մինչեւ 1970-ականները կառուցված պատշգամբը չի խանգարում շենքի սեյսմիկ կայունությանը եւ հետագա շահագործման վտանգ չի ներկայացնում»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել