Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն

Մարտ 07,2006 00:00

Հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները եւս մեկ անգամ վկայում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների ներքին եւ արտաքին քաղաքականության առաջնային խնդիրը շարունակում է մնալ ղարաբաղյան հակամարտության գոտում 1994թ.-ից գոյություն ունեցող ստատուս քվոյի պահպանումը: 1998թ.-ին Լեռնային Ղարաբաղի հարցը շահարկելու միջոցով իշխանությունը զավթած Ռոբերտ Քոչարյանը շարունակում է առաջնորդվել հակամարտության խաղաղ կարգավորման վիժեցմամբ՝ հանուն սեփական իշխանության երկարակեցության, կասեցնելով Հայաստանի բնականոն զարգացումը: Վերջին ութ տարիներին իրականացվող քաղաքականության արդյունքում Հայաստանն անկում է ապրել քաղաքական եւ տնտեսական ոլորտներում. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների, մամուլի ազատության բնագավառում եղած ձեռքբերումների հիմնահատակ ոչնչացումը, շուկայական հարաբերությունների փոխարեն օլիգարխիկ տնտեսության եւ քվազիֆեոդալական հարաբերությունների հաստատումը, տարածաշրջանային խոշոր տնտեսական եւ աշխարհաքաղաքական նշանակության նախագծերից դուրս մղումը, արտագաղթի աննախադեպ ծավալները փոշիացնում են Հայաստանի պետականության կարեւորագույն բաղադրիչները՝ ուղղակիորեն սպառնալով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանը: Հակամարտությունը չկարգավորելու քաղաքականությունը արդարացնելու համար գործող վարչախմբի կամակատար կուսակցությունները եւ հլու-հնազանդ լրատվամիջոցները ծայրահեղ ազգայնականության պատրանք ստեղծելու միջոցով փորձում են ցույց տալ, թե Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու իր հարեւանների հետ խաղաղ գոյակցությանը: Մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, խստորեն դատապարտում ենք Հայաստանի ներկայիս իշխանությունների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չկարգավորելու քաղաքականությունը՝ համոզված լինելով, որ փոխզիջումների հիման վրա արժանապատիվ խաղաղություն հաստատելու ներկայումս ստեղծված հնարավորությունից հրաժարումը հղի է նոր եւ անշրջելի հետեւանքներով Հայաստանի եւ Արցախի համար: Խորապես մտահոգ Հայաստանի պետականությամբ եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագրով, մենք բազմապատկելու ենք մեր ջանքերը Հայաստանում անշրջելի ժողովրդավարություն հաստատելու, Հայաստանը տարածաշրջանային համագործակցության լիարժեք սուբյեկտի վերածելու, տարածաշրջանային եւ կայուն անվտանգություն ապահովելու գործում՝ նպատակ ունենալով Հայաստանը դարձնել եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ: ՀՐԱՉՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ, ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ, ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Երեւան, 06-ը մարտի, 2006թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել