«ՍԱ ՄԵՆՔ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆՔ ՈՐՊԵՍ ԲՌՆԱՃՆՇՈՒՄ» «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի վրա հարձակումը այսպես բնորոշեց կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը: Վարդան Խաչատրյանի ահազանգից անմիջապես հետո «դեպքի» վայր հասնելով՝ մենք եւս ականատես եղանք կատարվածին: Կուսակցության անդամները, որ արդեն հավաքվել էին գրասենյակի մոտ եւ մտածում էին իրենց հետագա քայլերի մասին, այն միանշանակ բնորոշում էին որպես քաղաքական հաշվեհարդար՝ ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ: Օրը ոչ աշխատանքային էր, եւ որեւէ ասուլիս կամ ահազանգ համապատասխան մարմիններին, բառացիորեն, անարդյունք էր լինելու, այնուամենայնիվ, Վարդան Խաչատրյանն ասաց, որ իրենք մտադիր են դիմել դատախազություն եւ Ազգային անվտանգություն, քանի որ անծանոթ մարդու ահազանգով իբր գործողությունները կատարել էին ԱԱ աշխատակիցները: Վարդան Խաչատրյանի պատմածը հետեւյալն էր. «Մոտավորապես ժամը 13.30-ի դրությամբ մեզ զանգեց անհատ քաղաքացի եւ տեղեկացրեց, որ ԿԳԲ-ից Րաֆֆի Հովհաննիսյանի դուռը ջարդում են, եկեք տեսեք ի՞նչ է կատարվում: Որպես շաբաթ օր՝ գրասենյակը փակ էր, եւ գույքը ու ամեն ինչ գրասենյակի ներսում են՝ որպես Րաֆֆի Հովհաննիսյանի սեփականություն, տարածքը վարձակալել է Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ ամառ, վեցերորդ ամիսը: Փաստորեն, դեպքի վայր գալով մենք հասկացանք, որ առանց որեւէ որոշման թատրոնի ղեկավարությունը եկել-ջարդել է դուռը. այդ գործողությունը կատարողները այդպես էին ասում՝ թատրոնի ղեկավարության հրահանգով, ասում էին՝ մեզ հետ ուրիշ երկու մարդիկ էլ կային, գայիք նրանցից հարցնեիք, հիմա մեզնից, որպես կատարողների, ի՞նչ եք հարցնում: Փաստն այն է, որ ջարդել են դրսի կողպեքը եւ ներսից էլաստիկ ճոպանով կողպեք են գցել»: Մեր հարցին՝ ովքե՞ր կարող էին իրենց նման քայլ թույլ տալ, արդյոք որեւէ մեկին կասկածո՞ւմ են կատարվածի համար, Վարդան Խաչատրյանը պատասխանեց. «Այդպիսի բան կարող էր տեղի ունենալ միայն դատարանի որոշմամբ, մենք բոլորս էլ հասկանում ենք, որ բոլոր փաստաթղթերն այնպիսի մակարդակի են, որ միայն դատական վերանայման են ենթակա»: Հետագա քայլերը հետեւյալն էին՝ առաջին հերթին փորձելու էին պարզել, թե ի՞նչ հիմնավորմամբ է նման բան տեղի ունեցել, երբ կուսակցության ներկայացուցչի անգամ չեն հրավիրել. «Այսինքն՝ ամեն ինչ, այսպես կոչված, «գողունովի» տարբերակ է, եւ ուղղակի ինչ-որ քաղաքացի զանգում եւ ասում է, թե ԿԳԲ-ն ջարդում է ձեր գրասենյակի դուռը»: Վարդան Խաչատրյանն ասաց, որ կատարվածը իրենք գնահատում են որպես բռնաճնշում, եւ կարծում են, որ օրը եւս հատուկ է ընտրված՝ հանգստյան օրով են դա կատարել, որ համապատասխան ատյաններին դիմելն ու պատասխան ստանալը եւս դժվար լինի: Այդ օրը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքում չէր, եւ սա եւս մտածելու տեղիք է տալիս. «Լրիվ անհասկանալի է, որ առանց մարդուն տեղյակ պահելու՝ նրա սեփականության հետ նման կոպիտ ձեւերով են վարվում»,- ասաց Վարդան Խաչատրյանը: Վազգեն Սարգսյան 9 հասցեում գտ նվող տարածքը ի սկզբանե վարձակալել էր Րաֆֆի Հովհաննիսյանը իր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համար, ավելի ուշ այս կենտրոնի՝ այլ հասցե տեղափոխվելու կապակցությամբ Հ. Պարոնյանի թատրոնից վարձակալած այս տարածքում տեղավորվեց նորաստեղծ «Ժառանգություն» կուսակցությունը, եւ վարձակալության ժամկետը լրանալու է այս տարվա հունիս ամսին: Թատրոնի տնօրինությունը մոտ 10 օր առաջ է առաջարկել «Ժառանգությանը» ազատել տարածքը՝ ասելով, որ այն այլեւս ըստ համապատասխան օրենքի պատկանում է պետական գույքի կառավարման վարչությանը: «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի տնօրեն Գեւորգ Կալեչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջարկից հետո իրենք դիմել են վարչապետին այդ հարցով. «Եթե այս տարածքը ըստ նամակի պատկանում է այդ վարչությանը, ապա մենք համապատասխան նամակ պետք է ստանայինք նրանցից, ոչ թե թատրոնից»,- ասում է նա: Արդեն շաբաթ օրն առավոտյան թատրոնի տնօրենը հեռախոսազանգով ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալեչյանին տեղեկացրել էր տարածքն անհապաղ ազատելու մասին, վերջինս նախ հիշեցրել է, որ այսօր ոչ աշխատանքային օր է, ապա առաջարկել դիմել դատարան. «Դատարանի որոշումով թող գան մեզ հանեն: Այսինքն՝ պետք է դատարանի որոշում՝ տարածքն ազատելուց առաջ»: Մեզ հետ հեռախոսազրույցում թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանն ասաց. «Քանի որ մեր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ կնքված պայմանագիրը չի ունեցել նոտարական վավերացում եւ անշարժ գույքի կադաստրում գրանցված չի եղել, ուստի Քաղօրենսգրքի 302 հոդվածի համապատասխան՝ այն համարվում է առ ոչինչ, ուստի առաջարկել եմ ազատել տարածքը»,- ասել է պարոն Շահբազյանը: Ասաց նաեւ, ինքը կուսակցության ներկայացուցիչներին խնդրել է սեփական կամքով ազատել տարածքը, բայց վերջիններս հրաժարվել են՝ ասելով. «Եկեք մեզ դուրս հանեք»: Պարոն Շահբազյանը պնդում է, որ «դուրս հանելու խնդիր» չի եղել. «Երկաթապատ դռան կողպեքի բանալիներից մեկը նրանց մոտ է, ընդամենը մեր կողմից եւս մեկ կողպեք է կախվել այնտեղ»: Նա նաեւ վստահեցնում է, որ այս ամենը արվել է միայն թատրոնի աշխատակիցների մասնակցությամբ: Պարոն Շահբազյանը հավելեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, եւ կատարված գործողությունները բացարձակապես կապ չունեն որեւէ քաղաքական պատվերի հետ, թեպետ «Ժառանգության» անդամները իր գործողություններում շարունակ ինչ-որ քաղաքական պատվեր էին փորձում տեսնել: Ասվեց նաեւ, որ տարածքի վարձակալությունը իրականացրել է ոչ թե «Ժառանգություն» կուսակցությունը, այլ Րաֆֆի Հովհաննիսյան անձը, եւ ինքը բազմիցս է ահազանգել, որ կուսակցության գովազդային պաստառները չցուցադրեն այդտեղ: Մինչդեռ, կուսակցության անդամների կարծիքով, սա քաղաքական պատվեր է՝ «Արդեն մի քանի շաբաթ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ սկսված հետապնդումների հերթական քայլը»: Կառավարության լրատվական ծառայությունից երեկ մեզ փոխանցեցին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակը վարչապետը ստացել է եւ համապատասխան հանձնարարական է տրվել մշակույթի նախարարին, պետական գույքի կառավարման վարչությանը, ըստ այդմ եւ հանձնարարվել է տասնօրյա ժամկետում հարցը ուսումնասիրել, ներկայացնել իրավիճակի պարզաբանում՝ գործող կարգին համապատասխան հետագա ընթացքի վերաբերյալ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ