ԿՈՄԿՈՒՍԻՆ Է՞Լ ԵՆ ՀԱԼԱԾՈՒՄ Վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում իշխանություններն ու նրանց սպասարկող քարոզչամիջոցները եթե ոչ համակարգված, ապա տարերային ու նոր քարոզչական արշավ են սկսել ընդդիմադիր կուսակցությունների եւ նրանց ղեկավարների դեմ: Այդ հակաքարոզչության մեկնարկը եղավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի տիկնոջ՝ Արմինե Հովհաննիսյանի ղեկավարած հասարակական կազմակերպությանը «մերկացնող» ռեպորտաժը, որը «Ժառանգության» ներկայացուցիչները որակեցին որպես Ր. Հովհաննիսյանի դեմ քաղաքական հետապնդման փորձ: Երկրորդը, օրերս «Ժառանգության» գրասենյակի փակումն էր, երրորդը՝ «Նոր ժամանակներ կուսակցության» նախագահ Արամ Կարապետյանին օդակայանում մանրակրկիտ զննության ենթարկելու փաստը, իսկ չորրորդը՝ Գորիսում Հայաստանի Կոմկուսի գրասենյակի փակման փաստը: Փետրվարի 23-ին Գորիսի քաղաքապետը առանց ՀԿԿ Գորիսի շրջկոմի քարտուղարին տեղյակ պահելու դուրս էր բերել քաղաքապետարանի շենքում գտնվող Կոմկուսի գրասենյակին պատկանող մեկ սենյականոց տարածքում գտնվող գույքն ու համարել, որ այդ տարածքն այլեւս Կոմկուսինը չէ: Այդ առնչությամբ Կոմկուսի՝ օրերս արած հայտարարությունում ասված է. «Այսպիսին է ներկա մգլած ու կաշալոտային ախորժակով օժտված համակարգը, որը իր գործած սարդոստայնի շոշափուկներում խճճել է ամբողջ Հայաստանը՝ անընդհատ իր մեջ առնելով նոր բնագավառներ, ինչպիսին Գիտությունների ակադեմիան է եւ այլն»: ՀԿԿ Գորիսի շրջկոմի քարտուղարին պարոն Մայսուրյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե կատարվածը «հակակոմունիստական հիստերիայի արդյունք է», որն իրականացվել է, նրա համոզմամբ, Գորիսի քաղաքապետի ու Սյունիքի մարզպետի կողմից: Մայսուրյանի ասելով, 15 օր առաջ՝ փետրվարի 22-ին, Գորիսի քաղաքապետարանի քարտուղար Գագիկ Հայրապետյանը զանգել էր իր տուն, խոսել կնոջ հետ ու ասել, որ «մինչեւ հաջորդ առավոտյան ժամը 9-ը կամ կազատեք սենյակը, կամ գույքը դուրս ենք բերելու փողոց»: Պարոն Մայսուրյանի ասելով, քաղաքապետարանը որոշել էր ՀԿԿ-ի զբաղեցրած մեկ սենյակը տրամադրել վիճակագրական տեսչությանը: Կոմկուսը մինչ այդ էլ քաղաքապետարանի հետ սենյակը վարձակալելու որեւէ պայմանագիր չէր ունեցել, որովհետեւ դեռեւս 1995թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ Կոմկուսին քաղաքապետարանի մեկ սենյակը, որպես գրասենյակի տարածք, անժամկետ հատկացվել էր կուսակցությանը: «Ավելին, ես ամեն տարի քաղաքային իշխանություններին առաջարկել եմ՝ եթե պայմանագիր պետք է կնքվի՝ կնքենք: Բայց ոչ մի անգամ նրանք չեն համաձայնել: Քաղաքապետի քարտուղարի հետ հանդիպման ժամանակ էլ ես ասել եմ, որ պատրաստ եմ ազատել սենյակը, եթե կուսակցությանը տարածք հատկացնեն, որպեսզի ես մեր գույքը կարողանամ տեղավորել: Քաղաքապետի քարտուղարի հետ փետրվարի 22-ին ունեցած զրույցի հաջորդ օրն իսկ կուսակցության գրասենյակի գույքի մի մասը քաղաքապետարանը առանց իմ գիտության, առանց մեզ նախապես տեղյակ պահելու ու առանց նոր տարածք հատկացնելու դուրս էր բերել ու լցրել էր փողոց, մի մասն էլ տեղավորել էին քաղաքապետարանի առաջին հարկում»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց պարոն Մայսուրյանը՝ հավելելով, թե՝ ըստ քաղաքապետի, դա կատարվել էր Սյունիքի մարզպետի հրահանգով: ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի փոխանցմամբ, իրենք առայժմ ձեռնպահ են մնում որեւէ կտրուկ քայլ անելուց ու սպասում են հայտարարության արձագանքին: «Եթե նրանք իրենց սխալը կուղղեն, ապա մենք բարիդրացիաբար կբաժանվենք, եթե ոչ՝ ԿԿ շրջանային կոմիտեն գիտի՝ ինչ կանի»,- փոխանցեց Ռ. Թովմասյանը: Նա նաեւ բացատրեց, թե ինչ է նշանակում «ուղղել սխալը»՝ տեղ հատկացնել ՀԿԿ շրջանային կոմիտեին, որ վերջինս կարողանա աշխատել: Երեկ մենք փորձեցինք տեղի ունեցածի առնչությամբ մեկնաբանություններ ստանալ նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից: Վերջինս մեզ հավաստիացրեց, թե Կոմկուսի գրասենյակի հարցն արդեն լուծված է եւ կոմունիստներին «արդեն ավելի լավ, ավելի լուսավոր սենյակ ենք հատկացրել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ