Վանաձորցի
պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, մինչեւ 50,802 կգ քաշային կարգում IBF-ի չեմպիոն Վախթանգ
Դարչինյանը շարունակում է իր ճանապարհին բառիս բուն իմաստով մեկը մյուսի հետեւից
շարքից դուրս բերել մրցակիցներին՝ պաշտպանելով իր չեմպիոնական գոտին: Հերթական
զոհը IBF-ի կողմից նշանակված թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական կոչման պարտադիր
հավակնորդ ֆիլիպինցի Դիոսադո Գաբին էր: Դեռ Սանտա-Անայի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) «Չումաշ»
կազինոյում կայանալիք 12 ռաունդանոց մենամարտից առաջ, որը ուղիղ հեռարձակմամբ Հայաստանում
ցուցադրվեց «Շանթ» հեռուստաընկերության եթերում, Վախթանգն իր երկրպագուներին խոստացել
էր մարտն ավարտել ժամանակից շուտ: Ու տղամարդու պես տեր կանգնեց խոսքին: Հենց սկզբից
ֆիլիպինցին, որ վերջին չորս տարում չէր ճաշակել պարտության դառնությունը, ավելին,
երբեք ժամկետից շուտ չէր պարտվել, բախվեց Դարչինյանի ձախ ձեռքի հուժկու հարվածներին:
Եվ հենց այդ ձախ ձեռքն էլ իր «սեւ» գործն արեց ութերորդ ռաունդում՝ ռինգի հատակին
տապալելով Դիոսադոին: Ճիշտ է, նա ի վերջո կարողացավ մի կերպ ոտքի կանգնել, սակայն
մրցավարը որոշեց, որ այդ օրն ստացածն արդեն իսկ բավական է ու տեխնիկական նոկաուտ
գրանցեց: Այժմ Վախթանգ Դարչինյանի «ծառայողական ցուցակն» այսպիսին է. 25 մենամարտ,
25 հաղթանակ, որից 20-ը նոկաուտով, 0 ոչ-ոքի, 0 պարտություն: Վիկ Դարչինյանի
այս հաղթանակից հետո պրոֆեսիոնալ բռնցքամարտում, այսպես կոչված, «մոծակների» քաշային
կարգը դառնում է «ամենալարվածներից մեկը»: Դարչինյան, Արսե, Վոնյոնգկամ, Պարրա, Նարվաեզ,
Կամեդա, Պաչեկո, որը նույն Դարչինյանից կրած ծանր պարտությունից հետո կրկին ռինգ
է վերադառնում… Ահա ուժեղագույնների ոչ լրիվ ցանկը, ովքեր պատրաստ են պատերազմել
դիվիզիոնում լավագույնի դերն ստանձնելու համար: Ո՞վ է լինելու Վիկի հաջորդ
մրցակիցը: Ամենայն հավանականությամբ՝ մեքսիկացի Խորխե Արսեն, որն իր հայտարարություններից
մեկում ասել է. «Ես IBF-ի եւ IBO-ի չեմպիոնն եմ եւ այդ տիտղոսները խլել եմ Իրեն Պաչեկոյից:
Երբ նա էր չեմպիոնը, բոլորը փախչում էին նրանից: Ինձ հետ մենամարտելուց հրաժարվեց
Վիլորիան»: Անդրադառնալով Արսեի այս խոսքերին, Վախթանգն ասել է. «Իսկ ինչո՞ւ են Արսեն
ու նրա թիմը Վիլորիային հրավիրում: Որովհետեւ վախենում են ինձնից: Բայց ապագայում,
երբ ես կմիացնեմ բոլոր գոտիները, ինձ չնկատել այլեւս հնարավոր չի լինի: Արսե, արի
մենամարտենք Ալվարեսի հետ քո հանդիպումից հետո»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ