Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարությունները տեղի կտան»

Մարտ 07,2006 00:00

Ըստ Ստամբուլի «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի տնօրեն Ուլրիկե Դուֆների, այդպես կլինի, եթե ժողովուրդները ցանկանան շփվել եւ հաշտվել:

«Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Ստամբուլի եւ Թբիլիսիի գրասենյակները՝ Երեւանի լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի (ԼԿԻ) աջակցությամբ նախօրեին Երեւանում անցկացրել էին «Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի ժողովուրդները միմյանց աչքերով» թեմայով սեմինար: Երեկ ԼԿԻ-ում լրագրողները հանդիպեցին սեմինարի մասնակիցների հետ: Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցիչները ասուլիսին ներկա չէին: ԼԿԻ տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այս առիթով պարզաբանեց. «Իրենք աշխատել են մեզ հետ, բայց հասկանալի պատճառներով չցանկացան մասնակցել ասուլիսին»:

«Հ. Բյոլ» հիմնադրամի Թբիլիսիի գրասենյակի ծրագրերի կոորդինատոր Նինո Լեժավան ասաց, որ իրենց նպատակն է գտնել ընդհանուր հետաքրքրություններ՝ հատկապես մշակութային երկխոսություն ծավալելու նպատակով: Նույն հիմնադրամի Ստամբուլյան գրասենյակի տնօրեն Ուլրիկե Դուֆները հայերեն բարեւելուց հետո ասաց, որ 4 երկրների մշակութային ոլորտների եղած նմանություններն ու տարբերությունները հնարավորություն կտան համգործակցության եզրեր գտնելու: Նա նաեւ հույս հայտնեց, որ գուցե միմյանց մասին եղած տեղեկատվական բացը կլրացվի առաջիկայում: Ասուլիսին ներկա էր նաեւ թուրք լուսանկարիչ Օզջան Յուրդալան: Նա ասաց, որ լուսանկարչությունը բոլորի համար հասկանալի լեզու է եւ համատեղ ցուցահանդեսներ կազմակերպելիս, եթե, իհարկե, բարություն ու բարեկամություն սերմանող լուսանկարներ ցուցադրվեն, բոլոր 4 երկրները միայն կշահեն: «Այստեղ տեսնելով մեծաթիվ լրագրողների, հասկանում եմ, թե որքան կարեւորություն եք տալիս Կովկասում խաղաղությանը»,- նշեց պրն Յուրդալան:

«Առավոտը» հետաքրքրվեց, սեմինարի մասնակիցները եղե՞լ են թանգարաններում եւ արդյո՞ք այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Լուսանկարիչը հայտնեց, որ այցելել են ոչ միայն մշակութային օջախներ, այլեւ փողոցում շփվել սովորական մարդկանց հետ: «Երբ զրուցում էինք նկարավաճառների, թեյավաճառների կամ մսավաճառների հետ, բոլորն էլ մեզ լավ էին վերաբերվում՝ տեղեկանալով, որ Թուրքիայից ենք… Եղել ենք նաեւ Ցեղասպանության թանգարանում, տեսել Օպերայի եւ բալետի շենքը, մագլցել Կասկադի բարձունքը, որտեղից դիտել ենք Արարատն ու ողջ քաղաքը, համտեսել ենք հայկական ուտեստներ, գինի, օղի»,- շարունակեց Օ. Յուրդալան: Ստամբուլցի երաժիշտ Այշե Թութունջուն էլ պատմեց, որ սիրով կատարում է Արամ Խաչատրյան, իսկ Կոմիտաս՝ հենց Ստամբուլում է ուսումնասիրել: Լրագրողի հարցին՝ տեղյա՞կ են Հին Ջուղայում իրականացված վանդալիզմին, թուրք պատվիրակները զգուշորեն պատասխանեցին, թե տեղեկություն չունեն: Բայց ասացին, որ վատ է, երբ որեւէ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ ոտնձգություն է կատարվում: Հարցին՝ չեն վախենում, որ Ցեղասպանության թանգարան գնալը կշահարկվի Թուրքիայում եւ այնտեղ հետագայում գուցե խնդիրներ ունենան, Ու. Դուֆները պատասխանեց. «Եղել ենք Ցեղասպանության թանգարանում, մեզ հետ են եղել նաեւ մեր ադրբեջանցի գործընկերները: Թուրքիայում չկա այնպիսի օրենք, որ արգելում է մարդկանց այցելել թանգարան»: Տիկ. Դուֆները համոզված է, որ չպետք է սպասել, թե պետականորեն ինչպիսի քայլեր կձեռնարկվեն. «Հ/կ-ների, մշակույթի գործիչների մակարդակով շփումները կարեւորում եմ: Եթե ժողովուրդներն ուզենան շփվել ու հաշտվել, կառավարությունները ստիպված կլինեն տեղի տալ»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել