Ժան
Թաթլյանը վերադառնում է ակունքներին Մարտի 8-ին «Երգում է 70-ականների Երեւանը»
նախագծի հեղինակ Վազգեն Ասատրյանը Ազգային օպերային թատրոնում կներկայացնի իր նոր
նախագիծը՝ մասնակցությամբ հայ եւ սփյուռքահայ երգիչների, որոնց թվում է աշխարհահռչակ
երգիչ Ժան Թաթլյանը: «Առավոտը» հանդիպեց ճանաչված երգչին: Վերջինս խոստովանեց,
որ իր բեմական գործունեության ընթացքում սա առաջին հայերեն հարցազրույցն է, հուսալով,
որ հայ լրագրողը իր հոլիվուդցի կոլեգաների նման, առաջինը չի հետաքրքրվի, թե ինքն
ո՞ւմ հետ է ամուսնացած: Պատասխանելով իր իսկ հարցին, Ժ. Թաթլյանը նշեց, որ ինքը ունի
նորմալ սեռական կողմնորոշում եւ ամուսնացած է իգական սեռի ներկայացուցչի հետ: –
Տարիների բացակայությունից հետո անգամ, ձեզ ու ձեր արվեստը հիշում են սիրով: Բայց,
բացի ռադիոյի ֆոնդում եղած մի քանի ձայնագրություններից ու, եթե չենք սխալվում, հեռուստատեսությունում
մեկ տեսագրությունից, ոչինչ պահպանված չէ: – Մինչ օրս, չգիտես ինչու, ինձ
շփոթում են ֆրանսահայ երգիչ Ժակ Դուվալյանի հետ: Երեւի այն պատճառով, որ մտերիմ բարեկամներ
ենք: Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ առանց խառնուրդի հայ եմ, բախտավոր դժբախտներից
մեկը: Եղեռնից հետո ծնողներս հաստատվել են Հունաստանում: Ապա 47-ին, երբ ընդամենը
5 տարեկան էի, ներգաղթել ենք Հայաստան: Ճիշտն ասած, ես միշտ մեղադրել եմ ծնողներիս,
թե ինչու այն ժամանակ ինձնից՝ փոքրիկիցս թույլտվություն չհարցրին հայրենիք վերադառնալու
համար: Բացատրեմ ասածս: «Կեցցե Սովետների եղբայրությունը» լոզունգի տակ այդ տարի
հայաստանցիներին նեղում էին, վերջիններս պարտավորված՝ իրենց բնակարաններում ընդունում
էին եկածներիս: Մեր ընտանիքին բաժին հասավ մի ախոռ: Մի կերպ ապրում էինք: Հայաստանում
այդ տարիներին անտանելի էր ձմեռը՝ ավելի քան 40 աստիճան ցուրտ: Դպրոց էի հաճախում,
երբ հիվանդացա թոքաբորբով՝ բժիշկ հորաքրոջս տղան մի կերպ Կրեմլի հիվանդանոցից հայթայթեց
պենիցիլին, ինչը ինձ փաստորեն փրկեց: Հետո էլ մայրս ընկավ դեպրեսիայի մեջ: Այստեղ
4-րդ դասարանն ավարտելուց հետո, ընտանիքս տեղափոխվեց Սուխում. բժիշկները խորհուրդ
էին տվել, որ մայրս անպայման ապրի ծովափնյա քաղաքում: Այնտեղ արդեն շարունակեցի ուսումս
հայկական դպրոցում, զուգահեռ «պաբելկա» էի անում, փող վաստակում, որի արդյունքում
գնեցի կիթառ եւ դպրոցում հիմնեցի վոկալ-գործիքային անսամբլ: Այդ տարիներին նմանակումներ
էի անում, օրինակ, հիշում եմ, թե ինչպես էր ընդունվում իմ կողմից Ռաջ Կապուրի երգի
նմանակումը հանրահայտ ֆիլմից: 1958-ին Սուխում եկավ Ժակ Դուվալյանը: Այն տարիներին
ես պարզապես գտա ֆրանսահայերի եւ որպեսզի ֆրանսիացու մոտ երգս կատարյալ լինի, հայերեն
տառերով գրում էի ֆրանսերեն բառերն ու սովորում: 1961-ին գնացի Կիեւ, ուր հաջորդ
տարի եկավ հայկական ջազը՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Նա միանգամից ինձ
ընդունեց: Ասեմ, որ ստանում էի ղեկավարից ընդամենը 50 ռուբլի պակաս՝ 300 ռուբլի:
62-ն էր, երբ նվագախմբով վերադարձանք հյուրախաղերից ու երկու տարի աշխատելով նվագախմբում,
ապրելով «Արմենիա» հյուրանոցում, ունենալով ամեն ինչ, թողեցի- գնացի Լենինգրադ (ըստ
արվեստագետների, անտանելի դժվար էր Կ. Օրբելյանի հետ աշխատելը): Այդ տարիներին գրեցի
«Լապտերներ» երգը Յուրի Գարինի խոսքերով, որը նույնիսկ ճապոնացիներն էին երգում:
1964-ին այնտեղ հիմնեցի իմ կոլեկտիվը ու համերգային գործունեություն ծավալեցի մինչեւ
71-ը: 1966-ին Լենինգրադ էր եկել Փարիզի հանրահայտ «Օլիմպիայի» տնօրենը՝ Կոկա Թրիքսը
ու փնտրել Ժան անունով երգչին: Նրա նպատակն էր տեղի Մյուզիք-հոլլից ընտրել արտիստներ՝
հետագայում «Օլիմպիայում» աշխատելու համար: Ոչ մեկը իմ տեղը չէր մատնանշել նրան,
քանի որ ես այդ տարիներին համարվում էի «նե վիեզդնոյ»: Եկավ պահ, երբ իմ սկավառակները
արգելեցին ամբողջ Միությունով մեկ: Դրանք միայն Միջին Ասիայում էին վաճառվում…
5 կոպեկով: Հոգնել էի անընդհատ ԿԳԲ-ի աշխատակիցների ուշադրության կենտրոնում լինելուց:
Օրինակ, «Ազատություն» ռադիոկայանը ժամանակին իմ՝ քաղաքական ենթատեքստ պարունակող
«Վազդուշնիյե զամկի» երգը հեռարձակելուց առաջ ներկայացրեց ինձ որպես Խորհրդային Միությունում
ճիշտ մտածող ու ստեղծագործող: Երգերիս համար ստանում էի այնքան հոնորար, ինչքան այն
տարիներին Բաբաջանյանը, Բասները, Կոլմանովսկին եւ այլք: Կրկնում եմ՝ ամեն ինչ ունենալով,
ձեւական ամուսնություն ձեւակերպելով, 71-ին հայտնվեցի Փարիզում՝ ելույթ ունենալով
«Ռասպուտին», հետագայում՝ «Մոսկվայի աստղ» եւ «Ցարեւիչ» կաբարեներում: Արդեն 78-ին
բացեցի իմ ռեստորան-մինի կաբարեն: 1985-ին Փարիզում հիմնեցի ռեստորան՝ «Սանկտ Պետերբուրգ»
անունով: 1994-ին վերջնականապես վերադարձա Լենինգրադ: Այժմ ՌԴ եւ Ֆրանսիայի քաղաքացի
եմ, բայց հայկական երգերից երբեք չեմ հեռացել: Այսպիսին է կյանքիս ու բեմական գործունեությանս
մինի պատմությունը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ